Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական թատրոնը հանդիսատեսի դատին կհանձնի երեք նոր ներկայացում

Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական թատրոնը հանդիսատեսի դատին կհանձնի երեք նոր ներկայացում

ԵՐԵՎԱՆ, 18 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնն առաջիկայում թատերասերներին կներկայացնի երեք նոր բեմադրություն:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` թատրոնի գեղարվեստական ղեկավար Կարեն Ներսիսյանի ռեժիսուրայով կբեմադրվի ամերիկացի հայտնի դրամատուրգ Դոն Նիգրոյի «Մարդիկ։ Գազաններ։ Հանգամանքներ» պիեսը, Իռա Հարությունյանը կբեմադրի Ջո Օրտոնի «Ինչ է տեսել պալատականը» ներկայացումը, իսկ Մանվել Խաչատրյանը`Ս. Մրոժեկի «Ամռան օր» ներկայացումը:
Թատրոնի տնօրեն Մարիաննա Մխիթարյանը շեշտեց, որ թատրոնում տեղծագործական դադարներ չեն լինի, չնայած նրան, որ վերանորոգման աշխատանքներ են իրականացվելու:

Տնօրենը տեղեկացրեց, որ օրերս ՀՀ կառավարությունը որոշում է կայացրել դրամաշնորհային պայմանագրի հիման վրա թատրոնին գումար հատկացնել օդափոխության, հովացման, սառնարանային կայանքի վերագործարկման և ավտոմատացման աշխատանքների ձեռքբերման համար:
«Պետք է ասեմ, որ թատրոնի համար սա շատ նշանակալի իրադարձություն է, քանի որ տարիներ շարունակ թատրոնում չեն գործել օդափոխության և հովացման համակարգերը, ինչը մեծ անհարմարավետություն է ստեղծել թե’ հանդիսատեսի, թե’ դերասանների համար»,- շեշտեց Մխիթարյանը:

Նա շնորհակալություն հայտնեց ՀՀ կառավարությանը, ԿԳՄՍ նախարարությանը հարցին հրատապ արձագանքելու և լուծում տալու համար:
Մարիաննա Մխիթարյանն ընդգծեց, որ շուտափույթ գործի կանցնեն, որպեսզի ավելի սեղմ ժամկետներում ունենան հարմարավետ պայմաններ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում