Հուսով եմ ԱԺ թեթև ձեռքով օրենքը կմտնի ուժի մեջ.Գևորգ Գորգիսյան

Հուսով եմ ԱԺ թեթև ձեռքով օրենքը կմտնի ուժի մեջ.Գևորգ Գորգիսյան

ԵՐԵՎԱՆ, 18 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, Panorama.am: «Հուսով եմ ԱԺ թեթև ձեռքով օրենքը կմտնի ուժի մեջ և մենք կսկսենք ֆիլմարտադրության նոր դարաշրջանը»,- ԱԺ նիստում հայտարարեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Գորգիսյանը՝ պաշտպանելով իր կուսակից Աննա Կոստանյանի համահեղինակած «Կինեմատոգրաֆիայի մասին» նոր օրենքը:

Պատգամավորը հիշեց հայտնի ֆիլմերից մեկում հնչած խոսքը, որ այն, ինչի մասին ֆիլմ նկարված չէ՝ մարդիկ չգիտեն և հավելեց, որ եթե ուզում են հայկական մշակույթը ներկայացնել աշխարհին, ապա ավելի ուժեղ գործիք քան ֆիլմերն են, գոյություն չունեն:

Ըստ Գորգիսյանի, տարիներ շաունակ եղել է մի համակարգ, երբ գումարներ են ուղղվել ֆիլմերի արտադրությանը, կինեմատոգրաֆիայի զարգացմանը, բայց դրանք փակ ցիկլերով պտտվել են և արդյունքներ չեն տվել:

«Վերջին 30 տարիների ընթացքում մի ձեռքի մատների վրա կարելի է հաշվել այն ֆիլմերը, որոնք կարելի է նայել և վայելել»,- հայտարարեց պատգամավորը և շեշտեց, որ այն խնդիր է, քանի որ Հայաստանը ունի մշակույթ, աշխարհին ասելիք և մարդիկ, որոնք կարող են համաշխարհային ոլորտի արդյունք ստեղծել և նրանց պետք է տրվի հնարավորություն:

Կառավարության ներկայացուցիչ ԿԳՄՍ փոխնախարար Արա Խզմալյանը, ներկայացնելով գործադիրի տեսակետը, նկատեց, որ օրենքում կան բազմաթիվ կետեր, որոնք կարգավորվում են այլ օրենքներով և պետք է նար վերջիններս կատարելագործեն:

Պատգամավորները մի շարք առաջարկներ ներկայացրեցին նախագծի վերաբերյալ, որի հեղինակները խոստացան դրանք դիտարկել առաջինից երկորդ ընթերցման ժամանակ:

Հարցի քննարկումն ընդհատվեց ՍԴ նորընտիր անդամ Երվանդ Խունդկարյանի երդման արարողությամբ: ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը տեղեկացրեց, որ Բարձրագույն դատական խորհուրդը ի գիտություն է ընդունել Վճռաբեկ դատարանի նախագահի պաշտոնից Խունդկարյանի հրաժարականը և վերջինս արդեն պատրաստ է երդվել:

Հետևեք մեզ նաև Telegram-ում