Ռուսական արվեստի թանգարանի այցելուները կհայտնվեն Բորիս Գրիգորևի կտավում VR տեխնոլոգիայի միջոցով

Ռուսական արվեստի թանգարանի այցելուները կհայտնվեն Բորիս Գրիգորևի  կտավում VR տեխնոլոգիայի միջոցով

ԵՐԵՎԱՆ, 25 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Մեկ գլուխգործոցի վիրտուալ աշխարհում» ծրագրի շրջանակում Ռուսական արվեստի թանգարանի այցելուները կարող են դնել VR ակնոցը, որը նրանց հնարավորություն կտա «հայտնվել» նկարիչ Բորիս Գրիգորևի «Կենդանաբանական այգի» կտավում և զբոսնել այնտեղ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Եվրոպական ժառանգության օրերի շրջանակում իրականացվող ծրագրի շնորհանդեսը տեղի կունենա սեպտեմբերի 26-ին` ժամը 13:00-ին Ռուսական արվեստի թանգարանում:

VR տեխնոլոգիայի միջոցով դիտողները վիրտուալ իրականության ակնոցի միջոցով կհայտնվեն ստեղծագործության «ներսում» (նկարի հիման վրա նախապես ստեղծված 3D միջավայրում), «կզբոսնեն» այնտեղ, «կհանդիպեն» նկարի հերոսներին և կծանոթանան ստեղծագործության պատմությանը։

ՀՀ թանգարանների պատմության մեջ սա առաջին փորձն է, որտեղ այցելուն հայտնվում է հենց նկարի «ներսում»։

Այսուհետ թանգարանի այցելուները հնրարավորություն կունենան օգտվել այս յուրահատուկ ծառայությունից:

Ռուսական արվեստի թանգարանի առաքելությունն է հասարակության տարբեր շերտերի համար դառնալ կրթական, մշակութային և ինտերակտիվ ժամանցի կենտրոն` իր հավաքածուի գլուխգործոցների տարաբնույթ մատուցման միջոցով։ Թանգարանային ցուցադրություն ներմուծված վիրտուալ իրականության (Virtual Reality) տեխնոլոգիայի վրա հիմնված հավելվածը նորովի կմատուցի արվեստի ստեղծագործությունները։

Հետևեք մեզ նաև Telegram-ում