Հիսուն համերգ, փառատոններ, ձայնագրություններ. Սիմֆոնիկը հագեցած համերգաշրջան է խոստանում

Հիսուն համերգ, փառատոններ, ձայնագրություններ. Սիմֆոնիկը հագեցած  համերգաշրջան է խոստանում

ԵՐԵՎԱՆ, 14 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը 15-րդ հոբելյանական համերգաշրջանին հանդես կգա հիսուն համերգային ծրագրով, կկազմակերպի «Արմենիա», Խաչատրյանի միջազգային և Հայ կոմպոզիտորական արվեստի փառատոնները: Նվագախումբը կյանքի կկոչի երկու հատուկ նախագիծ, երկու ձայնագրություն: Սիմֆոնիկը նաև կմեկնի հյուրախաղերի` հնչեցնելով հայ և օտարազգի կոմպոզիտորների գործերը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` համերգաշրջանը կմեկնարկի սեպտեմբերի 15-ին` Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում:

Այս մասին սեպտեմբերի 14-ին հրավիրված մամուլի ասուլիսում հայտնեց նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը` ընդգծելով, որ համերգին կատարելու են երեք հատված Տիգրան Մանսուրյանի «Ձյունե թագուհին» բալետից և Անտոնին Դվորժակի 9-րդ սիմֆոնիան:

«Մեզ համար շատ արժեքավոր է մաեստրոյի «Ձյունե թագուհին»: Այն մեր նվագախմբի սիրած ստեղծագործություններից է: Մեզ համար խորհրդանշական է համերգաշրջանն այդ գործով բացելը, և առանց մաեստրոյի չենք պատկերացնում մեր կյանքն այսուհետ, իսկ Դվորժակի 9-րդ սիմֆոնիան երևի թե ամենահայտնի սիմֆոնիկ գործերից է, որի բովանդակությունն ու գաղափարական իմաստը մեզ ոգեշնչում է»,- ասաց Սմբատյանը:

Տիգրան Մանսուրյանն էլ հիշեցրեց, որ անցյալ տարին իր համար հոբելյանական էր, և Սիմֆոնիկ նվագախումբը մշտապես իր կողքին էր բոլոր միջոցառումների ընթացքում: «Մենք հաճելի ճամփորդեցինք Արցախից մինչև Գյումրի: Փառավոր էր Ստեփանակերտի բացօթյա համերգը: Դա տոնական օր էր և´ հանդիսատեսի, և´ երաժիշտների համար: Գյումրիի Սև բերդի համերգը նույնպես տպավորիչ էր»,-ընդգծեց կոմպոզիտորն ու հավելեց, որ Սիմֆոնիկ նվագախմբի հետ աշխատանքի արդյունքում շուտով Լոնդոնում կթողարկվի ձայնագրություն, որը հնարավորություն կտա նոր գործիքավորմամբ ունկնդրել իր կինոերաժշտությունը:

Մարզահամերգային համալիրի ղեկավար Կարեն Ղազարյանն էլ ասաց, որ համալիրն այսուհետև նաև դասական երաժշտության հարթակ է լինելու:

«Երբ ես ստանձնեցի այս պաշտոնը, առաջին պահանջն այն էր, որ Սիմֆոնիկ նվագախումբն իր տեղը գտնի համալիրում, ցանկացա, որ համալիրը դառնա տուն Սիմֆոնիկի համար: Հատկապես ակուստիկայի առումով մեր բեմը հրաշալի է սիմֆոնիկ երաժշտության համար»,- շեշտեց նա:

Անդրադառնալով Մանսուրյանի և նվագախմբի համատեղ ձայնագրությանը, որը թողարկվելու է Լոնդոնում, նա տեղեկացրեց, որ այդ ձայնագրության հիմա վրա Մանսուրյանին նվիրված ֆիլմ-համերգ են պատրաստելու:

Հետևեք մեզ նաև Telegram-ում