Նորայր Գրիգորյան. Բաց դուռդ

Նորայր Գրիգորյան. Բաց դուռդ

Քո վերադարձն արթնացրեց
լքված փողոցների հիշողությունը
տարվա եղանակների մասին:
Հիմա աշուն է, ու բոլոր հրաժեշտները
թռչունների տեսքով
հավաքվել են ծառերին:
– Բա՛ց դուռդ, Երկնավո՛ր,
Քո բաժին հրաժեշտն ամենացավոտն է:
Քո բաց դռնով մի օր անձրևները ձյուն,
ձյուները սառնամանիք կդառնան,
մինչև արեգակի կանաչ արցունքները
կջերմացնեն երկիրը:
Թաքուն լսեցի, որ Դու էլ
ջերմության կարիք ունես, Տե՛ր:
Բա՛ց դուռդ, ու դեղին, ոսկեդեղին
անցյալը կծվարի շեմիդ:
Այնտեղ ոտնաձայներ կան,
որոնցից դեղինն ու ոսկեդեղինը
ջերմացել են, և ահա Քո շեմին
նրանց վերադարձը գուցե արթնացնի
ծերացող երկնքի հիշողությունը.
չէ՞ որ ամեն ինչ այնտեղից է իջել ներքև,
և Դու վերևում մնացել ես մենակ:
Բա՛ց դուռդ, Երկնավո՛ր,
Քո բաժին հրաժեշտն ամենացավոտն է,
չէ՞ որ հիմա աշուն է,
և բոլոր հրաժեշտները
թռչունների տեսքով
հավաքվել են Քո շեմին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում