Աշոտ Ավդալյան. Եվ ծվատված ամբողջություն կա քարացած ձեր սրտի մեջ…

Աշոտ Ավդալյան. Եվ ծվատված ամբողջություն կա քարացած ձեր սրտի մեջ…

Եվ ծվատված ամբողջություն կա քարացած ձեր սրտի մեջ,
Ուր դաշտերը իրարանցման մեջ կարող են փրկել սերմեր,
Եվ որ լույսը մանկությունից ունի անհույս սրտի արատ
Եվ թուլակազմ գիշերներ է թողնում որպես ծուռ հետնորդներ։

Անփառունակ երազներ են միանում մեր արյան վազքին,
Եվ արևը մղում է մեզ ճառագայթի նոր համախումբ,
Եվ արբունքի պայծառացման հեշտանքներ են զոհվում ծեգին,
Եվ տրվում է արեգակը որպես վիշտ ու զոհաբերում։

Կարմրադեմ կանայք ունեն վշտի խոնարհ արբեցումներ,
Ստինքների մի նոր աշխարհ և կրքերի նոր հավելում,
Եվ մտնում են վշտի խորքը, և դառնում են խոնարհ տերեր,
Եվ ծնվում է արեգակի մայրությունը որպես հատնում։

Եվ ծնվում են հողի խորքում, երգեր, որոնք չեն ծանակվում,
Եվ արբունքի մեջ է փայլում արեգակի կարմիր զրահն,
Պարփակվում են երազները, արյան վիշտը թողած հեռվում,
Եվ ծնվում է կնոջ հոգին, իսկ մարմինը կործանում, մահ։

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում