Եղիշե Թադևոսյանի 150-ամյակին` հոբելյանական փառատոն

Եղիշե Թադևոսյանի 150-ամյակին` հոբելյանական փառատոն

ԵՐԵՎԱՆ, 26 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, Panorama.am: ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանն Էջմիածնում մասնակցել է հայ մեծանուն նկարիչ Եղիշե Թադևոսյանի ծննդյան 150-ամյակի միջոցառումներին, որոնցով տրվել է հոբելյանին նվիրված փառատոնի մեկնարկը։

ԿԳՄՍ նախարարության հաղորդմամբ, կայացել է Եղիշե Թադևոսյանի՝ Էջմիածնի Ռ. Մելիքյան փողոցում գտնվող հայրական տան մոտ տեղադրված հուշատախտակի բացման արարողությունը։
Հայաստանի ազգային պատկերասրահի նախաձեռնությամբ, ՀՀ ԿԳՄՍ նախարարության ու «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի աջակցությամբ նկարչի հայրական տան արտաքին պատն արդեն ունի տեղական նշանակության նորահայտ հուշարձանի կարգավիճակ:

Անվանի նկարչի 150-ամյակին նվիրված միջոցառումը շարունակվել է Հայաստանի ազգային պատկերասրահի մասնաճյուղ Մհեր Աբեղյանի թանգարանում, որտեղ բացվել է Ե.Թադևոսյանի անվանական ցուցասրահը։ Ողջունելով ներկաներին և շնորհավորելով ցուցասրահի բացման կապակցությամբ, Ա․Հարությունյանը, վստահություն է հայտնել, որ այն դառնալու է մարզի մշակութային կենտրոններից մեկը։

«Մեծանուն արվեստագետի հոբելյանին նվիրված միջոցառումները տոն են բոլորիս համար։ Ուրախ եմ, որ համավարակով պայմանավորված սահմանափակումներից հետո նման փառատոն կազմակերպելու հնարավորություն ունենք։ Այս ցուցասրահի բացմամբ Էջմիածինը դառնում է Եղիշե Թադևոսյանի մեծարման մեկամյակի կարևոր կենտրոնը, ինչը բխում է մեր՝ տարածքային համաչափ զարգացման տրամաբանությունից։ Վստահ եմ, որ ցուցասրահ այցելելու են ոչ միայն էջմիածնի, այլև հանրապետության մյուս համայնքների բնակիչները։ Մեզ համար կարևոր է նաև փառատոնի ընթացքում իրականացնել կրթական ծրագրեր, քանի որ Եղիշե Թադևոսյան արվեստագետն այն օրինակն է, որը մենք ցանկանում ենք ունենալ կրթամշակութային ոլորտում․ նա իր տաղանդին գումարել է կրթություն ստանալու և իր արվեստը լավագույնս ներկայացնելու ջանքը»,- ասել է նախարարը՝ արվեստասեր հանրությանը կոչ անելով ակտիվորեն մասնակցել նկարչի 150-ամյակին նվիրված միջոցառումներին։

Ցուցասրահի բացմանը զուգահեռ թանգարանին կից այգում անցկացվել է պլեներ՝ Էջմիածնի Եղիշե Թադևոսյանի անվան գեղարվեստի դպրոցի և Երևանի Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի պետական քոլեջի սաների մասնակցությամբ:

Հայաստանի ազգային պատկերասրահի տնօրեն Մարինա Հակոբյանը նշել է, որ այս միջոցառումները մեծ կարևորություն ունեն 19-րդ դարավերջի և 20-րդ դարի առաջին կեսի հայ կերպարվեստի վերարժևորման և իմաստավորման տեսանկյունից: Մ․ Հակոբյանը ներկայացրել է, որ ժանրային բազմազանությամբ, ոճական ու ձևաբանական բազմակերպությամբ աչքի ընկնող ցուցահանդեսում ընդգրկված են տարբեր տարիներին և բազմաթիվ շրջագայությունների ընթացքում մի շարք երկրներում ստեղծած շուրջ հինգ տասնյակ գեղանկարչական ու գրաֆիկական աշխատանքներ Հայաստանի ազգային պատկերասրահի հավաքածուից, որոնց թվում են այնպիսի գլուխգործոցներ, ինչպիսիք են «Քրիստոսը և փարիսեցիները», «Արարատը», «Մեր փողոցը Վաղարշապատում» և այլն, ընդ որում` դրանց մի մասը ցուցադրվում է առաջին անգամ:

Ցուցադրության կարևոր մաս են նաև էտյուդներն ու գծապատկերները, թանգարանի հուշաձեռագրային բաժնի ֆոնդերում պահվող կենսագրական հարուստ նյութն ու նոթատետրերը, նկարչի նամակագրությունից արժեքավոր նմուշներն ու պատմական արժեք ունեցող եզակի լուսանկարները:

Միջոցառումն ամփոփվել է Էջմիածնի Կոմիտասի անվան մշակույթի պալատում՝ Եղիշե Թադևոսյանի 150 և հայ անվանի կոմպոզիտոր Ալեքսանդր Հարությունյանի 100-ամյակին նվիրված երեկոյով: Ալեքսանդր Հարությունյանի ստեղծագործությունների կենդանի կատարման ներքո հյուրերը ծանոթացել են Եղիշե Թադևոսյանի՝ մինչ այսօր երբևէ չցուցադրված աշխատանքներին, որոնք տրամադրել էին Վահագն Գրիգորյանը և Մկրտիչ Պապոյանը՝ իրենց անձնական հավաքածուներից:Հավելենք, որ Եղիշե Թադևոսյանի 150-ամյակին նվիրված փառատոնի ընթացքում Հայաստանի ազգային պատկերասրահը կիրականացնի կրթական ինտերակտիվ ծրագրեր և դասախոսություններ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում