Գերմանացի Վագները՝ Հայաստանում․ Ի՞նչ տեսավ հայտնի գիտնականը 1840-ականների Երևանում

Գերմանացի Վագները՝ Հայաստանում․ Ի՞նչ տեսավ հայտնի գիտնականը 1840-ականների Երևանում

Իր հարուստ պատմությամբ Երևանը կարողացել է գրավել է տարբեր ժամանակներում ներկայիս Հայաստանի տարածքով անցնող ճանապարհորդներին և գիտնականներին։ Մեր մայրաքաղաքի զարգացումը սկսվեց հատկապես 19-րդ դարում, և հենց այդ շրջանում շատացավ ճանապարհորդների հոսքը դեպի Երևան։ 1856 թվականին հաստատվում է քաղաքի առաջին հատակագիծը, որից հետո քաղաքում սկսում են կառուցվել կրթօջախներ և գործարաններ։ Քաղաքը կամաց-կամաց սկսում է զարգանալ։ Սակայն աշխարհաքաղաքական ինչ-ինչ իրադարձությունները չէին կարող չազդել նաև Երևանի ու Երևանում ապրող մարդկանց վրա։ 19-րդ դարի առաջին կեսին Երևանի կարգավիճակն այդքան էլ լավ չէր։ Հատկանշական է, որ այդ շրջանի մասին հետաքրքիր տեղեկություններ կան օտարազգի ճանապարհորդների հուշերում ու աշխատություններում։ Այդ ցանկում բացառիկ է գերմանացի ճանապարհորդ և աշխարհագրագետ, Մյունխենի համալսարանի դասախոս Մորից Վագների «Ճանապարհորդություն դեպի Արարատ և Հայկական բարձրավանդակ» աշխատությունը։

1843 թվականին Վագները լինում է Երևանում և այստեղ ծանոթանում է հայ անվանի գրող Խաչատուր Աբովյանի հետ։ Աբովյանը նրա թարգմանիչն էր, ուղեկիցը, ում հետ միասին նրանք բարձրացան նաև Արարատ լեռն ու այնտեղ չափագրություններ իրականացրեցին։ Վագները լինում է նաև Սևանում։ Հատկանշական է, որ մեծ գիտնականի համար Հայաստանը բացառիկ էր։ Այդ մասին խոստովանում է անգամ ճանապարհորդը․ «Դեպի Ասիա կատարած իմ երեքամյա թափառումների և Արևելքում անցկացրած կյանքիս մեջ ճամփորդությանս ամենասիրելի հիշողություններն ստացել ու պահել եմ Հայաստանից, որպես արդյունք այնտեղ ունեցած իմ ապրումների ու ձեռք բերած ծանոթությունների»։

Հայաստանում տեսած հրաշալիի հետ մեկտեղ՝ Վագները ներկայացնում էր նաև այդ ժամանակաշրջանի Երևանի վատ վիճակը։ Վագներն իր «Ճանապարհորդություն դեպի Արարատ և Հայկական բարձրավանդակ» գրքում ներկայացնելով Երևանի կարգավիճակը, նաև վերլուծություններ է կատարում ու ցույց տալիս մի շարք իրողություններ, որոնք ինքնատիպ ոճով որսում է օտարազգի գիտնականի աչքը․

«Դեպի Ասիա կատարած իմ երեքամյա թափառումների և Արևելքում անցկացրած կյանքիս մեջ ճամփորդությանս ամենասիրելի հիշողություններն ստացել ու պահել եմ Հայաստանից, որպես արդյունք այնտեղ ունեցած իմ ապրումների ու ձեռք բերած ծանոթությունների»։ «Այն ժամանակից սկսած, երբ Ռուսաստանն իր երկգլխանի արծիվը մինչև Երևանի հովիտն առաջացրեց և իր տխրահռչակ մաքսային սիստեմն անդրկովկասյան նահանգների վրա ծավալեց, այդ ժամանակից էլ այս երկրամասի տարանցիկ առևտուրը, որ առաջ ծաղկած վիճակում էր, բոլորովին քայքայվեց։ Պարսկաստան-Վրաստան ճանապարհի մեջտեղն ընկած լինելով` Երևանի իջևանները մշտական եռուզեռի մեջ էին բազմաթիվ առևտրականների և քարավանների շնորհիվ։ Բեռնակիր ձիերը շարունակ խրխնջում էին քարվանսարայներում, ուղտերը` մանջում առևտրական իջևանների ընդարձակ, իսկ այժմ ամայի ու մեռած բակերում։ Շուկան լի էր ապրանքներով, շրջակայքի գյուղացիներն այնտեղ իրենց կենսամթերքներն էին վաճառում լավ գներով, իսկ ով որ գրաստ ուներ, հենց դրանով էլ ի վիճակի էր լավ փող վաստակելու… Ծագումով հայ, իշխան Բեհբութովը, որ առաջ տարիներ շարունակ այստեղի նահանգապետն էր, եղել էր երկրի ամենավատթար կողոպտիչը և բռնապետը։ Ամբողջ ժողովուրդը միաբերան անիծում էր նրան, որպես նահանգի պատուհաս։ Եվ ոչ մի փաշա, ոչ մի սարդար աղքատ գյուղացու քրտինքից այսչափ ոսկե դրամ չի հանել, որչափ այս հայը։ Իր դժբախտ հայրենակիցները նրա բավական երկարատև և դաժան վարության տակ անհավատալիորեն շատ են տանջվել։ Յուրաքանչյուր ոք այն ժամանակ երազել է միայն այն մասին, որ վերադառնա պարսից իշխանություն… Այդ մարդու բռնության ահից ամենքի լեզուն կապված է եղել… Գավառական բոլոր պաշտոնյաները նրա երկրպագուներն էին, որովհետև նրանք ազատ էին իրենց շրջաններում ուզածի պես ճնշելու ժողովրդին, միայն թե իրեն լիովին վճարեին ստացված պաշտոնների համար պահանջված գումարները»։ (Հատված` Սերգեյ Վարդանյանի «Հայաստանի մայրաքաղաքները» գրքից։ Երևան, 1996 թվական, էջ 219-220)։

Պետք է ընդգծել, որ Վագների համար զինվորական Վասիլ Բեհբութովը կողոպտիչ էր ու բռնապետ։ Իր գրքում հենց այդպես է ներկայացրել գիտնականը։ Ընդհանրապես Բեհբութովի մասին շատ են բացասական կարծիքները։ Պետք է ընդգծել, որ զինվորականի հետ լավ հարաբերություններ չուներ նաև Խաչատուր Աբովյանը։ Այս դեպքում կարելի է և ենթադրել, որ Վագների համար Բեհբութովի տեսակի բացահայտման հիմքում կարող էր կանգնած լինել և Խաչատուր Աբովյանը, ով Վագների ուղեկիցն էր ու թարգմանիչը։ Սակայն աշխարհագրագետի համար բավական կլիներ անգամ իր աչքի տեսածն ու ականջի լսածը։ Որը հիմք կծառայեր այդ մասին գրելու համար։ Սա ևս մեկ անգամ ցույց է տալիս, որ սովորաբար մեր թշնամիները դուրս են գալիս հենց ազգի ծոցից։ Սա ազգային ֆենոմեն է, բացառիկություն, որով մենք հավիտենական կյանք ենք տալիս Նժդեհի ձեռամբ սրբագրված «հայ տականքի անմրցելիության» մարգարեական խոսքերին։

Ժամանակներն առաջ են շարժվում, սակայն ազգային դիմագիծը չի փոխվում և շարունակում է պահպանել իր երանգը։ Արդյունքում՝ օտարազգի մտածողներն ամեն անգամ կարողանում են որսալ այն իրականությունը, որ մեր ազգի համար չարիք է հենց ազգի որդին։ Դա բացարձակ ճշմարտություն է։ Որը դուրս է եկել ազգային էպոսից։ Ուստի դրա դեմ պայքարելն անիմաստ է, քանի որ մենք այսպիսին ենք։

Զ․ Շուշեցի

Աղբյուր՝ 168.am

Հետևեք մեզ նաև Telegram-ում