Հաղթելու ենք

Հաղթելու ենք

Հայրենիքի արժեքը զգացվում է նաև այն պահերին, երբ այն կորցնելու վտանգ կա։ Թշնամին, ով ներկայացնում է, թե իբր պայքարում է «իր հայրենիքի համար», մեր հայրենի հողը միայն ծառայեցնելու է իր կարիքներին՝ օգտագործելով այն որպես միջոց։

Իսկ ի՞նչ է մեր հայրենիքը մեզ համար։ Մենք չենք տեսնում ռազմավարական նշանակություն հողերն ազատագրելիս, մենք, այո՛, ազատագրում ենք և ոչ թե գրավում։ Արցախյան պայքարն անվանում ենք գոյամարտ՝ դրանով իսկ ապացուցելով և մատնանշելով մեր միակ նպատակը՝ ապրել։ Մեր որդիներն ու դուստրերը, խաղաղ բնակչությունն ու երեխաները զոհվում են հանուն խաղաղության, հանուն կյանքի։ Նրանք իրենց արյամբ են ազատագրում հայրենիքը, որ թշնամու ճանկերում է՝ տալով մյուսներին ապրելու իրավունք՝ մի երևույթ, որ մյուսներին տրված է, իսկ մենք պետք է վաստակենք։

Սակայն ինչպե՞ս է ստացվում, որ փոքրաքանակ այս ազգը պայքարում է միլիոնավորների դեմ և հաղթում։

Գուցե մեր հարևան կոչված պետությունը իր կողքին ունի կարևոր ռազմավարական դաշնակից, գուցե ունի զենքեր, զինամթերք, վարձկաններ և թվով գերազանցող բանակ։ Գուցե նրանց հետ է իրենց «հզոր դաշնակիցը», որով և հպարտանում են, սակայն մեզ հետ է Աստված և մեր հույսն ամբողջովին կապված է Նրա ուժի ու զորության հետ։ «Հզոր դաշնակցի» ուժերը մի օր սպառվելու են, իսկ Աստված ամենակարող է և ամենազոր։ Յուրաքանչյուր հայ մարտի ճանապարհին և ընթացքում միշտ Աստծո հետ է, իսկ հետո շնորհակալ՝ միայն Նրա զորությունից ու պահպանիչ ուժից։ Յուրաքանչյուր հայի խնդրանք պատերազմի պահին միայն Աստծուց է։

Եվ ահա, թե ինչու է հաղթանակը յուրաքանչյուր հայի հետ։ Անգամ նրանք, ովքեր նահատակվում են, ընկնում են հաղթած, քանի որ գիտեն հայրենի հողի գինը, քանի որ ճանաչում են Աստծուն և այդպիսով վստահ են նաև հաղթանակի հարցում։

Հաղթող է յուրաքանչյուրը, որ ընկնում է ոչ թե տարածքների, այլ հայրենիքի փրկության համար, ով մղում է գոյամարտ և վաստակում ապրելու իր իրավունքը։ Եվ բոլոր հարթություններում տարվող մարտերում հաղթելու է յուրաքանչյուր հայ, ով ճանաչում է իր հայրենիքը, իր Աստծուն, և ապրում ու նահատակվում՝ հանուն նրանց։ Այս պատերազմում ևս հաղթելո՛ւ ենք։

Հաղթանակի աղոթք

«Տէր, եթէ զշրթունս իմ բանաս, բերան իմ երգեսցէ զօրհնութիւնս Քո»:

Սաղմոս ԽԱ 17

Գոհությո՛ւն Քեզ, Տե՛ր Աստված մեր, որ շնորհարեցիր մեզ՝ գտնվելու սրբություն ճառագող Քո Տաճարում, որի քարեղեն պատերի մեջ կարդում ենք մեր հայրերի հավատքի հոգեղեն ներկայությունը: Փա՛ռք Քեզ, Տե՛ր Աստված, որ եղար ոգեշնչողը, մարտակիցն ու առաջնորդողը հայոց պատերազմի: Փա՛ռք Քեզ, Երկնավո՛ր Տեր, որ հավատարիմ, քրիստոնյա և արիասիրտ ազգի զավակներ ենք, Օրհնությա՛մբդ հաղթանակած ազգի զավակներ: Մենք խոնարհվում ենք մեր սուրբ նահատակների առաջ: Նրանք գերեզմանված չեն, մեր սրտերում են, հոգիների ու հիշողության մեջ: Խունկ և աղոթք քաջորդաց հիշատակին: «Խաղաղություն զիմ տամ ձեզ…» (Հովհաննես ԺԴ 27):

«Տէր Աստուած մեր, տու՛ր զՔո խաղաղութիւնդ ամենայն աշխարհի… Նշանաւ սուրբ եւ պատուական խաչի քո՝ հալածեա՛ սահմանաց մերոց եւ ի բարկութենէ մերմէ» (Ժամագիրք):

Ողորմա՛ծ Աստված, զորավոր Խաչովդ պահպանիր Հայոց Երկրի բոլոր սահմանները: Գոտեպնդիր մեր քաջազուն զավակներին, զինիր նրանց անսասան հավատքով և աներկյուղ պահիր երևելի և աներևույթ թշնամու հարվածներից:

Բարեսե՛ր Տեր, ընդունիր զավակներիդ աղոթքն առ Աստված: Թող իբրև ահեղ կոչնակ՝ ղողանջեն զանգերն այս Տաճարի և միախառնվելով մեր խնդրանքներին՝ առաքվեն վեր, դառնան Հայր Աստծուն ձոնված օրհներգ ու փառաբանում: Եվ օրհնությամբ թող լցվեն Հայաստան ու Արցախ աշխարհը:

Աստծո շնորհը, սերն ու հավատքն ուժ լինեն մեր կյանքում: Լինենք միակամ ու միաբան: Լինենք և մնանք մեկ ազգ ու մեկ եկեղեցի: Եվ թող Ամենազոր Աջը Քո հովանի լինի մեր ժողովրդին ի Մայր Հայաստան, յԱրցախ և ի Սփյուռս աշխարհի: Ամեն:

Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյան

Աղբյուր՝ Qahana.am

Հետևեք մեզ նաև Telegram-ում