Սիլվա Կապուտիկյան․ Ընդդիմախոսություն

Սիլվա Կապուտիկյան․ Ընդդիմախոսություն

Այն ո՞վ է ասում,
Որ Արարատը ձերն է ու ձերը,
Անհեթեթ պատրա՜նք.
Քարտեզն է ձերը,
Քարտեզի վրա չափած-գծա՛ծը,
Իսկ ինքը` լե՜ռը…

Նրա գագաթի զառամ ձյուները
Մեր ընկալմա՛մբ են, որ հավերժության խորհուրդն են առնում.
Նրան պարուրող մշուշն ու ամպը
Մեր աչքերո՛ւմն են Եղեգան փողի ծուխ ու բոց դառնում.
Նրա ամեն մի անշունչ, անկենդան ավազահատը
Մեր արյան կարմիր գնդիկների՜ն է կենսահյութ տանում:

Մոխի՛րն է ձերը,
Սարը բաղադրող կոշկոռը քարե.
Մեզ համար գործող հրաբուխ է նա,
Խառնարա՜ն ոգու,
Որ դար ու դարեր
Մեր ընդվզումի կրակն է ժայթքում
Եվ բորբոքում մեր ցասո՜ւմը կենաց:

Սառո՛ւյցն է ձերը,
Սառը, անհաղորդ սառույցը դեղնած,
Իսկ մեզ` բյուրավոր արեգակների
Ներուժությո՜ւնն է անդուլ ճառագում նրա կողերից,
Որ տաքացնում է մի ողջ հողագունդ–
Այդ հողագնդին փռված-ծվարած մեր բեկորները:

Օ՜, սուրբ առասպել Արա արքայի,
Մեր էությունը ցոլացնող պատում,
Մեր փնտրումի գյո՜ւտ,-
Որ երեսուն դար և դեռ ավելի
Սոսկ հոլովեցին, բայց չհասկացան
Բոլոր հին ու նոր Շամիրամները,-
Մարմի՜նն է ձերը
Արա արքայի` Արարատ լեռան,
Սպանված, մեռած մարմի՛նը միայն,
Որը չե՛ն կարող, չե՜ն կենդանացնի
Ձեր այլաբարբառ հարալեզները…

Մերը` հոգի՛ն է.
Սերնդեսերունդ անշեջ թևածող,
Վերջին շնչո՛ւմ իսկ` հազար կերպ առած նորի՛ց պոռթկացող,
Մեզ արարչության հրահրող հոգին,
Որ չես սպանի զենքով ու դիրքով,
Չե՜ս խլի երբեք գիր ու կնիքով
Եվ սահմանների փշալարերով երբեք չե՜ս բանտի…

Մերը` հոգի՜ն է…

1969 թ.

Հետևեք մեզ նաև Telegram-ում