Ալեքսանդր Ծատուրյան․ Փոթորիկ

Ալեքսանդր Ծատուրյան․ Փոթորիկ

Սև-սև ամպեր կուտակ-կուտակ
Եկան, երկինք ծածկեցին,
Պղտորվեցավ ծովի հատակ
Նավեր խարիսխ ձգեցին։

Շփոթ, աղմուկ, իրարանցում,
Նավ, նավապետ, նավաստիք
Շտապ պահվում են ծովածոցում,
Վրա է հասնում փոթորիկ։

Որոտում են ամպերն ահա,
Շանթեր սփռում վերևից.
Կուտակվում են ծովի վերա
Լեռներ՝ պղտոր ջըրերից…

Ծով ալեկոծ, երկինք խավար,
Խավար տիրած չորս բոլոր.
Աղմկում են խառնված իրար
Երկու տարերք ահավոր։

Եվ ես հեռվից համըր վկա
Այդ մեծազոր պատկերին,
Լուռ նայում եմ – վե՜րջ չկա
Ինձ պաշարած մտքերին…

Մտածում եմ – և՛ կյանքի մեջ,
Որպես այս գոռ փոթորիկ,
Միշտ եռում են հոգսեր անվերջ,
Հուզվում կըրքեր ու չարիք…

Եվ կյանքի մեջ, որպես ծովում,
Շա՜տ է թափվում ուժ ու ճիգ.
Որպես նավեր, ափն են լողում
Ամբողջ ազգեր ու մարդիկ։

Ով լողորդ է հմուտ, փորձված,
Շո՛ւտ է հասնում եզերքին.
Իսկ ով անփորձ կամ թույլ, հոգնած.
Արագ զոհվում փոթորկին։

Կյանքը ծով է… Ե՛վ վա՜յ նորան,
Ով չէ՛ այնտեղ կազմ-պատրաստ.
Ով չունի՛ ղեկ, չունի՛ կայան,
Փարոս, խարիսխ, առագաստ…

1896, Գուրզուֆ

Հետևեք մեզ նաև Telegram-ում