Քաղաքականությունը՝ քաղաքականություն, արվեստը՝ արվեստ

Քաղաքականությունը՝ քաղաքականություն, արվեստը՝ արվեստ

ԵՐԵՎԱՆ, 1 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, Panorama.am: Հայաստանի Ազգային կինոկնետրոնը պատրաստվում է նամակով դիմել Մոսկվայի միջազգային կինոփառատոնի տնօրինությանը՝ ռեժիսոր Ջիվան Ավետիսյանի «Դրախտի դարպաստը» ֆիլմը փառատոնի ծրագրից հանելու վերաբերյալ:

Ազգային կինոկենտրոնը դատապարտում է մոսկովյան փառատոնի արարքը:

«Չի կարելի քաղաքականությունը խառնել արվեստի հետ: Ֆիլմը նախապես ընտրվել էր փառատոնի հիմնական ծրագրում, հոկտեմբերի 4-ին պետք է կայանար ֆիլմի ցուցադրությունը: Ոչ միայն անընդունելի քայլ է, կարող է նաև նախադեպ լինել, պատիվ չի բերում փառատոնին: Քաղաքականությունը՝ քաղաքականություն, արվեստը՝ արվեստ»,- Panorama.am-ին փոխանցեցին Կինոկենտրոնից:

Հիշեցնենք՝ երեկ ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալԱրա Խզմալյանը հայտնել էր, որ ռեժիսոր Ջիվան Ավետիսյանի «Դրախտի դարպասը» ֆիլմը հանվել է Մոսկվայի միջազգային կինոփառատոնի ոչ մրցութային ծրագրից:

«Դրախտի դարպասը» ֆիլմը արտադրվել էր Լիտվայի, Գերմանիայի, Բուլղարիայի, Չեխիայի, Իտալիայի և Ավստրիայի հետ համատեղ:

Ֆիլմի մասին. Գերմանացի լրագրող Ռոբերտ Ստերնվալը (50 տարեկան) 2016թ․-ին վերադառնում է Արցախ՝ լուսաբանելու քսաներկու տարվա ընդմիջումից հետո վերսկսված պատերազմը։ Լրագրողական հետաքննության արդյունքում ծանոթանում է երիտասարդ օպերային երգչուհի Սոֆիա Մարտիի (35 տարեկան) հետ։ Ռոբերտի և Սոֆիայի հաճախակի հանդիպումները արթնացնում են փոխադարձ սիրո զգացմունքը, սակայն պարզվում է, որ Սոֆիան անհայտ կորած ֆոտոլրագրող Էդգար Մարտիրոսյանի աղջիկն է, ում 1992թ․ին՝ Թալիշի անկման օրը, Ռոբերտը թողել է գյուղում՝ գերեվարության մեջ, ապա յուրացրել նրա՝ մարտի դաշտում արված լուսանկարները…
Ֆիլմի գլխավոր օպերատորը լիտվացի Ռիտիս Կուրկուլիսն է։ «Դրախտի դարպասը» ֆիլմում օպերային երգիչ Ժան Բեռնարի կերպարը մարմնավորում է լիտվացի հայտնի դերասան Լեո Պոբեդոնոսցևասը:
«Դրախտի դարպասը» ֆիլմի հայաստանյան և արցախյան պրեմիերան կայացել է 2019 թվականին։

Հետևեք մեզ նաև Telegram-ում