USD
EUR
RUB

Ո՞ւր է քո Աստված

 

«Ո՞ւր է քո Աստված» (Սաղմ. ԽԲ 4):

Այս հարցումը, թե՝ «ո՞ւր է քո Աստված», փոխ եմ առել քառասուներկուերրորդ սաղմոսից: Այս հարցումը չի պատկանում սաղմոսերգուին, այլ՝ նրա թշնամիներին: Այս սաղմոսն արտահայտում է բաբելացիներից պարտված ու գերեվարված Իսրայելի ժողովրդի տրտունջները: Այս հարցումը հեթանոս հաղթողների կողմից ուղղված էր այն պարտվածներին, որոնք հավատացյալներ ու ճշմարիտ Աստծու երկրպագուներ էին:

Սաղմոսի երեք տների միջոցով սաղմոսերգուն մեզ նկարագրում է այն նախատինքներն ու լուտանքները, որոնց ինքը ենթարկվել էր, և այդ բոլոր լուտանքների մեջ ամենանվաստացուցիչն ու դառնաղի արցունք պատճառողը թշնամիների այս հարցումն էր. «Ո՞ւր է քո Աստված»: Սաղմոսերգուն երկու անգամ, իր խորը վիշտն արտահայտելով, կրկնում է այդ խոսքը. «Արցունքներս կերակուր եղան ինձ համար գիշեր ու ցերեկ, քանզի ամեն օր ինձ ասում էին, թե՝ ո՞ւր է քո Աստված»:- «Երբ ոսկորներս փշրվեցին, իմ թշնամիներն ինձ նախատեցին՝ ամեն օր ասելով, թե՝ ո՞ւր է քո Աստված»:

Սաղմոսերգուն, անշուշտ, տառապում էր գերի լինելու հետևանքով: Տառապում էր՝ խորհելով իր մարած օջախի ու իր կորսված հայրենիքի մասին: Սակայն իր ամենամեծ ու սաստիկ վիշտը այն էր, որ նա զգում էր, թե ինչպես է այդ հարցումով խնդրո առարկա դառնում ու տարակույսի ենթարկվում իր Աստծու արդարությունը, սերը և նույնիսկ՝ պատիվը:

Եվ, սակայն, այս հարցումը որքան էլ որ նախատական լիներ սաղմոսերգուի համար, այնուամենայնիվ շա՜տ բնական հարցում էր հեթանոսների կողմից: Հիրավի, Իսրայելի համար դառնություն էր պատահել. նա այլևս ինքն իրեն փառավորված չէր զգալու՝ երկնքի ու երկրի իր Արարչին ծառայելով, այլևս չէր կարողանալու իր ներշնչյալ երգասացների շուրթերով հեթանոսների սուտ աստվածների անկարողությունը մատնանշել և հեգնել նրանց ակնհայտ ապիկարությունը (հմմտ. Ես. ԽԵ 20):

Եվ դեռ այդժամ էլ Իսրայելը ոչ միայն իրապես հաղթված էր, այլև տապալված էին նրա պաշտած Աստծու խորանները, ջնջված էր նրա ազգությունն ու այդպիսով ազգերի ցանկից նրա անունը վերացված էր, իսկ ամենազարհուրելին էլ այն էր, որ հաղթողները հեթանոսներն էին: Հետևաբար, ուրիշ ի՞նչն այնքա՜ն ավելի բնական պիտի համարվեր, որքան բաբելոնական աստվածությունների երկրպագուների կողմից Եհովայի երկրպագուներին ուղղված այս հարցումը. «Ո՞ւր է քո Աստված»:

Մի շարք դեպքերի առթիվ հենց այս հարցումն է, որ տրվում է մեզ, և անկարելի է, որ այդ հարցումը մեր սրտում ու մտքում փոթորիկ չառաջացնի: Թեև ժողովուրդներին պատահած մի շարք մեծամեծ աղետների մեջ այնպիսի աղետներ կան, որոնք դժվար չէ մեկնաբանելը, երբ մանավանդ այդ աղետների մեջ դյուրությամբ տեսանելի է պատժի, արժանիորեն վրա հասած պատժի առկայությունը, որը նույնիսկ խիղճն ինքն է պահանջում և որում տեսանելի է Աստծու փառքը, սակայն այդ ամենից անդին էլ կան այնպիսի ահավոր աղետներ, որոնցում ոչ միայն տեսանելի է արդարության՝ վերիվայր շրջվելն ու նյութական օրենքի խախտումը, այլև բարոյական կարգ ու կանոնի մեջ տեղ գտած մի խառնաշփոթություն:

Եվ այսպիսի պարագայում, կարելի է երևակայել, թե ինչպիսի՜ հեգնական շեշտադրում պիտի դրված լիներ անհավատի կողմից հավատացյալին ուղղված այս հարցումի մեջ. «Ո՞ւր է քո Աստված»: Բայց, փա՜ռք Աստծու, այս հարցումի հանդեպ հավատացյալն անտարբեր ու լուռ չի մնում. նա ունի իր պատասխանները:

Նախ և առաջ ես կուզեի, որ դուք դիտարկեիք այն պարագան, որ մենք մեծապես կսխալվեինք, եթե փորձեինք առհասարակ ամեն իրադարձության մեջ Աստծու ձեռքը տեսնել, քանի որ դեպքեր կան, որոնցում Աստծու ձեռքի առկայության մասին ենթադրելն անիմաստ կլիներ: Սակայն, թերևս, կասվի, թե արդյոք Աստված չէ՞ տեղի ունեցող այս բոլոր իրադարձությունների «հեղինակը»: Անշուշտ, ո՛չ:

Պատմությունը լեցուն է ոճիրներով: Մի՞թե պետք է այն հետևությունն անել, թե Նա է այս ոճիրների հեղինակը: Անգութ ու տխմար մի մարդասպան, իր խելացնոր մտադրություններից ելնելով, սպանում է բարի ու պարկեշտ մի մարդու: Մի՞թե ես կարող եմ ենթադրել, թե Աստված էր, որ ներշնչեց այդ ողորմելիին՝ իրագործելու իր այդ չարաշուք ծրագիրը: Այս ամենից զատ էլ ես կարող եմ Աստծու՝ իմ մեջ սերմանած ճանաչողությամբ պատասխան տալ բոլոր նրանց, ովքեր նմանօրինակ ոճիրների վերաբերյալ կհարցնեն ինձ. «Ո՞ւր է քո Աստված»: Ես կարող եմ համարձակորեն ասել նրանց. «Աստված այնտեղ չէ»:

Դարձյալ, երբ ես տեսնում եմ, որ զինված մի ժողովուրդ առանց որևէ պատճառաբանության հարձակվում է տկար ու անզեն մի ժողովրդի վրա՝ վերջինիս հարկատու դարձնելու և ստրկացնելու նպատակով, վստահաբար կարող եմ ասել. «Աստված այնտեղ չէ»: Երբ ես ականատեսն եմ լինում այնպիսի խռովեցուցիչ հաղթանակների, որոնցում վտանգված է իրավունքի գոյությունը և բռնությունն է տիրապետում, իմ խիղճը՝ ճնշված ու սրտնեղած, ինձ ասել է տալիս. «Աստված այնտեղ չէ»:

Դուք, թերևս, ինձ հարցնեք. «Եթե Աստված ձեր հիշատակած դեպքերի ու աղետների մեջ չէ, ուրեմն վտանգված չէ՞ արդյոք Աստծու ամենուրեքությունն ու ամենազորությունը»: Ես էլ իմ հերթին ձեզ պիտի հարցնեի. «Այդ դեպքում, ուրեմն, ի՞նչ պիտի տեղի ունենար մարդկային կամքի ազատության հետ»: Ես հավատում եմ թե՛ Աստծու ամենուրեքությանն ու ամենազորությանը, և թե՛ մարդկային ազատ կամքին, իսկ եթե չհավատայի մեկին կամ մյուսին, ապա աշխարհի պատմությունից որևէ բան չպիտի հասկանայի:

