Սրբերը տարածությունները ջնջում են

Սրբերը տարածությունները ջնջում են

– Հա՛յր, Սինայի վանահայր սուրբ Գևորգը Սինայից ինչպե՞ս հայտնվեց Երուսաղեմում ու այնտեղ Սուրբ Հաղորդություն ստացավ(1):

– Մի անկնթարթում գնաց ու վերադարձավ: Հափշտակվեց:

– Նա միևնույն ժամանակ նաև իր խցո՞ւմ էր:

– Ոչ, խցում չէր. մի քանի վայրկյանում հայտնվեց Երուսաղեմում, հաղորդվեց ու մեծ արագությամբ վերադարձավ Սինայ:

– Նա թռչո՞ւմ էր, հա՛յր:

– Super բենզին էր լցրել: Հոգևոր տոմսո՛վ էր թռչում:

– Ինչպե՞ս է հնարավոր, հա՛յր, որ սուրբը միևնույն ժամանակ երկու վայրում գտնվի:

– Միայն Աստված է ամենագո. սրբերն այնպիսի արագությամբ են մի վայրից մյուսը տեղափոխվում, որ տարածությունները վերանում են. նրանց համար հեռու ու մոտ տարածություն չկա: Երբ ես պառկած էի տուբերկուլյոզով հիվանդների առողջարանում, ինձ հետ մի խեղճ մարդ էր պառկած: Անունը Խարլամպոս էր, երկար տարիներ հիվանդ էր: Նա նույնիսկ այնտեղ աշխատող մի բուժքրոջ հետ էր նշանվել: Այն ժամանակ բժիշկները տուբերկուլյոզը բուժելու միջոցներ չունեին, և նրան մահ էր սպառնում: Նրա մայրը սուրբ Պարասկևայի վանքը գնաց՝ իր վշտի համար աղոթելու: Խարլամպոսն այդ ժամանակ վերակենդանացման բաժանմունքում էր պառկած, և ոչ մեկի չէին թողում նրա մոտ, անգամ՝ հարսնացուին: Եվ ահա մայրը զանգահարում է հարսնացուին ու ասում. «Մի՛ անհանգստացիր: Սուրբ Պարասկևան ինձ ասաց, որ Խարլամպոսը կապաքինվի: Եվ ավելացրեց, որ հիմա էլ Լամիայի առողջարան է գնում, քանի որ այնտեղ ևս վտանգի մեջ հայտնված մարդ կա»: Այդ նույն պահին Խարլամպոսի վիճակը սկսեց լավանալ: Բուժքույրը զանգահարեց Լամիա և այնտեղից նրան ասացին, որ այն նույն ընթացքում կրիտիկական վիճակում գտնվող մի հիվանդ ինչ-որ հրաշքով սկսել է ապաքինվել: Ինչպիսի՜ արագությամբ էր տեղաշարժվում սուրբ Պարասկևան: Մեքենան ցրիվ կգար, եթե նման արագությամբ ընթանար: Իսկ սրբուհին ո՛չ բենզին այրեց, ո՛չ անիվներ մաշեց:

1. Գևորգ Սինայեցին (†544) Զատկին ցանկացավ Երուսաղեմի Սուրբ Հարության տաճարում Հաղորդություն առնել: Սուրբ Հաղորդության պահին իր խցում գտնվելով՝ հայտնվեց Սուրբ Հարության տաճարում և Հաղորդություն ստացավ Երուսաղեմի պատրիարքից:

Պաիսիոս Աթոսացի

Ռուսերենից թարգմանեց Էմիլիա Ապիցարյանը

Աղբյուր՝ Surbzoravor.am

Հետևեք մեզ նաև Telegram-ում