Վահան Տերյան․ Թովիչ քնքշությամբ հանգչող աշխարհում

Վահան Տերյան․ Թովիչ քնքշությամբ հանգչող աշխարհում

Թովիչ քնքշությամբ հանգչող աշխարհում
Երեկոն վառեց լույսեր դժգունակ.
Մութը հյուսում է տրտմության ժանյակ,
Ծաղիկներն անուշ բույր են բուրվառում.
– Իմ սիրտը տրտո՜ւմ, իմ սիրտը մենա՜կ…

Մեռած լուսնյակը, մենակ ու աղոտ
Սփռում է շուրջը իր շողերը ցուրտ.
Հավետ լռում է մի տխուր խորհուրդ,
Վառվում է հավետ մի անանց կարոտ.
– Սի՛րտ իմ ցնորող, սի՛րտ իմ անհագուրդ…

Տխուր ու մենակ լուսնյակն է վառվում,-
Իմ սիրտն է լալիս մենակ ու ցավոտ.
Լուսնյակն արևի ըստվերն է աղոտ,
Արևի ցոլքն է լուսնյակը տրտում.
– Փառքիդ ստվե՛րն է իմ կյանքը կարոտ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում