Մոնսերատ Կաբալյեն հիացել էր Շուշիի Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց եկեղեցով, որը հոկտեմբերի 8-ին բարբարոսաբար հրետակոծվել է

Մոնսերատ Կաբալյեն հիացել էր Շուշիի Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց եկեղեցով, որը հոկտեմբերի 8-ին բարբարոսաբար հրետակոծվել է

ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, Aravot.am: ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը ցուցադրման բացառիկ իրավունքով առաջին անգամ ներկայացնում է «Հայաստան և Արցախ. քրիստոնեության կղզի» խորագրով հոլովակը, որում իսպանացի աշխարհահռչակ օպերային երգչուհի երջանկահիշատակ Մոնսերատ Կաբալյեն Հայաստանի ազգային Ֆիլհարմոնիկ նվագախմբի նվագակցությամբ կատարում է Կոմիտասի «Կռունկը»: Երբևէ չցուցադրված կադրերում աշխարհահռչակ երգչուհին հիանում է Շուշիի Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց եկեղեցով, որը հոկտեմբերի 8-ին բարբարոսաբար հրետակոծվել է թշնամու կողմից:

«Հայաստանը միշտ եղել է քրիստոնեության բնօրրանը: Գանձասարի ուժը հավատի մեջ է. այդ անսահման հավատն է ինձ բերել այստեղ: Ամենուր կարող եմ ասել՝ ես եղել եմ Գանձասարում, և դա ինձ համար չափազանց կարևոր է: Սա սովորական ուխտագնացություն չէ, և Գանձասարն էլ սովորական վայր չէ. Հայաստան-Արցախ քրիստոնեության կղզում Գանձասարը Ավետյաց երկիրն է: Երջանիկ եմ, որ աշխարհին կարող եմ լուր փոխանցել այս քրիստոնեական կղզուց, որ այդքան հեռու է տարածության մեջ և այդքան մոտ՝ մեր սրտերում: Քրիստոնեական Արցախը մեզ միավորում է իր հավատով՝ մեր ձեռքից բռնած ուղղորդելով դեպի ապագա: Այս երկիրը ոչ միայն քրիստոնեության կղզի է, այլև քրիստոնեության պատմության արմատը»,- ասել է երգչուհին Արցախ կատարած այցի ժամանակ:

Ականատեսները պատմում են, որ Գանձասարում երգչուհին զմայլվել է եկեղեցու գեղեցկությամբ, հպվել պատերին, երկար ուսումնասիրել արձանագրությունները: Նա չի թաքցրել հիացմունքը հայ միջնադարյան եկեղեցական ճարտարապետական արվեստի նկատմամբ՝ հետաքրքրությունը բացատրելով հայկական քրիստոնեական հուշարձանների առատությամբ:

Տեսահոլովակի կադրերը 2014 թ. Մոնսերատ Կաբալյեի արցախյան այցից են. հոլովակի ցուցադրման բացառիկ իրավունքը հանրահայտ «Starmus Universe» կազմակերպությունը փոխանցել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը:

Հոլովակը քաղաքակիրթ աշխարհին մեկ անգամ ևս հիշեցնում է ու հորդորում, որ Հարավային Կովկասում քրիստոնեության կղզյակ Հայաստանի ու Արցախի նկատմամբ ադրբեջանական ագրեսիան պետք է դատապարտվի։

Հետևեք մեզ նաև Telegram-ում