USD
EUR
RUB

Ծովինար Խաչատրյան. Ես կռվի հետ գործ չունեմ

 

- Յոնի, ա մեռած, ոչխարդ հեռու մի տար, կռիվ ա…
- Ա՜, ես հինչ գործ ունեմ կռվի հետ:
Յոնին փոթ (մականուն) անուն է. իսկական անունը Շահեն էր: Ծնողները նրան ունեցել էին մեծ տարիքում. վերջապես հաջողվել էր եզրափակել կապուտաչ ու շեկլիկ աղջիկների շարանը: Բայց Շահենի ծնողների ուրախությունը երկար չէր տևել, շուտով պարզվել էր, որ երեխայի հետ ինչ-որ բան այն չէ: Խեղճ մայրն առավոտից իրիկուն սաստում էր՝ Շահեն, մին յոնի (կարգին) կաց: Միևնույն է՝ չէր հասկանում: Այդպես անունը դարձել էր Յոնի: Իսկական անունը տարիների ընթացքում մոռացվել էր, ինչպես մարդու մարմնին սազ չեկած զգեստն է երկար մնում պահարանում կախված, խունանում, ի վերջո նետվում գզրոց ու մոռացվում՝ այդպես էլ չհագած:
Յոնին երեք տարի առաջին դասարանում նստելուց հետո դուրս եկավ դպրոցից: Բոլորի համար ակնհայտ էր, որ երեխան տհաս ու թանձրամիտ է, ողջ կյանքում խակ է մնալու: Միայն ծնողներն էին դժվարությամբ հաշտվում այդ մտքի հետ: Բայց շատ բարի, ոտնաթեթև տղա էր, ով ինչ խնդրեր, վազելով էր անում՝ առանց աչք թարթելու և մտածելու£
Ամեն նեղն ընկնելիս հինթաղերցին նայում է Դիզափայտ լեռանն ու մրմնջում՝ Սորփ Տիզափատ, դու օգնական… Այս գյուղը Դիզափայտ աշխարհի ամենահին բնակավայրերից է: Շրջակայքում հինգ ավելի հին բնակատեղիների ավերակներ կային, երևի սրա համար էր ներկայիս գյուղը կոչվել Հին Թաղեր: Անտառն ու գետակը հերիք էր, որպեսզի հինթաղերցին իր գյուղը դրախտավայր համարեր, թեկուզ Եփրեմ դայու միջոցով իրենց հասած իմաստասեր Լողմանու խոսքն ասում էր՝ Աստված մարդուն այնպես է ստեղծել, որ իր ծննդավայրն աչքին խուրմաշատ Բաղդադ թվա:
Գարնանը շրջակա գյուղերի ժողովուրդն ուխտագնացության է գնում Դիզափայտի վանքը: Ամեն անգամ մայրը մի կարմիր աքլոր էր տալիս Յոնու գիրկն ու ձեռքից բռնած հասցնում լեռան կատարը, պտտեցնում վանքի շուրջն ու մորթում դռանը: Հետո իջնում էին քարքարոտ ու տկլոր լանջն ի վար, հասնում ծառուտին, կրակ վառում, սուփրա գցում և մատաղն ընդունելի անում: Երբ դեռ փոքր էր Յոնին, վախեցած ու զարհուրած նայում էր թփրտացող գլխատված աքլորին ու գոռում՝ չէ՛, չէ՛: Իսկ երբ մեծացավ, սարի գլխին բաց էր թողնում աքլորն ու հետևից կանչում՝ գնա տուն: Մայրն ասում էր՝ ցավդ տանեմ, բալաս, չի կարելի, ախր մատաղացու է… Հետո համոզվելով, որ Սուրբն էլ չի օգնում իր զավակին, նրա կամքին չէր ընդդիմանում:
Յոնու հայրը շուտ մահացավ. մայրն էլ արդեն տարիքով, դարդից շուտ ծերացած կին էր: Աղջիկներն ամուսնացել, ամեն մեկն իր ընտանիքին ու հոգսին էր: Պառավին հանգիստ չէր տալիս այն միտքը, թե ո՞վ իրենից հետո տիրություն կանի որդուն: Փորձեց ամուսնացնել. հարևան գյուղից մի անբախտ, կաղ աղջիկ բերեցին, մի թեթև ուրախություն սարքեցին: Հաջորդ առավոտ ջահելները հարցնում էին.
- Յոնի, էս գիշեր հո՞ւնց ըս քնել…
- Ա՜, էդ շան աղջիկը թողե՞ց, որ քնեմ, սաղ գիշեր խտուտ էր տալիս:
Խեղճ աղջիկը տեսավ՝ բան չի հասկանում, ետ գնաց հերանց:
Յոնին գյուղի ոչխարն էր պահում: Հանդերում ծառ ու ծաղկի, անասունի հետ իրեն ավելի լավ էր զգում: Առավոտյան առնում էր մահակն ու ոչխարը հավաքում, տանում. ապահով ու անկորուստ էլ պահում էր: Ողջ օրն անձանձրույթ թափառում էր ոչխարի հետևից: Տեսնել էր պետք, թե նորածին գառներին ինչպիսի քնքշանքով էր գրկած բերում, բնազդով հասկանալով բնության այդ մեծ հրաշքի խորհուրդը: Ինքն էլ իր ոչխարներին ու գառներին ավելի մոտ էր, քան մարդկանց, մանավանդ որ մայրն արդեն չկար: Կարծես, Աստված մոռացել ու կիսատ էր թողել նրան՝ մարդու ու անասունի արանքում, թողել խեղճուկրակ, մոլորված:
Ձմռան ցուրտ օրերին, երբ տավարը հանդ չէին տանում, Յոնին մնում էր գյուղամիջում տնկված: Կանչում էին, տաք կերակուր տալիս£ Եթե տանտիրուհին հարցնում էր՝ Յոնի, ամանդ մի հատ էլ լցնե՞մ, պատասխանում էր՝ դո՛ւ գիտես£ Ինչ գործ ասեին, պատրաստակամ անում էր£ Ո՛չ հոգնել գիտեր, ո՛չ կշտանալ, ո՛չ մերժել£
Երբ ձմռան արևը կեսօրին մի քիչ ծիպիլ էր անում, հավաքվում էին տղամարդիկ գյուղամիջում£ Գործ չկար. պարապությունից իրար ձեռ էին առնում, թամաշա ու թատրոն սարքում, շխկարա տալիս: Աստված տվել, չի խնայել© ուրախ, սրամիտ, ծիծաղկոտ են լեռնցիք, եռանդուն, նաև` հաղթանդամ: Ոնց աշխատում, այնպես էլ ուտում են, ոնց կուշտ ուտում, այնպես կուշտ էլ ծիծաղում են: Ինչքան շատ են ծիծաղում, այնքան զորանում ու փարթամանում են: Մեջների խտուրու-մտուրուն Վարսենիկի տղերքն էին՝ կարճլիկ, փոքր-մոքր, բայց ջլապինդ ու խորամանկ. բոլորն էլ փարթամ ու բոյով աղջիկներ ուզեցին, որ ցեղը խոշորանա: Հարսներից մեկը մի օր սկեսուրի թաղը գնացողի հետ ապսպրել էր՝ քու հեր թաղեմ, Վարսենիկ, մեկը բերեիր, կարգինը բերեիր, ո՞ւր ես կզտի-պզտի վեցը շարել. կալի ճամփին ջվալի տակ փորս ճղվեց …
Երբ գյուղամիջի ջահելների սրախոսության մուսան գալիս է, վայը տարել է անցնող-դարձողին: Մեկ էլ Թեմուրը կբռնացներ փոստատարին.
- Մարուսյա, ես էս կազեթը չեմ վերցնի, էն ա կարդացած, նորը տուր:
- Վա՜յ, մեր Ծտուրեն արևը թա կարդող ա իլալ:
Բայց նրանց զրույցների ու սրախոսության ամենասիրած թեման, համընդհանուր սիրո և ուշադրության առարկան, ներշնչանքի անսպառ աղբյուրը Յոնին էր: Մի օր մի լայնեզր հին գլխարկ դրին գլխին ու ասացին՝ Յոնի, էս հո՜ւնց ա սազում, ոնց որ մինիստր լինես, մինիստրի գլխարկ ա: Այլևս անբաժան էր այդ գլխարկից: Ով հարցնում էր՝ էդ ո՞ւմն ա, զարմանում էր՝ բա չգիտե՞ք, մինիստրինն ա:
Ինչքան էլ Հին Թաղերը թաք կացած էր բլուրների ու խութերի մեջ, կռիվը գտավ նրան: Թուրք օմոնը՝ խորհրդային բանակի օգնությամբ Գետաշենը տեղահանելուց հետո, անցավ Հադրութի ու Բերդաձորի գյուղերին, դատարկեց Առաքյուլից մինչև Ծամձոր, Խանձաձոր, հասավ Հին Թաղերին£ Թուրքը կազմակերպված մտնում էր, ավտոբուսներ տրամադրում, բնակիչներին ուղարկում Գորիսի կողմերը, իբր՝ լավություն է անում, չի կոտորում, հետևից դատարկում տները, բեռնատարներով ավարառում ունեցվածքը: Մարդիկ թողնում էին հացը հունցած, լվացքը փռած, անասունը հանդում, իրենց հագի եղածով նստում ավտոբուս, լաց-շիվանով գնում: Վախ, խուճապ, խառնաշփոթ£ Ինչո՞ւ է հայը միշտ ուղտի ականջում քնած, ինչո՞ւ է սպասում, որ դանակը ոսկորին հասնի: Ե՞րբ է հայը պատրաստ լինելու ճակատագրի ամեն անակնկալի£ 91-ի մայիսին արդեն 24 տեղահանված գյուղեր կային: Աշխարհի վեջը չէր, միայն բարոնուհի Քոքսը եկան, հասավ Գորիս՝ տեղահանվածների ճամբար, փորձեց սպիտակ դրոշով անցնել Լաչինը, թուրքը չթողեց£
Քիչ մնաց Հին Թաղերի ժողովուրդն էլ ահաբեկված փախչեր, Շադյան Գրիշան չթողեց, բոլորին հավաքեց ու ասաց©
- Էսքան ջահել կա գյուղում, խի մենք մեռա՞ծ ենք, որ թուրքը մտնի: Մի կրակոցն էլ հերիք ա, որ նա զգաստանա: Մեր դիրքը լավն ա, մենք կարող ենք նրա ճամփան փակել£ Եթե թուրքը բարձրացավ Դիզափայտ, Ղարաբաղը բռան մեջ կլինի: Դիզափայտից մինչև Արաքս գետը երևում ա: Թողնենք՝ էլի մտնեն, մեր Սուրբը քարուքանդ անե՞ն…
Ասաց ու տղաներին կանգնեցրեց դիրքերում: Կրակի տակ պահեցին գյուղի զառիթափը: Թուրքը նահանջեց:
Հետո սկսվեց իսկական պատերազմը. թուրքն այս անգամ եկավ գրադով ու ալազանով: Ամենապինդ ու ապահով շինությունը Ամենափրկիչ եկեղեցին էր, որ սովետի տարիներին պահեստ էին դարձրել. այստեղ էլ հավաքեցին կանանց ու երեխաներին: Տրաքոցը եկել, տները շղհարում էր, դողը գցում ջանդ: Ումի՞ց առնեին իրենց հարցերի պատասխանները: Էլի սկսեցին Յոնու հոգու հետ խաղալ.
- Յոնի, հանդը մի գնա, թուրքը մոտեցել ա, քեզ կգողանա…
- Ա՜, ես հինչ գործ ունեմ թուրքի հետ, նա՝ ով, ես՝ ով:
- Բա որ գործ ունեցավ ու եկավ, հի՞նչ կանես:
Շատ որ հոգին կերան, մտածեց, մտածեց ու ծոր տալով ասաց.
- Մի ղազան ջուր եռ կածեմ ու կլցնեմ գլխներին:
Նրա համար ամենազարհուրելի զենքը եռացրած ջուրն էր. երեխա ժամանակ թեյնիկը շուռ էր տվել, ոտնաթաթն այրել:
Թուրքերն այդպես էլ չկարողացան գյուղ մտնել. հարևան գյուղերի պաշտպանական ջոկատները միավորվեցին, քշեցին նրանց:
Յոնին ուրախացավ, նորից իր տավարի հետ հանդերումն էր: Ոչխարն արածում էր, ինքն էլ մի թմբի վրա նստած, խաղում էր ձեռն ընկածով: Հավաքում էր արկերից մնացած տուփերը, դատարկ պարկուճները և դրանցով զբաղվում: Մի օր թփերի խորքում թաքնված մի կանաչ ու կլոր բան տեսավ: Ձեռքը մեկնեց, չհասավ: Մեկ ուզեց թողնել, հեռանալ, մեկ էլ միտքը փոխեց© տուփը ձգում էր կարծես: Կռացավ, մահակով քաշեց դեպի իրեն: Ականի պայթյունի ձայնը դղրդաց խաղաղ իրիկնամուտի մեջ, արձագանքվեց: Առաջինը վրա հասան հովիվներն ու մոտակա թաղի բնակիչները: Յոնու այլանդակված մարմինը դեռ թփրտում էր խոտերի վրա…
Գյուղը ցնցվել էր: Լացն ու սուգը համընդհանուր էր, որովհետև ոչ-ոք այդքան բոլորինը չէր, ինչքան Յոնին:

Աղբյուր՝ Granish.org

Լրահոս
Հովհաննես Գառնեցու մասին Մահացել է ճարտարապետ, նկարիչ Ֆրիդոն Ասլանյանը Կոնսերվատորիայի ուսանողները հանդես կգան Ֆրանսիայի ազգային տոնին նվիրված համերգով Ֆիլհարմոնիկ նվագախմբի կամերային համերգաշարի շրջանակում կհնչեն Ֆրանց Շուբերտի գործերը Վերականգնվում են «Անվերջության ժապավեն» և «Արձագանք» մոնումենտալ քանդակները Տաճարն Աստծու տունն է «Ճախրուկ» փառատոնը կատարումներով կզարդարեն Արտո Թունչբոյաջյանը և Armenian Navy Band խումբը Մահացել է հայտնի դուդուկահար Ջիվան Գասպարյանը Տիգրանակերտի դեպքում ադրբեջանցիները չգիտեն՝ մեզ ինչի մեջ մեղադրեն. Համլետ Պետրոսյան «Բայց դուք, եղբարք, մի ձանձրանաք բարիք գործելուց» Հայաստանի պետական կամերային երգչախումբը բարձր մակարդակով է ելույթ ունեցել Ռավեննայի փառատոնին «Բաբաջանյանը Երևանում»՝ հուլիսի 3-9-ը Աստծու գոյությունը, մաս 3-րդ «Ոսկե ծիրան» կինոփառատոնը 2021-ին կանցկացվի հոկտեմբերին «Ոսկե ծիրան» կինոփառատոնը 2021-ին կանցկացվի հոկտեմբերին ԳԱԿ-ը հայտարարում է «Գագիկ Հարությունյան. մոռացումի անսպասելի գեղեցկությունը» ցուցադրության բացման մասին Ջեյմի Լի Քյորտիսը Վենետիկի փառատոնի «Ոսկե առյուծ» մրցանակ կստանա կինեմատոգրաֆում ներդրած ավանդի համար Իտալիայում մեկնարկել են Հայաստանի պետական կամերային երգչախմբի փորձերը Կրքերի մասին Վահագն Դավթյան․ Քարե քնքշանք ԱԺ-ն ընդունեց կինեմատոգրաֆիայի ոլորտը կանոնակարգող նոր օրենքը Հայկական հանդերձի գունեղ ու զարմանալի ավանդույթները՝ «Դրվագներ ինքնության. Տարազ» ցուցահանդեսում Ռազմիկ Դավոյան. Իմ ձայնը անմարմին, անգլուխ... Միքայել Միրզոյանի անվան երաժշտական դպրոցն ամփոփիչ համերգ է տվել Նարեկ Հախնազարյանը Սիմֆոնիկ նվագախմբի հետ կներկայացնի իրեն նվիրված կոնցերտը Սպենդիարյանի 150-ամյակին լույս է տեսել «Ալմաստ» օպերային նվիրված Գեորգի Բուդաղյանի գիրքը Լիվերպուլի պատմական հատվածը կարող է զրկվի ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության կարգավիճակից Ռուսական արվեստի թանգարանում կբացվի «Որոնելով գեղեցիկը։ Միխայիլ Վռուբել» ցուցահանդեսը Որ մեր սրտերը չխռովվեն, որ չվախենանք․ կայունացման ուղին «Դարի գողությունը» բացահայտվել է. Հունաստանի ոստիկանությունը հայտնաբերել է 9 տարի առաջ գողացված Պիկասոյի և Մոնդրիանի կտավները Համազգային թատրոնը փոխեց չեխովյան փառատոնի իմիջը.«Փափլիկը» ներկայացումը արժանացել է բարձր գնահատականի «Երևանյան հեռանկարներ» փառատոնի առաջին համերգին ելույթ կունենա Իտալիայից ՀՀ ժամանած դաշնակահար Մայա Օհանյանը Աստծու սերը միտքը ուղղում է դեպի սիրտ Խաբվածները Համո Սահյան․ Կածանն ինձ տաներ... Գրիգոր Տատինցյանի «փախուստը» դեպի վառ իրականություն Գրատպության թանգարանի առաջին առցանց հավաքածուն հասանելի կլինի Google Arts & Culture հարթակում «Նովելի իշխան» Գրիգոր Զոհրապի ծննդյան 160-ամյակն է Շուշին 1902թ. օգոստոսին, Բ մաս Աղոթքը դառնում է սրտաբուխ, երբ միտքն իջնում է սիրտ
Ամենաընթերցված
website by Sargssyan