Հոգևորականները, ինչպես միշտ հայոց բանակի և զինվորի կողքին են. Տեր Վահրամ

Հոգևորականները, ինչպես միշտ հայոց բանակի և զինվորի կողքին են. Տեր Վահրամ

Հոգևորականները, ինչպես միշտ հայոց բանակի և զինվորի կողքին են։ Այս մասին «Հրապարակի» հետ զրույցում ասաց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգի ղեկավար Վահրամ քահանա Մելիքյանը, նշելով, որ զորամասերում ծառայություն իրականացնող գնդերեց սարկավագները իրենց զորմասերում են և զորմասի հրամանատարության ղեկավարության ներքո․

«Գնդերեցները իրենց պարտականությունը կատարում են, և ինչպես որ միշտ եղել է, անգամ ծառայության խաղաղ պայմաններում, բարձրացել են դիրքեր զինվորների հետ, հիմա էլ գնդերեցները իրենց առաջադրված խնդիրները իրականացնում են, բայց նաև պետք է հասկանանք, որ իրենք ուղղակի գտնվում են իրենց հրամանատարիների ենթակայության ներքո, ըստ այդմ՝ ինչ իրենցից ակնկալվում է, և ինչ խնդիրներ դրվում են իրենց առջև, դրանք կատարում են։ Այո, գնդերեցներ կան, մեր զինվորների կողքին են, եթե անհրաժեշտ է, նաև խրամատում»։

Վահրամ քահանային հարցրինք՝ հոգևորականների շրջանում կա՞ն զոհվածներ կամ վիրավորներ, Տեր Վահրամն ասաց, որ նման տեղեկություններ բարեբախտաբար չունեն․
«Այս պահի դրությամբ մենք որևէ այդպիսի տեղեկություն չունենք, բոլորն իրենց ծառայության վայրերում են, զոհեր և վիրավորներ չկան։ Արցախում է գտնվում նաև բանակի հոգևոր առաջնորդ Վրթանես եպիսկոպոսը, որն ուղղակիորեն կազմակերպում և համակարգում է գնդերեցների ծառայությունը այս իրավիճակում։ Հարկ է նշել, որ այդ աշխատանքներին ուղղակիորեն ներգրավված են Արցախի թեմի մեր եկեղեցականները՝ Պարգև սրբազանի առաջնորդությամբ, որոնք ևս կատարում են անհրաժեշտ հոգատարություն մեր զինվորներին և սպաներին»։

Մենք տեղեկություններ էինք ստացել, որ կան հոգևորականներ, որոնք այս օրերին անցել են զինվորական ծառայության, Վահրամ քահանան հաստատեց․

«Այո, կան եկեղեցականներ, որոնք որ արդեն իսկ ծանուցագրեր ստացել են և բոլորն էլ պետք է իրենց պարտքը հայրենիքի առջև կատարեն։ Այդտեղ որևէ այլընտրանք չի կարող լինել, դա յուրաքանչյուրի պարտականությունն է, և եթե անհրաժեշտությունը նկատվում է, ապա այո, անկախ նրանից հոգևորական են, կամ այլ մասնագիտության և կոչման տեր մարդիկ, բոլորն էլ պետք է իրենց սրբազան պարտքը հայրենիքի առջև կատարեն։ Մնացածը պետք է ավելի շատ պաշտպանության նախարարությունն ու պատկան մարմինները լուսաբանեն։ Վստահ եմ, որ յուրաքանչյուրն էլ իր կոչման համեմատ իր առաքելությունը պիտի կատարի, եկեղեցականներն այդ առումով հաստատակամ են, վճռական են և պատրաստ են սիրով իրենց զորակցությունը բերելու մեր գնդերեցներին իրենց դժվարին, պատասխանատու ծառայության մեջ»,- ասաց Տեր Վահրամը։

Աղբյուր՝ Ter-hambardzum.net

Հետևեք մեզ նաև Telegram-ում