Վանաձորում տեղի կունենա Ալեքսանդր Հարությունյանի ծննդյան 100-ամյակին նվիրված համերգ

Վանաձորում տեղի կունենա Ալեքսանդր Հարությունյանի ծննդյան 100-ամյակին նվիրված համերգ

ԵՐԵՎԱՆ, 18 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայ մեծանուն կոմպոզիտոր Ալեքսանդր Հարությունյանի ծննդյան օրը՝ Սեպտեմբերի 23-ին, Վանաձորի Շառլ Ազնավուրի անվան մշակույթի պալատի բակում, ժամը 19:00-ին կկայանա Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի մեներգչուհի, մեցցո-սոպրանո Վարսենիկ Ավանյանի մենահամերգը: Նվագակցող՝ Ելենա Վարդազարյան: Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ ԿԳՄՍ նախարարությունց, համերգը եզրափակում է երգչուհու՝ հայ մեծանուն կոմպոզիտորի ծննդյան 100-ամյա հոբելյանին նվիրված համերգաշարը։

Համերգի ընթացքում Վ. Ավանյանը կկատարի ոչ միայն Ա. Հարությունյանի, այլև հայ և արևմտաեվրոպական կոմպոզիտորների վոկալ ստեղծագործություններ: Երեկոյի հատուկ հյուրն է ՀՀ վաստակավոր արտիստ, դաշնակահար, կոմպոզիտոր, ջազմեն Վահագն Հայրապետյանը: Նա վանաձորցի հանդիսատեսին կներկայացնի ինչպես իր հեղինակային, այնպես էլ հայտնի ու սիրված մեղեդիների սեփական ջազ մշակումները:

Համերգն անցկացվում է ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ: Մուտքն ազատ է:

Հետևեք մեզ նաև Telegram-ում