Ես հավատում եմ, որ Աստված իրապես անայլայլորեն ամենազոր է, բայց և միևնույն ժամանակ զորությունն ունի՝ սահմանափակելու իր զորությունը, որպեսզի մարդկային կամքի ազատությունն իր գործելու ազատ ասպարեզն ունենա, քանի որ, նկատի՛ ունեցեք, որ մարդն, առանց ազատ կամքի, կդադարեր Աստծու պատկերը լինելուց և անասունների կարգին կդասվեր:

Սակայն սա չի նշանակում, թե Աստված պարզ հանդիսատեսի կարգավիճակով է ներկայանում մարդկային ազատության հետևանքով տեղի ունեցող բոլոր իրադարձությունների մեջ, և թե Նա ինչ-ինչ պարագաներում անգործ ու անզգայուն է մնում: Քրիստոսի այն խոսքը, թե «Իմ Հայրը մինչև այժմ գործում է», բացարձակ ճշմարտություն է: Աստված միշտ միջամտում է՝ դարմանելու մեր ազատության հետևանքով ի հայտ եկած զեղծումները, և դեռ դրանք էլ ծառայեցնում է Իր հավիտենական ծրագրերի կատարման ու դրանք իրենց լրումին հասցնելու գործին:

Երբ ուսումնասիրեք աշխարհում տեղի ունեցող իրադարձություններն ու պատահարները, կհամոզվեք, որ Աստված միշտ էլ Իր միջամտությամբ գործում է՝ առանց վնասելու մարդու ազատությունը: Օրինակ՝ մարդկային ազատ կամքի հետևանքով տեղի ունեցող արյունահեղ պատերազմների պարագայում Աստված այդ պատերազմների առաջացրած ավերներից ու կործանումներից բխեցնում է ճշմարտության գահակալությունը: Իսկ ահա մարդկային հասարակության մեջ շարունակական խռովք առաջացնող ահռելի ոճիրներից էլ Աստված «պատրաստում» է արդարության հաղթանակը: Մինչև իսկ Հուդայի մատնությունը, որ ազատ կամքի արդյունքն էր, Աստված ծառայեցրեց մարդկային փրկագործությանը:

Մեզ զարմացնող ու ապշեցնող այս իրական ճշմարտությունը մի օր՝ վսեմ մի տեսիլքի միջոցով, Աստված Ի՛նքը սովորեցրեց մարգարեներից ամենամեծին: Իսրայելի պատմության ամենախռովահույզ շրջաններից մեկն էր: Եղիան, Աքաբի հալածանքներից փախչելով, ապաստանել էր Քորեբ լեռան վրա: Այնտեղ Աստված Եղիային հայտնեց, թե պիտի անցնի նրա առջևով: Մարգարեն ողջ ուշադրությամբ նայեց՝ տեսնելու համար Աստծու անցնելը… Եվ ահա բռնաշունչ մի փոթորիկ սկսեց բղավել, բայց Աստված փոթորկի մեջ չէր: Հազիվ էր փոթորիկը դադարել, և, ահա՛, երկիրը սկսեց տարուբերվել իր ոտքերի վրա ու լեռան ապառաժները պատառ-պատառ եղան, բայց Աստված երկրաշարժի մեջ չէր: Երկրաշարժին հաջորդեց լափլիզող մի բոց, որն ամեն բան մոխրի էր վերածում. Աստված բոցի, այդ կրակի մեջ էլ չէր:

Այս հաջորդական պատկերները խորհրդանշում են մարդկային հասարակության մեջ տեղի ունեցող անկարգությունները: Աստված այդ անկարգությունների մեջ չէ: Սակայն անկարգությունները ծառայում են՝ ծանուցելու և պատրաստելու աստվածային հայտնությունը: Երբ փոթորիկը հանդարտվում է, երբ երկիրը դադարում է շարժվելուց, երբ ամենակուլ կրակը մարում է… ահա՛ գարնանային մեղմ ու հեզիկ զեփյուռն է խաղում, և զգում ես նրա գգվանուշ ու մեղմիկ շոյանքը: Եվ այդժամ խոնարհվի՛ր դու, ո՜վ մարգարեդ Բարձրյալի, և ծածկի՛ր երեսդ, քանի որ, ահա՛, հավիտենական Աստվածն է անցնում… (հմմտ. Գ Թագ. ԺԹ 11-13):

Դեպքերը, որոնց հանրագումարի արդյունքում «կազմվում» է պատմությունը, նման են հսկայական շենքի «բաղադրատարրերին», որոնց ճարտարապետական արժեքը երևում է միայն այն ժամանակ, երբ հեռվից եք դիտում: Հեռվից միայն կարելի է ըմբռնել այդ տարրերի գործակցության ու գոյության իրավունքը և հեռվից միայն կարող եք նկատել, թե այդ տարրերը շենքի ամբողջությանը որքա՜ն հմայիչ ներդաշնակություն են հաղորդում:

Այսպես նաև մենք հազիվ թե կարողանանք լավ դատել ու ճշտորոշել ժամանակակից իրադարձությունների որպիսությունը, մանավանդ եթե մենք ևս որևէ կերպ առնչություն կամ մասնակցություն ունենք այդ դեպքերին: Ժամանակակից իրադարձությունների պատմությունը մեզ թվում է ընդհանրապես ու իրապես քաոսային, և մենք հակվում ենք խորհելու, թե՝ «ո՞ւր է Աստված»:

Սակայն թողե՛ք, թողե՛ք որ անցնեն տարիներ, և եթե տարիներն էլ բավական չեն, թո՛ղ որ անցնեն դարեր, չնայած որ, հայտնապես, մենք այդժամ այլևս չենք լինի... բայց նրանք, ովքեր հետադարձ հայացք կգցեն մեր դարաշրջանի վրա, վստահաբար պիտի տեսնեն, որ նախապես մեզ այնքա՜ն տարօրինակ թվացող դեպքերը ճանապարհների հանգրվանների, կայանների պես են եղել, որոնցով մարդկությունն անցնում է՝ հետզհետե բարձրանալով դեպի անծանոթ գաղափարականը, որտեղ որ այլևս չպիտի ասվի, թե՝ «ո՞ւր է քո Աստված»:

Այն, ինչը որ ստույգ ու ճշմարիտ է աշխարհի պատմության համար, ոչ պակաս և բացարձակապես ճշմարիտ է նաև մեր անհատական պատմության համար: Բոլոր մարդկանց կյանքում դժվար դեպքեր ու պատահարներ են տեղի ունենում, որոնք Աստծուն վերագրելուց պիտի զգուշանանք, քանի որ այնտեղ՝ այդ դեպքերի ու պատահարների մեջ որևէ ուրիշ բան չի կարելի նշմարել, այլ միայն՝ մարդկային զեղծված ազատությունը:

Երբ ես ինձ համար թանկագին որևէ առարկա եմ կորցնում, կամ երբ իմ շռայլություններն ինձ հասցնում են չքավորության, երբ զրպարտության պատճառով վտանգվում է իմ պատիվը, երբ ատելության ու նախանձի հետևանքով ես մեծամեծ վնասների եմ ենթարկվում, այդժամ ինչպե՞ս կարող եմ ես այդ բոլոր դժվարություններն Աստծուն վերագրել. այդ բոլորը իմ և ինձ նմանների ազատության զեղծման հետևանքներն են:

Աստծուն հավատացող որևէ մեկը այս ու նմանօրինակ այլ դեպքերում այն խոսքը պիտի ասեր, որը Հովսեփ Գեղեցիկն ասաց իր եղբայրներին. «Դուք մտածեցիք ինձ չարիք պատճառել, բայց Աստված որոշեց ինձ բարիք անել» (Ծննդ. Ծ 20): Նրանք դավադրություն խորհեցին ու գործադրեցին իրենց մտադրած չարիքը, բայց այդ դավադրությունը ծառայեց Հովսեփ Գեղեցիկի երջանկությանն ու փառքին: Ո՜վ Տեր, մինչդեռ մարդիկ խորհում են ինձ չարիք պատճառել, Դու նրանց այդ չարիքները ծառայեցնում ես իմ նկատմամբ ունեցած Քո ողորմության ու սիրո իրականացմանը:

Ավա՜ղ, ուրիշների ազատությունից չէ, որ մենք այդքա՜ն տառապում ենք, այլ մանավանդ, ավելի շատ այն զեղծումներից, որոնք մենք թույլ ենք տալիս մեր իսկ անձնական ըմբոստությամբ: Քանի՜ քանիսն են իրենց իսկ անձի զոհը դարձել, զոհը իրենց ծուլության, իրենց փառասիրության, իրենց չարամտության կամ ուրիշ թերությունների: Եվ դժբախտաբար մենք մեր կրած բոլոր տառապանքները մեզ ուղղելու համար Աստծու կողմից ուղարկված միջոցներ ենք համարում, սակայն սխալվում ենք, քանի որ չի կարելի ամեն մի տառապանքի ու վշտի համար ասել, թե դրանք Աստծուց ուղարկված միջոցներ են՝ մարդուն դաստիարակելու համար:

Այդպիսով մենք չարամտորեն կիրառում ենք սաղմոսերգուի այս խոսքը՝ «խուլ եղա և չբացեցի բերանս, որովհետև Դու արեցիր» (Սաղմ. ԼԸ 10), մինչդեռ պետք է ասեինք՝ «խուլ եղա և չբացեցի բերանս, որովհետև ես արեցի»: Մենք իրավունք չունենք տրտնջալու, քանի որ մեծավ մասամբ մենք իսկ ենք մեր ձեռքով մեզ վրա բերում տառապանքներն ու վշտերը և մենք ենք «հեղինակը» մեր տառապանքների: Սակայն Աստված մեր տառապանքներն ու, առհասարակ, ամեն բան նպատակաուղղում է բարու իրագործմանը. բավական է միայն, որ մարդը սիրով կապված լինի Աստծուն (հմմտ. Հռոմ. Ը 28):

Արդյոք այս խոսքը չափազանցված չի՞ թվում ձեզ: Ի՞նչ է, մի՞թե Աստված մեղքերն էլ է բարու իրագործմանը ծառայեցնում: Այո՛, հենց իսկ իմ, քո և ամենքի մեղքը…. Բավական է միայն, որ այդ մեղքը, այդ վիշտը, այդ ամոթը, այդ անպատվությունը, քեզ ընկճելով, առաջնորդի Խաչի պատվանդանի առաջ և քեզ պարտավորեցնի արտասուքներով աղաղակելու. «Աստվա՜ծ, ների՛ր ինձ՝ մեղավորիս» (Ղուկ. ԺԸ 13):

Եթե կյանքում դեպքեր կան, որոնց մեջ, փոխանակ Աստծու ձեռքը տեսնելու, միայն մարդու ձեռքն է պետք տեսնել, սակայն կան նաև բազմաթիվ այլ պարագաներ, որոնցում մարդը պատասխանատվության որևէ մասնաբաժին չունի: Այսպես, օրինակի համար, հանկարծակիորեն կյանքից զրկվում է տան բուրումնավետ ծաղիկն ու հույսը եղող, խոստումնալի պատանյակը: Կամ էլ տան սիրտը եղող մայրը հանկարծամահ է լինում՝ խորը սուգի մեջ թողնելով իրեն շրջապատող անչափահաս զավակներին: Կամ թե՝ մարդկային հասարակության մեջ բարերարի համբավ ունեցող մի անձ, մեծ տառապանքներ կրելով, մահանում է: Եվ կամ մեծամեծ ջանքերով արդյունավորված մի գործ անհաջողությամբ ձախողման է մատնվում…

Շա՜տ երկար կլիներ փորձությունների ու նմանատիպ դեպքերի ամբողջական ցանկը: Ո՞ւմ է պետք վերագրել այս տառապանքները. ճակատագրի՞ն, պատահականությա՞նը, չար բախտի՞ն: Մեզնից յուրաքանչյուրը վերևում հիշատակված այդ դեպքերի վերաբերյալ հակված է խորհելու, թե դրանք հետևանք են կա՛մ չար բախտի, կա՛մ պատահականության և կա՛մ ճակատագրի, սակայն մենք լավ գիտենք, որ սրանք գեթ բառեր են, և ոչ թե՝ բացատրություններ: Հետևաբար, ուրեմն, ո՞ւմ է պետք վերագրել այս դեպքերը, Աստծո՞ւն: Այո՛, Աստծուն:

Բայց, թերևս, դուք ինձ ներկայումս տեղի ունեցող դեպքեր մատնացույց անեք, որոնցում հայտնապես երևում է Աստծու իմաստության և սիրո բացարձակ ժխտումը: Շատ լավ. այդ դեպքում ես ձեզ պիտի թելադրեի մի փոքր համբերություն և սպասելու կարողություն ունենալ, քանի որ, միգուցե, վաղվա օրը ձեզ բացատրություն «բերի» այն դեպքերի վերաբերյալ, որոնցում դուք երբեմն Աստծու իմաստության և սիրո ժխտումն էիք տեսնում ու իրավամբ զարմանում էիք: Ուրեմն, թերևս մի փոքր ևս սպասելու կարիքը լինի: Թերևս հարկ լինի սպասել չափազանց երկա՜ր տարիներ, մինչև իսկ որդիների որդիներ սպասել…:

Հոգ չէ, սպասեցե՛ք, քանի որ միայն այնժա՛մ լույսը պիտի կատարի իր դերը և ամեն բան պիտի լուսավորվի ու ի հայտ գա, և դուք պիտի համոզվեք, որ այդ նույն դեպքերի ու պատահարների մեջ իսկ Աստծու իմաստությունն ու սերը երբևէ նվազած չեն եղել: Իսկ այն հարցումը, թե՝ «ո՞ւր է քո Աստված»…. ո՜հ, այլևս չպիտի՛ կամենայինք այդպիսի հարցում անել, այլ պիտի ասեինք. «Տեր Աստված մեզ հետ է»: Ամեն:

Տեր Ղևոնդ վրդ. Դուրյան, «Պարզ քարոզներ», Գ հատոր, Փարիզ, 1925 թ.

Արևելահայերենի վերածեց Գևորգ սրկ. Կարապետյանը

Աղբյուր՝ Surbzoravor.am

Լրահոս
Չարենցի համար ցանկացած անհաղթ թվացող իրավիճակ լուծվում էր գրքի խաղաղաբեր հայտնությամբ Աղոթք հիվանդության ժամանակ Սիմֆոնիկ նվագախմբի բարեգործական համերգներից ստացված հասույթը կփոխանցվի Զինծառայողների հիմնադրամին Կցուցադրվի վերջերս մոսկովյան միջազգային կինոփառատոնից հանված «Դրախտի դարպասը» ֆիլմը Փրկիր ինքդ քեզ. Հիսուսի վերջին փորձությունը (Մարկ. 15:25-32, Մատթ. 27:39-44, Ղուկ. 23:35-43) Լևոն Խեչոյան. Սև գիրք, ծանր բզեզ Տիգրան Գրիգորյան. Տե՛ր մեր, դու խաղաղությունն ես, երանելի լռություն… Հայր Գեղարդը ռազմաճակատում գլխի շրջանում հարված է ստացել, կորցրել լսողությունը Տիգրան Հեքեքյան. Հայ զինվորն այսօր կայուն և կազմակերպված թիկունքի կարիք ունի Անվերջ վերադարձ. Գագիկ Հարությունյանի «Ղարաբաղ» լուսանկարչական շարքը կներկայացվի հատուկ ցուցադրությամբ Գերագույն հոգևոր խորհուրդը հանդես է եկել հայտարարությամբ Պատրիկ Ֆիորին, Սերժ Ավետիքյանն ու այլ հայտնիներ հանդես կգան Արցախին նվիրված բարեգործական համերգով Հրանտ Մաթևոսյանի անվան մրցանակը ստացել է Դավիթ Մաթևոսյանը Մի՛ դատեք Փառեն սրբազանը «Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին» է նվիրաբերել 38,093,200 դրամ գումար Թե ինչպես են մշակութային օջախները թիկունքում օգտակար լինում ռազմաճակատին Բարեգործական համերգ-դրամահավաք Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի նախաձեռնությամբ Փա­րի­սե­ցիու­թ­յուն է, երբ տես­նում ենք մարդ­կանց գոր­ծո­ղու­թ­յուն­նե­րը, բայց չենք նկա­տում Աստ­ծո գոր­ծե­րը Դպրոցներում աշնանային արձակուրդը կերկարաձգվի ևս երկու շաբաթով Պատանիները նվագելով հավաքել են 600,000 դրամ ու փոխանցել Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց նորաօծ քահանաներին Տղաներ, մենք հետևում ենք ձեզ, ապավինում ենք ձեզ և հավատում ենք ձեր անկոտրում ուժին. Տիգրան Մանսուրյան «Ճշ­մար­տու­թ­յունն է կարևոր, ես ճշ­մար­տու­թ­յուն հա­մա­րում եմ այն ա­մե­նը, ին­չը շա­րու­նա­կվում է» Ճշմար­տու­թ­յան միակ աղ­բ­յու­րը Ա Պետրոս 1.23 Սիմֆոնիկ նվագախումբը կկազմակերպի համերգներ. հասույթը կփոխանցվի Զինծառայողների հիմնադրամին Բաքվի կինոկենտրոնը հրաժարվել է Մել Գիբսոնի մասնակցությամբ ֆիլմեր ցուցադրելուց Համավարակի հետևանքով կյանքից հեռացել է ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Հարություն Թոփիկյանը Հոգևորականաց հերթական խումբը մեկնեց առաջնագիծ՝ զորավիգ լինելու հայրենյաց պաշտպաններին Ռազմիկ Դավոյան․ Աղերսանք Ընդ­հատ­ված թռիչք Շու­շի՝ սպի­տակ ե­րազ Ոչ մի պատճառ չպետք է խոչընդոտի, որպեսզի այս ձգձգվող պատերազմին վերջակետ դնենք. Գուգարաց թեմի առաջնորդ Տեր Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյան Հավատում ենք, որ կհաղթենք Ոչ միայն կայացած, այլեւ սկսնակ արվեստագետներն են աջակցում հայրենիքին Սերգեյ Սմբատյանը միացել է Հայերի ասամբլեայի նախաձեռնած մշակույթի համաշխարհային գործիչներին համախմբող մարդասիրական ակցիային Մշակույթը սահմաններ չի ճանաչում. բելգիահայ երաժիշտը նվագել է Շուշիի մզկիթում Աճուրդ, որի հասույթ կուղղվի Զինծառայողների Ապահովագրության հիմնադրամին «Աստ­ված մեզ հետ է և մեր ար­դար գոր­ծին զո­րա­վիգ» Սուրբ Խարիթյանների, Արտեմեա և Քրիստափոր սուրբ վկաների և երկու կանանց` Կալինիկեի և Ակյուլինեի հիշատակության օր
website by Sargssyan