Այս տարի Եվրոպական ժառանգության օրերը կանցկացվեն բացառապես առցանց

Այս տարի Եվրոպական ժառանգության օրերը կանցկացվեն բացառապես առցանց

Եվրոպական ժառանգության օրերը կանցկացվեն սեպտեմբերի 26-27-ին՝ գլխավորապես առցանց՝ «Ժառանգություն և կրթություն․ ցկյանս ուսումնառություն» խորագրով, տեղեկացնում է ԿԳՄՍՆ մամուլի ծառայությունը:

Հայաստանում և Արցախում այս օրերի ընթացքում ավելի քան 100 մշակութային կազմակերպություն «այցելուներին կհյուրընկալեն» գլխավորապես առցանց ձևաչափով, կկազմակերպվեն օրվա խորհրդին համահունչ բազմաթիվ մշակութային միջոցառումներ, համերգներ, տեսաֆիլմերի ցուցադրություններ, գրական-երաժշտական ցերեկույթներ, կրթական, ինտերակտիվ ծրագրեր, հանդիպում-քննարկումներ, դասախոսություններ, հեծանվային արշավ և այլն:

Կապված նոր տեսակի կորոնավիրուսի համաճարակի հետ՝ միջոցառումների կազմակերպման գործընթացում հատկապես կարևորվել է խորագրին համահունչ կրթական ծրագրերի առցանց կազմակերպումը, ինչպես նաև երիտասարդության ներգրավվածությունը:

Ամբողջական ծրագիրն ու ժամանակացույցը ներբեռնելու համար խնդրում ենք սեղմել այստեղ:

Եվրոպական ժառանգության օրերն անցկացվում են յուրաքանչյուր տարի՝ Եվրոպական մշակութային կոնվենցիային (1954 թ.) միացած 50 եվրոպական երկրներում: Ծրագրի իրականացման մտահղացումը 1984 թվականին ծագել է Ֆրանսիայում՝ «Պատմական հուշարձանների բաց դռների օր» խորագրի ներքո:

«Եվրոպական ժառանգության օրեր» ծրագիրը պաշտոնապես հաստատվել է Եվրոպայի խորհրդի կողմից 1991 թվականին, իսկ 1999 թվականին ծրագրին միացել է նաև Եվրամիությունը, և նախաձեռնությունը սկսել է իրականացվել «Եվրոպա. միասնական ժառանգություն» կարգախոսի ներքո: Տարեկան ավելի քան 70,000 մշակութային միջոցառում է իրականացվում ողջ Եվրոպայում՝ բարձրացնելու հասարակության տեղեկացվածությունը Եվրոպական ժառանգության վերաբերյալ, ընդգծելու դրա բացառիկության և բազմազանության, շարունակական պահպանության կարևորությունը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում