Պահը հիմա է

Պահը հիմա է

Աստված վեց օրում ստեղծեց երկինքն ու երկիրը, կենդանիներին ու մարդուն և յոթերորդ օրը հանգստացավ:

Այս պատվիրանը մեզ ուսուցանում է շաբաթվա մեկ օրը սուրբ պահել, այսինքն` հեռու մնալ աշխարհիկ գործերից և այդ օրն ամբողջությամբ նվիրել Աստծո փառավորմանը և հոգևոր գործերին: Շաբաթվա մեջ մեկ օրը հանգստանալու և սուրբ պահելու օրինակը մեզ տվեց Աստված:

Հրեաների համար այդ օրը շաբաթն է, որը նշանակում է «հանգիստ»: Բաբելոնյան գերությունից հետո հրեա դպիրները չափազանց ձևականորեն և խիստ էին բացատրում շաբաթը պահելու հետ կապված պատվիրանը` արգելելով ընդհանրապես որևէ բան անել՝ անգամ բարի գործեր: Այդ օրը նրանք ոչ միայն չէին աշխատում, այլև կերակուր չէին պատրաստում, կրակ չէին վառում, 1000 մետրից ավելի ճանապարհ չէին գնում: Ձևապաշտության մոլուցքով էլ դպիրներն ու փարիսեցիները մեղադրում էին Հիսուսին և Նրա աշակերտներին «շաբաթ օրը» խախտելու համար, երբ Հիսուս այդ օրը բժշկություններ էր անում: Այդ պատճառով էլ Հիսուս ասաց. «Շաբաթը մարդու համար եղավ, և ոչ թե մարդը` շաբաթի» (Մարկոս 2.27): Հետևյալ խոսքերը փաստում են, որ շաբաթ օրվա հանգիստը աշխարհիկ հոգսերից և գործերից հանգիստն է, այլ ոչ թե այդ օրվա գերին դառնալու և զրկելու ինքդ քեզ բարի գործերից:

Քրիստոնեության մեջ պահպանվեց «շաբաթվա» սկզբունքը`մի օր Տիրոջը նվիրելը, որը և առաքյալները հաստատեցին միաշաբթի` կիրակի օրը: Քրիստոնեական կիրակին այլ նշանակություն ունի, քան հրեական շաբաթը: Քրիստոնյաների կիրակի օրը ոչ թե ոչինչ չանելու օրն է, այլ Աստծուն նվիրվելու և այդ օրը Աստծով ապրելու օր է:

Շաբաթ օրը սուրբ պահելու պատվիրանը մեզ առաջնորդում է շաբաթվա մեջ այդ մեկ օրը ապրել այնպես, կարծես թե Աստծուց բացի մենք ոչինչ չունենք, այսինքն` մեր խնդիրները, հոգսերը, դժվարություններն ու հաջողությունները այդ ընթացքում դառնում են երկրորդական, և ավելի կարևորվում է Աստծո ներկայությունը մեր կյանքում: Եվ հինկտակարանյան այս պատվիրանը հենց դրան էլ ուղղված էր, այսինքն` ամբողջ շաբաթվա ընթացքում ապրել աշխատանքով, հոգսերով, խնդիրներով, բայց շաբաթվա մեջ մեկ օրը առանձնացնել Աստծո համար, և այդ օրն ապրել այնպես, կարծես մարդկային մեր կյանքի ամենակարևոր արժեքը Աստված է: Որովհետև իրականում մեր կյանքը շատ հոգսերից և դժվարություններից է բաղկացած, որոնց մեջ մենք մոռանում ենք Աստծուն, մոռանում ենք, որ մեր անձնական ջանքերն ու մարդկային ձգտումները բավական չեն՝ մեր կյանքը դրախտի վերածելու համար: Առանց Աստծո պարզապես մարդը հարուստ լինել չի կարող, առանց Աստծո մարդը երջանիկ լինել չի կարող:

Արմեն Չաքմիշյան

Աղբյուր՝ Qahana.am

Հետևեք մեզ նաև Telegram-ում