Սաղմոս ՃԽԸ

Սաղմոս ՃԽԸ

Ալելուիա՝ Անգիոսի և Զաքարիայի:

Աստծուն մոտ գտնվող մարդիկ սովորություն ունեն զարմանալ Աստծու հրաշագործություններով և նրա անբավ բարերարությամբ, և այդ ամենի փոխարեն օրհնություն մատուցել նրան ոչ միայն իրենց լեզվով ու շուրթերով, այլև բոլոր արարածներին հաղորդակից դարձնելով իրենց օրհնությանը, ինչպես երեք մանուկները՝ հնոցում, և մյուս մարգարեները: Դավիթն էլ շատ տեղերում և առավել ևս այս սաղմոսում իրեն ձայնակից է դարձնում բոլոր արարածներին՝ իմանալի և զգալի, բանական և անբան, շնչավոր և անշունչ՝ բոլորին իրենց անուններով կանչելով: Տեսնում է նաև գերու վերադարձը, և դրա շնորհիվ նաև մեր բնության ազատությունը մահվան չար գերությունից, մեղքից, դժոխքից, և զվարթագին հոգով ասում է առաջիններին.

1. Օրհնեցէք զՏէր յերկնից, օրհնեցէք զնա ի բարձանց:

Օրհնեցե՛ք Տիրոջը երկնքից, օրհնեցե՛ք նրան բարձունքներից:

Որտեղից որ Մովսեսն արարածների լինելությունն է ասում, այդտեղից էլ մարգարեն սկսում է իր օրհնությունը: Սուրբ Հոգին է խոսում Դավթի միջոցով՝ նախ վերիններին որպես անդրանիկների պատվիրում է՝ ասելով. Օրհնեցե՛ք Տիրոջը երկնքից, որպես թե օրհնություն ստացողը բարձր է նրանցից, ովքեր երկնքում են: Եվ օրհներգուները՝ երկնային զորքը, որոնք երկնքում կենդանանալով գոյացան, անբավ զորությունները, քանզի մարգարեն էլ երկնքի մասին գիտե, որտեղ աստվածության աթոռն է՝ ասելով. «Ճանապարհ բացե՛ք նրա համար, ով նստում է երկինքների երկնքում» (Սղմ. 67:34), որպեսզի մաքուր լինեք այն վայրի պես, որտեղ ինքն է: Քանի որ երկինքն Աստծու տանիքն է հրեշտակների երկրի, ինչպես նրանցը՝ մեր, որտեղից, ասում է օրհնեցե՛ք Տիրոջը, որն էլ խոստովանելն է, պաշտելն ու փառք մատուցելը: Օրհնեցե՛ք Տիրոջը երկնքից ասելով՝ ցույց է տալիս, որ օրհնողները երկնքում են, և օրհնվողը նրանցից առավել բարձր է: Եվ երկնքում ասելով՝ ցույց է տալիս բարձրագույն և երկնային վարքով ու անլռելի ձայնով վայելուչ կերպով օրհնել Տիրոջը, ուստի և Տեր ասելով էլ՝ ցույց է տալիս ծառայական ահ ու դողով [օրհնելը]:

2. Օրհնեցէ՛ք զնա ամենայն հրեշտակք նորա. օրհնեցէ՛ք զնա ամենայն զօրութիւնք նորա:

Օրհնեցե՛ք նրան, նրա բոլոր հրեշտակներ, օրհնեցե՛ք նրան, նրա բոլոր զորություններ:

Մեծն Դիոնիսիոսը հրեշտակներին ներքին դաս է կոչում, իսկ զորություններին առանձին դասում է կարգում, որ միջին քահանայապետության միջև են. վեր, քան իշխանությունների դասն է և ցածր, քան զորություններինն է, ուստի և պարզ է, որ երկնքից և բարձունքներից ասելով՝ նաև օրհնության է կանչում վերին քահանայապետություններին, որ բոլոր դասերից ներքև են և Աստծու շուրջն են, ուստի պատկառելով անուններով կոչելուց, որոնք աթոռներն են, քերովբեները և սերովբեները, այլ միայն երկնային և բարձունքներում է կոչում, և տերություններն ու իշխանությունները զորություններով սահմանափակում, իսկ հրեշտակապետերն ու պետությունները՝ հրեշտակային դասով:

Հետևաբար դասերը ինն են և բաժանված են երեք քահանայությունների, և բոլորը օրհնություն են մատուցում Աստծու տերությանը, որովհետև Տեր անվամբ էլ Երրորդությունն է կոչվում՝ Հոր, Որդու և Սուրբ Հոգու միավորությամբ: Որովհետև եթե Տեր չլինեին Որդին ու Հոգին, ուստի և նրանց էլ կասեր օրհնեցե՛ք: Ապա ուրեմն տերության և ծառայության մեջ որևէ այլ բան չկա, քան միայն այն, որ մեկն արարած լինելով՝ օրհնում է, իսկ մյուսը Տեր և Արարիչ լինելով՝ ընդունում է օրհնությունը:

Հետևաբար, երկնքին ու հրեշտակների բարձունքներին և զորություններին պատվիրում է օրհնել Տիրոջը՝ ասելով. Օրհնեցե՛ք նրան, նրա բոլոր հրեշտակներ, օրհնեցե՛ք նրան նրա բոլոր զորություններ: Թերևս չի պատվիրում և ոչ էլ հրամայում է, այլ վկայում է՝ ասելով, թե օրհնում են նրան նրա բոլոր հրեշտակները, օրհնում են նրան նրա բոլոր զորությունները:

Դարձյալ՝ բոլոր երկնայինները հրեշտակների անվամբ են կոչվում, որովհետև հենց ներքին դասերն են, և վերին բոլոր դասերն ունեն նրանց պատիվն ու աստիճանը, ինչպես որ եպիսկոպոսներին մենք կոչում ենք քահանաներ և երեցներ, իսկ պաշտոնյաներին՝ սարկավագ, ինչպես որ Հովհաննեսն իրեն երեց կոչեց. «Երիցիցս՝ ընտրյալ Տիրուհուն» (Բ Հովհ. 1:1), և առաքյալն էլ գրում է Տիմոթեոսին, որը եպիսկոպոս էր, թե՝ «Լիուլի կատարի՛ր քո պաշտոնը» (Բ Տիմ. 4:5): Իսկ ներքինները չեն կարող վերինների անվամբ սերոբվեներ և քերովբեներ կոչվել, որովհետև նրանց աստիճանը չունեն, ինչպես որ սարկավագը եպիսկոպոսի անվամբ չի կարող կոչվել:

Այլ հրեշտակները պատգամավորներ և լուր բերող են կոչվում, և բոլոր երկնայինները Աստծուց խոսք ու պատգամ են առնում՝ կամ միջնորդի միջոցով կամ առանց միջնորդի և միմյանց փոխանցում, ինչպես նաև մեր աստվածաբաններին, որոնք մեր պատգամավորներն են:

Իսկ զորությունները հետիններ չեն ոչ թե նրա համար, որ նրանց բոլոր առավելությունները ունեն, այլ որ երկնային ամեն միտք ունի էություն, զորություն և ներգործություն: Էություն են կոչվում, որովհետև գոյություններ են, և զորություն են կոչվում, որովհետև զորք են ու կարող են ամեն ինչ անել: Արդ, երբեմն էության պատճառով են էություններ կոչվում, և երբեմն էլ կարողության պատճառով զորություններ են կոչվում: Հնարավոր է, որ այստեղ զորություն ունենալու համար բոլոր դասերը զորություններ կոչվեն, ինչպես որ այլուր պատգամավորության համար բոլորը հրեշտակ են կոչվում, ինչպես որ ասում է. օրհնեցե՛ք նրան, նրա բոլոր հրեշտակներ:

Եվ այս ասելով չի երկարաձգում վերիններին պատկառանքով [օրհնության կանչելը], որովհետև Մովսեսն էլ չպատմեց նրանց մասին, բայց Դավիթն ասելով, թե՝ «Նա քամիները հրեշտակներ դարձրեց» (Սղմ. 103:4), այդ պատճառով արագ իջնում է դեպի ներքևի հաստատությունները՝ ասելով.

3. Օրհնեցէք զնա արեգակն և լուսին, օրհնեցէք զնա ամենայն աստեղք և լոյսք:

Օրհնեցե՛ք նրան, արեգակ և լուսին, օրհնեցե՛ք նրան, բոլոր աստղեր և լույս:

Սրանց համարձակվում է հրամայել, որոնց Սիմաքոսը լույսի աստղեր է կոչում, որովհետև առաջին օրը Աստված հրամայեց, որ լույս լինի, իսկ ապա չորրորդ օրը՝ արեգակին, լուսնին ու աստղերին: Արեգակը մեծ աչք է և լույսի աչք, որովհետև լույսի ծնունդն ու հստակ լույսը նրանից է: Լուսին է կոչում, որովհետև լույս ունի՝ փարատելու գիշերվա մթությունը, որ փոխակերպմամբ մարմնավորում է մեր փոփոխական բնությունը, ինչպես որ արեգակը մայր մտնելով՝ մարմնավորում է մեր մահը, իսկ ծագմամբ՝ հարությունը: Եվ այս ամենը նրանցից սովորելով և օգուտ ստանալով՝ օրհնում ենք Տիրոջը, որովհետև թեպետ անբան են, սակայն պատմում են Աստծու փառքը և «Ողջ երկիրն է բռնել ձայնը նրանց» (Սղմ. 18:5), որովհետև պատճառ են Աստծու խոսքի, իմաստության և օրհնության՝ իրենց հայտնությամբ, պայծառությամբ, գեղեցկությամբ և անվճար և [բոլորին] հավասար բարեգործություն անելով:

Դարձյալ՝ արեգակն ավետարանն է, իսկ լուսինը՝ օրենքը, աստղերը մարգարեներն ու առաքյալներն են, լույսը՝ արեգակից առաջ եղած երեք օրերը՝ երեքանձնյա աստվածության խոստովանությունը, իսկ մեզ մոտ լույսի ճրագները առաքինությամբ ու խոսքով պայծառացածներն են:

4. Օրհնեցէ՛ք զնա երկինք երկնից. ջուրք, որ ի վերոյ քան զերկինս, օրհնեցէք զանուն Տեառն:

Օրհնեցե՛ք նրան, երկինքների երկինքներ, և ջրեր, որ վեր եք երկնքից:

Երկինքների երկինքներ ասելով՝ ցույց է տալիս, թե որտեղից են երկնայիններն օրհնում Աստծուն, որը երկրորդ երկինքն է, որտեղ գտնվում է զորքը, և առաջին երկնքին, որտեղ Աստված է, օրհնություն են մատուցում: Նրան՝ [երկնքին], նույնպես պատվիրում են օրհնել, որովհետև նա նույնպես, որ ծածկում է աստվածային փառքը, վերին բանականներին, ստեղծված է: Եվ երկինքների երկինքներ հոգնակի է կոչում, որովհետև և՛ եբրայեցիները և՛ մենք չունենք երկրորդական հատուկ անուն, այլ հոգնակիով ենք կոչում, ինչպես, օրինակ, երկու մարդուն մարդիկ ենք կոչում, իսկ շատ մարդկանց՝ մարդ, ինչպես, օրինակ, աթենացի կամ հայ և հռոմեացի:

Երկինքը նաև եկեղեցին է, իսկ երկինքների երկինքները՝ վերին Սիոնը, Տիրոջ օրհներգուն: Ջրերը, որ գտնվում են երկնքից վեր և որ երկրորդ օրը բաժանվեցին ներքևի ջրերից, և տարածությունից վեր բարձրացան (տե՛ս Ծննդ. 1:6-8), ինչպես մի այլ երկինք, որոնց վրա է, ասում են, հրեշտակների կայանատեղին, և նրա վրայով ելնում են ու իջնում, որովհետև հրեղեններ են և չեն մարում, ուստի և նրանց է պատվիրում օրհնել Տիրոջը, այդպիսի հիանալի և հրեղեն լեզուներով: Ջուրը, որ հաստատությունից վեր է ասում, այլ ոչ թե հաստատության վրա, ինչպես որ կարծում են ոմանք, այդ ջուրը բանական է և լուսափայլ, սա նույնպես օրհնություն է մատուցում Աստծուն իր ազնվագույն բարությամբ, իսկ ներքևում գտնվող ջուրը՝ ապականացու է և դևերի բնակարան:

Նաև երկնքից վեր ջուր է կոչում աստվածընկալ ավազանը, որի մեջ ծնվածներին երկնքից վեր է ուղարկում, որովհետև այս է ջուրը, որ Քրիստոսի գլխի վրա տարածվեց, և բարձրագույն համարեց, քան երկինքն է: Օրհնեցե՛ք անունը Տիրոջ. հաճախ ենք Սուրբ Գրքում հանդիպում Տիրոջ անունն օրհնելու հրահանգի, որպեսզի ցույց տա, թե անքննելի է բնության էությունը, հրամայում է օրհնել նրա անունը, որ իբրև պարգև է տրված, որովհետև բարությամբ են լեցուն այն բոլոր անունները, որով կոչվում է Աստված. բարի, բարերար, գթած, ողորմած և լույս, ճանապարհ և կյանք, երկնքից իջած հաց և ջուր ծարավածների համար և այլն:

5. Զի նա ասաց՝ և եղէն, հրամայեաց՝ և հաստատեցան:

Քանզի նա ասաց՝ և դրանք ստեղծվեցին, նա հրամայեց՝ և դրանք հաստատվեցին:

Սրանով ցույց է տալիս, թե ինչու է պատվիրում օրհնել Տիրոջը, որովհետև, ասում է, պարտավոր են, քանի որ արարած են: Քանզի նա ասաց. այս խոսքերով չորս բան է մեր առջև դնում և դրանց գեղեցիկ իմաստները. որովհետև ստեղծեց և ոչնչից ստեղծեց: Երկրորդ՝ նա ասաց և եղան, հրամայեց հեշտությամբ և առանց ջանքի, որովհետև մենք էլ, երբ հրամայում ենք, աշխատանք չենք անում: Եվ հաստատվեցին ասելով՝ ցույց է տալիս նույնությամբ պահելը:

6. Կացոյց զնոսա յաւիտեանս յաւիտենից. սահման եդ՝ և ոչ անցանեն:

Նա կարգեց դրանք հավիտյանս հավիտենից, կարգ սահմանեց, և այն չի խախտվում:

Եվ սա նույնպես այլ իմաստ ունի, այսինքն ստեղծվածներին չթողեց խառնաշփոթ վիճակում, այլ կարգ հաստատեց և դաս ու սահման՝ վերին, ներքին և միջին լինելու, իմանալի և զգալի, բանական և անբան, իշխաններ և իշխողներ բոլոր կենդանիներին, և նախախնամությունը կառավարիչ և պահապան հաստատեց յուրաքանչյուր բնության համար: Կարգ սահմանեց, և այն չի խախտվում. հայտնի է հաստատած սահմանը, որի մասին ասում է. «Սահմաններ դրեցի նրա համար՝ փականքներ ու դարպասներ: Կգաս մինչև այդ վայրն ու այլևս առաջ չես անցնի» (Հոբ 38:10-11): Սահմաններ են բնություններն ու կազմությունները, էության հատկությունները, ձևերը, վայրերն ու դիրքերը, կենդանիների ծնունդը ու տարվա եղանակները՝ գարուն, ամառ, աշուն, ձմեռ, ցերեկ, գիշեր, ժամ, աճման համար ցերեկվա և գիշերվա հաջող ժամերը, ինչպես որ գիշերվա ու ցերեկվա խորհրդավոր գործերը կան ի սկզբանե մինչև այսօր և հավիտյան մնում են անճառ և հրաշալի ու զարմանքով լեցուն:

[Այնուհետև] իջնում է դեպի երկիր և ծով, որովհետև դրածոներ են, և ծովի ջուրը, որ ցամաքի վրա է, և այն ամենն, ինչ ստեղծվում են այնտեղ անխտիր՝ երկրի և ջրի Արարչի կողմից, ինչպես որ ասում է.

7. Օրհնեցէք զՏէր յերկրէ՝ վիշապք և ամենայն խորք:

Օրհնեցե՛ք Տիրոջը երկրի վրայից՝ վիշապներ և բոլոր անդունդներ:

Չիմացողները չար ու վնասակար են կոչում այն կետին, որը վիշապ է կոչվում, ինչպես լևիաթան, որը ջրային ստեղծվածներից առաջինն է և իր մեծության պատճառով վիշապ է կոչվում, ասում են, թե չեն օրհնում Աստծուն, այլ օրհնում են նրան, ով իրենց ստեղծեց, որովհետև տեսնողների մոտ ահ ու երկյուղ է առաջացնում, և զարմանում են Աստծու նախախնամության վրա, որովհետև չնավարկվող խորքերում կարգեց նրանց, որպեսզի չվնասեն նավորդներին: Մեզանից ոչ ոք թող նրանց չար չկոչի, այլ որովհետև հեթանոսներից ոմանք դրանց պաշտամունքի առարկա դարձրին, ցույց է տալիս, թե աստվածներ չեն դրանք, այլ օրհնողներ են ճշմարիտ Աստծուն: Վիշապներ և բոլոր անդունդներ ասելով՝ ցույց է տալիս այն նախախնամությունը, որ փակեց նրանց անդունդներում, որովհետև այսպես է ասում նաև Հովհաննեսը: Օրհնեցե՛ք վիշապներ և բոլոր անդունդներ, որովհետև ծովերի ու ավազանների խորքերը պիտանի են նավորդներին և սնունդ են ծովայինների ու կերակուր լուսավորների համար և սքանչելագործ Աստծուն օրհնություն մատուցելու պատճառ: Այս ջուրը մարդկային բերանով օրհնում է Աստծուն, ինչպես որ վերին ջուրը՝ հրեշտակների բերանով, որպեսզի բոլորը այսպես օրհնեն՝ մնալով այն սահմանում, որում ստեղծվեցին անշունչ և անբան, և պահեցին ու պահում են իրենց սահմանը՝ հանդիսանալով որպես Աստծուն օրհնություն մատուցելու խթանող ու շարժիչ ուժ: Իսկ բանականները շեղվեցին վերնայինից և չօրհնեցին ու դարձան դևեր: Եվ Ադամն էլ, որ չպահեց, աղտեղությունների ու ցավերի մեջ ընկավ, և անասունների մահը [ժառանգեց], ինչպես նաև երկրի փոփոխությունները [կրեց], որոնք պահեցին իրենցը, որովհետև նրանք փոփոխություններից են կայուն, որից էլ վշտանում են և դժբարությամբ գնում, մինչև որ ազատվեն ապականության ծառայությունից Աստծու փառավոր Որդու ազատությամբ: Եվ ասելով, թե՝ կարգ սահմանեց, և այն չի խախտվում, նրանց նկատի ունի, իսկ բանականների սահմանն իրենց անձնիշխան կամքն է. եթե ցանկանան, կարող են հասնել մինչև աստվածության, և եթե ցանկանան, կարող են իջնել մինչև անիրական ցանկությունները, ինչպես դևերն էին, որովհետև նրանց համար առավել ցանկալի է չգոյությունը քան հավիտենական տանջանքներն՝ ըստ իրենց անվախճան էության:

8. Հուր և կարկուտ՝ ձիւն և սառն, հողմ և մրրիկ, որ առնէք զբան նորա:

Հուր և կարկուտ, ձյուն և սառնամանիք, հողմ և մրրիկ, դուք, որ նրա խոսքն եք կատարում:

Հրաշափառության մասին է խոսում միմյանց հակասող բաները միասին դասելով, ինչպես որ Եգիպոստում եղավ, երբ նրանց չարչարեց հրով և կարկուտով՝ երկու միմյանց հակառակ բաները միավորելով՝ կարկուտի մեջ հուր, որ երբ կարկուտը մասնատվում էր, հուրն էր այրում խոցվածին: Իսկ մնացած բոլորը ջրից են իրենց գոյությունը ստանում. հյուսիսային քամին փչում է թաց ամպին և սառում, իսկ նրանց կտորներից առաջանում է կարկուտ, և փրփրելով՝ առաջանում է ձյունը, իսկ երկրի ջուրը միատարր սառելով՝ դառնում է սառույց, իսկ մշուշոտ ամպերից մրրկաբեր օդ, որն էլ փոշու հետ խառնվելով՝ դառնում է մրրիկ: Սրանց Աստծու խոսքով են իրագործվում և իրենք էլ Աստծու կամքն են կատարում՝ ժամանակին պաշտամունք մատուցելով և արարածներին խրատելով, կամ բարիք գործելով՝ օդի փոփոխմամբ մարդկանց կամ տարրերի կարիքների համար, ինչպես որ խոսքը գիտե և կազմում է, և [մարդիկ] ոչ թե անբանորեն են հարմարվում սրանց, այլ հարկադրաբար և ստիպողաբար՝ ըստ Աստծու կամքի, և երբ ցանկանում է, թույլ է տալիս, որ բարբարոս, քարսիրտ մարդիկ խրատեն ազգին բքի պես չարչարող և հողմակոծ պատուհասներով: Ինչպես որ մեր ժամանակներում մեր անզեղջ մեղքերի պատճառով հյուսիսային ազգը, որ թաթար է կոչվում, երկար ժամանակ մեզ համար ձմեռ դարձրեց, և լինում է ժամանակ, երբ փոքր-ինչ մեղմանում են Աստծու քաղցրությամբ, որպեսզի տագնապած մարդիկ կարողանան շունչ քաշել:

9. Լերինք և ամենայն բարձունք, ծառք պտղաբերք եւ ամենայն մայրք:

Լեռները և բոլոր բլուրներ, պտղաբեր ծառեր և բոլոր մայրիներ:

Լեռները, որ ծնունդ են տալիս աղբյուրներին, բույսերին, բանջարեղենին, դեղաբույսերին և բնակավայր են եղջերուների, մեծ ու փոքր եղնիկների համար, որոնցով Աստված է օրհնվում: Լեռները նաև բոլոր սրբերն են, հրեշտակները, նահատակներն ու արդարները՝ բարձրագույն աստվածպաշտությամբ և առաքինությամբ: Պտղատու ծառերը կերակուր տալու, աչք շոյելու ու ծաղիկների անուշաբույրը տարածելու միջոց են, որոնց պատվի արժանացրեց և անտառում առանձին շարքերով դասեց: Այնուհետև բոլոր մայրիներին է կանչում, որոնք նույնպես օգտակար են շինություններ կառուցելու, ծածկույթ լինելու, ինչպես նաև բնակության վայր են գազանների և թռչունների համար, ինչպես երկրի իշխաններն են, թագավորներն և գոռոզամիտները՝ խստասիրտ և դատարկ առաքինությունից, սակայն պիտանի են աշխարհի շինության համար, թեև գեհենի համար լուցկիներ են:

10. Գազանք և ամենայն անասունք, սողունք, և ամենայն թռչունք թևաւորք:

Գազաններ և ամեն տեսակ անասուններ, սողուններ և ամեն տեսակ թևավոր թռչուններ:

Գազանները չարագործների երկյուղն են, իսկ անասունները մարդկանց ծառայելու համար են: Գազան են կոչվում պատառոտելու հատկություն ունենալու համար, որ մեր մեղքերի պատճառով գազանացան, և որպեսզի տեսնելով նրանց՝ հիշենք մեր չարությունները և նմանվենք Նոյին ու Դանիելին, որոնք չգազանացան: Անասուններ, որովհետև անխոս են ու անլեզու, որոնք մարմնավորում են պարզամիտներին, իսկ գազանները՝ խորամանկներին: Սողուններ և ամեն տեսակի թռչուններ. սրանց միասին է հիշատակում, որովհետև սողունները հողի վրա և ջրի մեջ են սողում, իսկ թռչունները օդում են: Սողունները թեև թունավոր են, սակայն նրանց թույնը պիտանի է որպես դեղ, և հանցավորների համար չարիք են ու դահիճ: Նույնպես և թռչունները կերակրի համար են և առողջարար են, իսկ նրանց քաղցր ձայնը հրճվանք է պատճառում մարդկանց: Սրանք նաև զանազան աղտեղությունների ու բարիքների խորհուրդն ունեն, սողունը՝ հպարտների, իսկ թռչունը՝ առաքինիների:

11. Թագաւորք երկրի և զօրք իւրեանց, իշխանք և ամենայն դատաւորք երկրի:

Երկրի թագավորներ՝ զորքերով հանդերձ, իշխաններ և երկրի բոլոր դատավորներ:

Սկսելով Աստծու արարչագործության հերթականությունից՝ երկնքից երկիր է իջնում, ապա նրա հարևան ծով, և ճանապարհորդում է լեռներով ու դաշտերով, և բոլոր ցամաքային և ջրային կենդանիներից հետո անդրադառնում է մարդուն, ինչպես որ Մովսեսը ցույց տվեց, թե մեր բնությունը բոլորի թագավորն է, իսկ մարգարեն աստիճանական կարգով է գալիս, որ մարդկանցից ընտրվեցին, նախ նրանց է պատվիրում գոհանալ և օրհնել, որովհետև իրենց ծառայակիցներից առավել պատվի արժանացան. նախ մարմին ունենալով, որպեսզի իրավունքով ու արդարությամբ դատեն, հիշելով, որ իրենց Տերն էլ երկնքում է, որին պետք է օրհնություն մատուցեն խոսքով և գործով, նրան նմանվել իրավոնքով, ինչպես որ առաքյալն է ասում. «Չկա իշխանություն, որ Աստծուց չլինի» (Հռոմ. 13:1), և պատվիրում է հնազանդ լինել նրան:

12. Երիտասարդ եւ կուսանք, ծերք եւ տղայք՝ օրհնեցէ՛ք զանուն Տեառն:

Երիտասարդներ ու կույսեր, ծերեր և մանուկներ, օրհնեցե՛ք անունը Տիրոջ:

Որպեսզի որ հասակում էլ որ լինեն իրենց հասակին համապատասխան առաքինության գործեր մատուցեն, զգուշանան մեղքից և բարի գործեր կատարեն, սուրբ կուսությամբ, բարեպաշտ երիտասարդությամբ, ծերերը գոհացող լինել և շատ խրատող, դրա համար էլ տղաների մոտ է դնում, իսկ կույսերին ու երիտասարդներին՝ սկզբում, որ խրատելով առաջ է անցել և ինքն էլ նրանց մեջ լինելով տեսնում է նրանց վարքը:

Բարձրացաւ անուն նորա միայն,

13. խոստովանութիւն նմա յերկինս եւ յերկրի:

Փառավորվեց միայն նրա անունը. երկնքում ու երկրի վրա է խոստովանությունը նրա:

Մարգարեանում է կռապաշտության վերանալը, երբ բոլորը ծնկի կիջնեն Հիսուս Քրիստոսի անվան առաջ: Երկնքում և երկրի վրա է խոստովանությունը նրա. նախ երկնքում էին միայն խոստովանում նրան, և ահա՝ երկնքում և երկրի վրա՝ իջնելով երկնքից երկիր, և նորից բարձրանում է երկինք՝ միավորելով երկու ծայրերը, որովհետև չկա այլ Աստված երկնքից վեր և երկիր խոնարհված, այլ որ իջավ երկնքից նույնն է, որ ելավ երկնքից էլ վեր, որպեսզի ամեն ինչ լցնի իր խոստովանությամբ:

Բարձր առնէ Տէր զեղջիւր ժողովրդեան իւրոյ,

14. օրհնութիւն յամենայն սրբոց նմա, յորդւոցն Իսրայէլի ժողովուրդ, որ մերձ է առ Տէր:

Տերը բարձրացնում է եղջյուրն իր ժողովրդի. օրհնություն նրա բոլոր սրբերին՝ որդիներին Իսրայելի, այն ժողովրդին, որ մոտ է Տիրոջը:

Եղջյուր անվամբ Աստծու զորությունն է կոչում, ինչպես որ եղջյուրը սուրբ կենդանիներինն է, այդպես էլ Տերն է սուրբ իր ժողովրդի համար, և սա է Աստծու զորությունն ու իմաստությունը, որ Հոր գթությամբ տրվեց մեզ մանուկն ու որդին և մեր փրկության եղջյուրը: Օրհնություն նրա բոլոր սրբերին. առանձնացնում է սրբերի դասը. «որոնց այս աշխարհը արժանի չէ» (Եբր. 11:38), որովհետև նրանց վայել է երկնքում և երկրի վրա օրհնել Աստծուն: Իսկ մեղավորին Դավիթն ասում է. «Իսկ դու ինչո՞ւ ես պատմում իմ արդարությունը» (Սղմ. 49:16), և պատշաճ է, որ մեղավորներս նախ ետ կանգնելով մեղքից՝ դրանով օրհնենք Աստծուն՝ հույս ունենալով, որ նրանց առավելությունից մեզ էլ բաժին կհասնի՝ լցնելով մեր պակասությունը, և որոնց էլ միավորվելով՝ օրհնում ենք նրանց: Որդիներին Իսրայելի. սրանով ցույց է տալիս, որ բոլոր սրբերը Իսրայելի որդիներ են կոչվում, ըստ առաքյալի, որ խաղաղություն էր խնդրում Աստծուց Իսրայելի համար (տե՛ս Գաղատ. 6:16), որովհետև ոչ միայն մարմնավոր զավակներն են զավակ համարվում, այլև՝ հոգևոր, դրա համար էլ շարունակում է՝ ասելով. այն ժողովրդին, որ մոտ է Տիրոջը. ոչ թե բնակության վայրով, որովհետև նա որևէ վայրում չէ, այլ՝ առաքինությամբ, որոնց չի կարող մեղքը բաժանել, որ ասաց. «Ես մերձավոր Աստված եմ և ոչ թե հեռավոր Աստված» (Երեմ. 23:23), «այլ ձեր մեղքերն են պատնեշ դարձել իմ և ձեր միջև» (տե՛ս Ես. 59:2), ուստի և ըստ Հիսուսի՝ մեր Աստծու, ուր երկու կամ երեք հոգի հավաքված լինեն նրա անվամբ, նա այնտեղ է» (տե՛ս Մատթ. 18:20), օրհնյալ հավիտյանս:

Վարդան Արևելցի, Մեկնութիւն Սաղմոսացն Դաւթի, Էջմիածին, 1797 թ.

Գրաբարից թարգմանեց Գայանե Թերզյանը

Աղբյուր՝ Surbzoravor.am

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում