Վարագա Սուրբ Խաչ

Վարագա Սուրբ Խաչ

«Աչքերս դեպի լեռները բարձրացրի, որտեղից ինձ օգնություն պիտի գա» (Սղմ. 120:1)

Լեռները մարդկային կյանքի պատմության մեջ ուշագրավ տեղ են զբաղեցնում. լեռներն են, որոնց վրա բացվում են ամենամեծ տեսարանները, լեռները մեծ դեր ունեն բարքերի, սովորությունների և քաղաքակրթության մեջ, այնտեղ, այդ բարձունքներում, կամ բարձունքների ստորոտներում են ձևավորվել ազգերը և կրոնները: Նախ Արարատ լեռն էր, այնտեղ՝ այդ բարձրունքի վրա տապանը կանգնեց և արդար մարդը՝ Նոյն իր ոտքը դրեց: Արագորեն անցնելով պատմության ճամփաներով՝ տեսնում ենք Քորեբ լեռան բարձունքը, որտեղ Աստված Մովսեսի հետ խոսեց՝ նրան կանչելով իսրայելացիների փրկության գործին, Սինան, որի վրա տասնաբանյա պատվիրանները կերտվեցին, դարձյալ Քորեբ լեռը, որտեղ Աստված մեղմ զեփյուռով Իր ներկայությունը հայտնեց Եղիային և խոսեց նրա հետ. Աստված բարձունքների վրա է հայտնվում: Քրիստոսով՝ լեռները փրկության, օգնության և մխիթարության վայրեր դարձան, ո՞ր մեկը ասեմ ձեզ: Երանիների լե՞ռը, որտեղից չքնաղ քարոզը խոսվեց, Ձիթենյա՞ցը, որի վրա աղոթել սովորեցրեց, Թաբո՞րը, այն սուրբ լեռը, որի վրա Աստծու փառքը փայլեց, Գողգոթա՞ն, որի վրա համայն մարդկությանը փրկություն շնորհվեց: Այսպիսով՝ լեռներն Աստծու հայտնության վայրը հանդիսացան և դրանց վրա հրաշալի իրողություններ տեղի ունեցան. Աստվածային կարողությունը հայտնվեց, և ուրախության ու մխիթարության թատերաբեմ եղան:

Սուրբ և հռչակավոր լեռների շարքում են Արարատը, Սեպուհը, Վարագը. երեք լեռներ, որոնք պատմության մեջ երբեք մոռացության չպիտի մատնվեն: Վարագա լեռն ավելի մեծ հանդիսավորություն ստացավ այն դեպքով, որի ժամանակ խաչը բոցեղեն փայլատակումներով Ներսես Կառուցող կաթողիկոսի օրոք հայտնվեց: Վասպուրական աշխարհի այդ շնորհալի լեռը եղավ Հայ եկեղեցու օգնության և մխիթարության վայրը:

Այս առավոտ Հայ եկեղեցին իրեն հատուկ հանդիսավորության մեջ է: Խաչի հրաշափառ և լուսավոր երևումը մեծ նշանակություն ունի մեր եկեղեցու համար և այս առիթով Վարագա լեռն էլ մի նոր հանդիսավորություն է ստանում: Խաչն իր երևումով ողջ Հայ եկեղեցու մխիթարության նշանը եղավ, մի ժամանակահատվածում, երբ եկեղեցին կրոնական առումով վտանգ էր զգում, այդ աղետալի ժամանակներում եպիսկոպոսապետ Ներսեսը կարողացավ իր գործունեության և ջանքերի շնորհիվ «կառուցող» անունը ստանալ:

Ժամանակահատվածը, որի մասին խոսում ենք, յոթերորդ դարաշրջանն է. Հայ եկեղեցու կրոնական մեծ ճգնաժամի շրջանն էր. հույների կրոնական ատելության չափն ու սահմանն անցել էր, սակայն այս ամենի մեջ սուրբ Հայրապետը չդադարեց հօգուտ եկեղեցու գործելուց, այդքան տառապանքներն ու տագնապները չկարողացան որևէ ազդեցություն թողնել ժողովրդի հավատի և եռանդի վրա: Ժողովուրդն ավանդությամբ գիտեր, որ Կենաց փայտից մի կտոր Հռիփիմյանց կույսերի ձեռքով այնտեղ՝ Վարագա լեռան լանջին է զետեղված և որտեղից էլ սպասում էր իր օգնությունը սաղմոսի համաձայն. «Աչքերս դեպի լեռները բարձրացրի, որտեղից ինձ օգնություն պիտի գա» (Սղմ. 120:1):

Այս ակնկալիքի և վշտերի ժամանակներում էր, որ Վարագա լեռան վրա լուսափայլ ճաճանչներով որպես մխիթարության նշան երևաց խաչը, փրկություն, որն օգնություն էր ժողովրդի համար, ժողովուրդը լեռան խաչի համար հայացքն այդ կողմն էր հառել, և այդ հավատքն էլ պսակվում է խաչի լուսափայլ երևումով. այլևս իր վերքերի համար սպեղանի գտնվեց, վշտաբեկ սրտերը մխիթարվեցին, արցունքները՝ խնդության փոխվեցին, տկարությունը՝ զորության, խռովված սրտերն ու մտքերը հանգստացան, իսրայելացիների նման աչքերը լեռներին հառած սպասում էին և ահա օգնությունն էլ լուսափայլ խաչի տեսքով երևաց. «Աչքերս դեպի լեռները բարձրացրի, որտեղից ինձ օգնություն պիտի գա» (Սղմ. 120:1)

Դրանից հետո Վարագա լեռը մխիթարության և օգնության վայր համարվեց, և մինչ այժմ այնտեղ կանգուն են առաքյալների թվի համաձայն 12 եկեղեցի ու վանք: Ճշմարիտ է, որ Հայ եկեղեցին Խաչին նվիրված տոնակատարությունների պակաս չունի, սակայն խաչի այս տոնն իր համար մխիթարության մի վայրկյան էր: Խաչը Վարագա լեռան վրա հայտնվելուց հետո ավելի հանդիսավորությամբ փայլեց հայերիս մեջ:

Ամեն անգամ, երբ հիշում ենք երեք տառերից բաղկացած այս բառը, որը մի այնպիսի անհուն տարածություն ունի մեզանում, որ բոլոր ազգերի վրա հովանի է լինում, արդյոք ի՞նչ ենք զգում մեր մեջ. թե՛ երբ այն վառվում է Վարագա լեռան վրա, թե՛ երբ սգում է անշուք գերեզմանների վրա, ի՞նչ է հիշեցնում մեզ, չէ՞ որ մխիթարություն, սփոփանք և պահպանություն է. Խաչը, որ յուրաքանչյուր հողաթմբի վրա կանգնեցված ենք տեսնում, մեզ համար մխիթարության վկայություն է:

Եթե խաչի հայտնվելը, կամ խաչի տեսքը տրտմության ենթարկեր, ապա նրա ազդեցությունը հոգու վրա դրական չպիտի լիներ, քանզի մարդկության վիճակը տրտմալի պիտի լիներ, իսկ տրտմությունը ամեն ինչ քայքայող է. հոգիների համար վտանգ պիտի լիներ, աղետ՝ մարդկանց ողջ կյանքի համար: Պողոս առաքյալն ասում է. «Աշխարհի տրտմությունը մահ է առաջ բերում» (Բ Կորնթ. 7:10 ): Այդ դեպքում խաչը մահվան արհավիրքը պիտի լիներ. եթե ինքը դրան ծնունդ տար, կյանքը վտանգված պիտի լիներ. մենք առանց խաչի կարող ենք տրտմել, ո՞վ չտրտմեց առանց խաչի, խաչը երբեք տրտմության խորհրդանշան չէ:

Տրտմությո՜ւն… Տրտմության ժամանակ էր, որ մարգարեն իր բոլոր տարակուսանքներով ընդդեմ Աստծու զինվեց, Մովսեսը գայթակղվեց, Հոբը՝ անիծեց իր ծնված օրը: Իմանանք և համոզված լինենք, որ խաչն այլ նշանակություն ունի, խաչը մի ուրիշ ազդեցություն ունի մեզ վրա, խաչը մեր փրկությունն ու օգնությունն է, մեր պահապան հրեշտակն է, որ իր երկու բազուկներով հովանի է մեզ: Խաչն է, որով կարող ենք հաղթանակ տանել ընդդեմ երևելի և աներևույթ թշնամու:

Կոստանդիանոսը և նրա զինվորները տեսան խաչի նշանը պատերազմի դաշտի երկնակամարում, միայն նրանով կարողացան հաղթել և փրկվել: Կյուրեղ Երուսաղեմացու օրերին Երուսաղեմում լուսափայլ տեսքով երևաց Խաչը, որը բացահայտ նշան է Երուսաղեմի պահպանության: Վարագա լեռան վրա էլ հայտնված խաչը սահմանված չէ տրտմության ավելանալու համար. այն ամբողջ ժողովրդի ցնծությունը եղավ և Կառուցող Կաթողիկոսի համար կենդանի մխիթարություն:

Խաչից առաջ մարդկությունը չարչարվում էր, խաչից հետո էլ դեռևս պիտի չարչարվի, սակայն, ինչը որ իսկապես խաչի գործառույթն ու ազդեցությունն է՝ մխիթարություն է և ոչ թե վիշտ, այն սփոփանք է և ոչ թե տառապանք, այսպիսին պիտի նկատել խաչը՝ լուսեղեն թևերով տարածված ուրախության և փրկության զորություն և ոչ թե ցավագին և տրտում կյանքի ստվերամած կարկառում: Այդ ուրախության և փրկության զորությունը Վարագա լեռան բարձունքին երևաց, և մխիթարություն և օգնություն հասավ այդ լեռից:

Մասնավորապես մենք այնքան ենք պարծեցել այդ խաչով, որ ոչ մի ժողովուրդ չի կարողացել պարծենալ, և այսօր իրավունք ունենք խաչով զինվելու: Մենք մեր ցավերի, մեր տրտմության մեջ խաչը բարձրացրել ենք. մեր վշտերի ժամանակ փարվել ենք նրան իբրև զորության միակ նշան՝ նրանից ակնկալելով մեր օգնությունը: Մեր նախնիների պես մենք էլ նայենք բարձունքներում կանգնած Քրիստոսի խաչին՝ նրանից սպասելով մեր օգնությունն ու մխիթարությունը, և խաչը բոցեղեն փայլքով իր թևերով մեզ բոլորիս վրա հովանի պիտի լինի:

Տեր Ղևոնդ վրդ. Դուրյան, «Պարզ քարոզներ», Ա հատոր, Կ. Պոլիս, 1907 թ.

Արևելահայերենի վերածեց Վաչագան սրկ. Դոխոլյանը

Աղբյուր՝ Surbzoravor.am

Հետևեք մեզ նաև Telegram-ում