USD
EUR
RUB

Ա Պետրոս 1.22

 

22. Զանձինս ձեր սրբե՛լ հնազանդութեամբ ճշմարտութեան Հոգւոյն:

Արդ, մաքրեցե՛ք դուք ձեզ՝ հնազանդվելով ճշմարտությանը:

Պատվելով Քրիստոսի տնօրինության խորհուրդը և բազմիցս խոսելով նրա գալստյան պատճառների մասին, սովորեցրեց, որ մարդկանց հավատի համար եղավ, որպեսզի ճանաչեն նրան, ով իրենց խավարից դեպի իր սքանչելի լույսը կանչեց, և նրանց, որ մի ժամանակ իր ժողովուրդը չէին, սեփական ժողովուրդը դարձրեց և որ չէր ողորմացել, ողորմության արժանացրեց՝ իր սքանչելի գիտության միջոցով: Եվ նույն գիտությամբ բարու հանդեպ անհավատությունը և հույսի հանդեպ տարակուսանքը բարու վերածեց՝ իրապես հավատալ Աստծու խոստումներին և հույսով հաստատվել, որ ընդունելու են այն, ինչ իրենց ավետարանվեց իրական բարու մասին: Ապա անընդհատ խրատներ է տալիս նրանց, որպեսզի դրանով իրենց անձերն արժանի դարձնեն Աստծու խոստումներին: Այդ պատճառով էլ ասում է. արդ, մաքրեցե՛ք դուք ձեզ՝ հնազանդվելով ճշմարտությանը: Անձի սրբությունը համարում է բոլոր առաքինությունների համախմբում՝ առանց նենգության աստվածային պատվիրանների կատարմամբ և ամեն տեսակի պղծություններ հոգուց վանելով:

Առաջինը՝ վավաշոտ ցանկությունը, ապա՝ կեղծավորությունը, երրորդ՝ ամբարտավանությունը, չորրորդ՝ ատելությունն ու ոխակալությունը և նմանատիպ բազում այլ բաներ, որոնք պղծում են հոգին: Այնուհետև, այս բոլոր փշերն արմատախիլ անելով՝ ներսում բնակեցնել սեր, խնդություն, խաղաղություն, խոնարհություն և Առաքյալի կողմից թվարկված հոգու բոլոր պտուղները: Եվ երբ ասաց անձերը մաքրելու մասին, ապա սրբության պատճառներն է մեջբերում՝ ասելով. հնազանդվելով ճշմարտությանը, և հնազանդությունը նույն պատվիրանապահությունն է նշանակում: Եվ այս ամենի դեմ է բերում առաջին մարդու անհնազանդությունը մեկ պատվիրանի հանդեպ, որով իրապես կորցրեց փառքը և այնուհետև բոլոր ախտերի բազմությունը ներմուծվեց մարդու մեջ և ապականեցին հոգին: Արդ դուք, ասում է, այդպիսի կամքի դեմ գործեք և Աստծու պատվիրանների ճշմարիտ հնազանդությամբ մաքրեք ձեր անձերը ամեն տեսակի չար խղճմտանքից, և ինչպես Առաքյալն է ասում. «Կատարյալ դարձնենք սրբությունը Աստծու երկյուղով» (Բ Կորնթ. 7:1):

Այս ամենից հետո Պետրոս առաքյալը նրանցից մեկ այլ մեծագույն կրոն է պահանջում, որն առավել գերազանցում է առաջինին, և անձի իրական սրբություն է, հնազանդություն ճշմարտությանը, գլուխն ու կատարումն ամենայն պատվիրանների, որը սերն է, սերը, որով Աստծուն ճանաչեցինք Սուրբ Գրքով, և ով սեր ունի՝ Աստծուն է հավետ բնակեցրել իր սրտում, և ինչպես Որոտման որդին է ասում. «Աստված սեր է. և ով սիրո մեջ է ապրում, բնակվում է Աստծու մեջ, և Աստված բնակվում է նրա մեջ» (Ա Հովհ. 4:16):

Արդ, սրանք է հորդորում մեզ երանելի Պետրոսը և խրատում ու թելադրում, որպեսզի այս առաքինությունն ունենանք՝ դրանով նմանվելով Աստծուն, իսկ Աստծուն նմանությունը բոլոր առաքինությունների սահմանն է և այսպես է ձևակերպում.

Յեղբայրասիրութեան առանց կեղծաւորութեան, ի սուրբ սրտէ սիրե՛լ սերտիւ զմիմեանս:

Առանց կեղծավորություն խառնելու եղբայրսիրության մեջ՝ մաքուր սրտով ջերմորեն սիրելով միմյանց:

Առաջին պատվիրանից հետո, որ բոլոր պատվիրաններից մեծն է՝ Աստծու հանդեպ սերը, մեր Տերը պատվիրում է սիրել ընկերոջը՝ հարցնելով օրինապահից: Հատկապես, որ սա ցույց տվեց որպես առաջինի լրումը, քանզի ընկերոջը սիրելը Աստծուն սիրել է, և ով սրանում թերի է գտնվում, ապա թերի կգտնվի նաև Աստծուն սիրելու մեջ: «Եվ եթե մեկն ասի, թե սիրում է Աստծուն, և ատի իր եղբոր, սուտ է խոսում. ով չի սիրում իր եղբորը, որին տեսնում է, ինչպե՞ս կարող է սիրել Աստծուն, որին չի տեսնում» (Ա Հովհ. 4:20): Եվ Տերն էլ իր աշակերտի նկարագիրն այսպես է տալիս. «Եթե դուք միմյանց սիրեք, դրանով բոլորը պիտի իմանան, որ դուք իմ աշակերտներն եք» (Հովհ. 14:35), այլ ոչ թե փառահեղ հրաշքներ կատարեք: Եվ ամենուր իր պատվիրանը հարում է իրեն և իր աշակերտներին, ինչպես որ ասում է. «Նոր պատվիրան եմ տալիս ձեզ, որ սիրեք միմյանց» (Հովհ. 14:34): Եվ իր սիրելի աշակերտ Հովհաննեսն էլ իր ընդհանրական թղթում շատ մանրամասն է ներկայացնում սիրո մասին և մեծ վարձք խոստանում, ապա բերում է ատելության չարիքը ու սպառնում սարսափելի դատաստանով: Այդ պատճառով է սա գրում ՝ ասելով. առանց կեղծավորություն խառնելու եղբայրասիրության մեջ: Այս նույն միտքն է արտահայտում նաև Պողոսը՝ ասելով. «Եղբայրասիրության մեջ միմյանց հանդեպ լինել գթասիրտ» (Հռոմ. 12:10): Այս ասելով՝ լսողին հասկացնում է չսիրել հարկադրված, առ աչոք մարդկանց, և ոչ էլ փառասիրությունից ելնելով, այլ՝ սիրել գթությամբ ու խնամքով: Քանզի նրանք, ովքեր ախտավորաբար են մոտենում այս ամենին, ոչ մի օգուտ չեն ունենում, ինչպես որ Պողոսը նորից ասում է. «Եթե իմ ամբողջ ունեցվածքը տամ աղքատներին և իմ այս մարմինը մատնեմ այրվելու, բայց սեր չունենամ, ոչ մի օգուտ չեմ ունենա» (Ա Կորնթ. 13:3):

Տեսնո՞ւմ ես սիրո տարբերությունը, այսպիսի սեր պետք է նաև մենք ցուցաբերենք, և ոչ թե կեղծավորաբար սիրենք եղբորը, այլ՝ սուրբ սիրով սիրենք միմյանց, ինչպես ասվեց. Առանց կեղծավորություն խառնելու եղբայրսիրության մեջ: Մեր Տերն ամենուր պախարակում է կեղծավորությունը և մեզ պատվիրում է ոչ մի առաքինություն կեղծավորությամբ չգործել. ո՛չ պահքը և ո՛չ էլ որևէ այլ բան, որով նրանք արատավորում են երեսը տխրությամբ, որպեսզի մարդկանց առջև [պահեցող] երևան, քանզի նույն կերպ էլ վարձատրելու է նրանց: Նման ձևով նաև այն բոլոր դեպքերում, երբ հիշվում է կեղծավորությունը, քանզի կեղծավորություն է, երբ մեկը ռամիկ լինելով՝ թագավորի կերպարանք է առնում և կամ զինվորը՝ զորավարի: Նմանապես նաև այստեղ, որ սրտով այլ բան է բերում, սակայն առերևույթ այլ բան է ձևանում՝ տեսնողներին պատրելու համար, քանզի նման կերպարներն օտար են քրիստոնեությանը, և հարազատ՝ անաստվածությանը, և այդպիսին հավատք չունի ու նրա կամակորությունները չեն հաստատվում Աստծու առաջ, քանզի Աստված սրտին է նայում, այլ ոչ թե երեսին:

Առանց կեղծավորություն խառնելու եղբայրասիրության մեջ՝ մաքուր սրտով ջերմորեն սիրելով միմյանց: Տեսնո՞ւմ ես սիրո օրինակը, որ մեզանից պահանջում է աստվածընկալ Պետրոսը: Մաքուր սրտով սիրել, այսինքն՝ առանց նենգության, առանց մարդահաճության, առանց կեղծավորության: Եվ քանի որ շատերն են սիրում սուրբ սրտով, այլ ոչ թե ախտավոր կերպով, սակայն ջերմորեն չեն սիրում, այլ՝ հարևանցի և հարկադրաբար: Այդ պատճառով էլ ավելացնում է ջերմորեն սիրել՝ կամավորաբար, հոժարությամբ և բաղձագին սրտով: Ցավակից լինելով, սգակից, ուրախակից, խնդությանը հաղորդ և արտասուքներին կցորդ, և ըստ կարողության՝ աղքատին լիացնող, և բոլորին սիրող, ընկերոջ կարիքն ու բարիքը սեփականը համարող, որն էլ ջերմորեն և սեփական անձի պես սիրելն է:

Այնուհետև այլ գերագույն բարձրության է առաջնորդում նրանց, որը համեմատելու չէ երկրավորի հետ, նաև երկնային իշխանությունների, եթե հանդգնություն չէ այսպես ասելը: Եվ քանի որ դժվարիմաստները ծածկված են և արժանի զարմանքի, այդ պատճառով մեզ պետք է ուշիմ միտք, առավել ևս՝ աղոթք ու Սուրբ Հոգու առաջնորդությունը, որ հայտնի մեզ մտքի տեսությունը, որպեսզի չկրենք այն, ինչ երևացող լուսատուների դեպքում ենք կրում, որովհետև հեռվից տեսնելով նրանց գեղեցկությունը՝ զարմանում ենք, սակայն դրանք ձեռք բերելու որևէ միջոց չենք կարող գտնել, նույնպես նաև Հոգու պատգամները, որ ցանկացած ճառագայթից առավել են պայծառացնում մեր միտքը: Ուստի, եթե բարձրացնենք մեր միտքը երկրավորից դեպի մարգարեն, ով հրեղեն կառքով բարձրացավ գերագույն վայրը, թերևս կարողանանք հասնել մտքի տեսության բարձրագույն ճառին, որն այսպես է նկարագրվում. «Վերածնվեցե՛ք ոչ թե ապականության ենթակա սերմից, այլ՝ անապականից, Աստծու կենդանի և մշտնջենական խոսքով»:

Երանելի Սարգիս Շնորհալի հայոց վարդապետի՝ իմաստասերի և քաջ հռետորի,

Մեկնություն կաթողիկե յոթ թղթերի, Կոստանդնուպոլիս 1826-1828

Գրաբարից թարգմանեց Գայանե Թերզյանը

Աղբյուր՝ Surbzoravor.am

Լրահոս
Հայաստան, աշուն, վերջին չուն դրախտ Վահե Արմեն. ՃԻՉ Սուրբ Հակովկի և Իրավափառի հիշատակության օր Դադիվանքում սպասավորող միաբանները ստացան Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությունը «Բոլորին պատվազրկեցին, հողերին հավասարեցրին, իրենց անգործությամբ էլ Արցախի մշակութային արժեքները գերության մեջ թողեցին»․ գյումրեցի նկարչուհի «Ար­ցա­խի կո­րուս­տը հայ ժո­ղովր­դի հա­մար հս­կա կո­րուստ մըն է» Կյանքից հեռացել է Գորիսի դրամատիկական թատրոնի դերասան Սեյրան Մկրտչյանը Դեկտեմբերի 7-ից դպրոցները կանցնեն առկա ուսուցման Բարսեղի և Գրիգորի տեսությունը ուղղափառ հավատքի մասին Արդարություն փնտրելիս Փաշինյանի հրաժարականի պահանջով հացադուլ հայտարարած քաղաքացիները կաթողիկոսի այցից հետո դադարեցրել են հացադուլը Չդառնանք չարը՝ հակառակվելով չարին Սուրբ Գենարիոս եպիսկոպոսի և Մերկերիոս զինվորի հիշատակության օր Ադրբեջանը քննարկում է Շուշին և Խուդաֆերինի կամուրջները ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցուցակում ընդգրկելու հնարավորությունը Լույս է տեսել «Խորհրդային Հայաստանը հայ ժողովրդի պատմական ճակատագրում» գրքույկը Այս մրցանակը նվիրում եմ բոլոր հայ զինվորներին․ Իվետա Մուկուչյան Երեք նոր նամականիշ` նվիրված «Պատմամշակութային հուշարձաններ. Հայաստանի պատմամշակութային հուշարձաններ» թեմային Աստղագիտության դասավանդման նորարարական մեթոդները Համերգ-ցուցահանդես՝ նվիրված Արամ Խաչատրյանի զարմիկներին Աղոթք որոշակի կարիքների և ամբողջ աշխարհի համար Ավագ Եփրեմյան «Լինել թե չլինել ընթեռնելի» Հուսիկ Արա․ Մելոդիա Թադեոս և Բարդուղիմեոս առաքյալների տոնին դուրս բերվեց Սուրբ Գեղարդը Հույս Թադեոս և Բարդուղիմեոս առաքյալներ Մահացել է բանաստեղծ Եղիշե Չարենցի թոռնուհին՝ բանաստեղծուհի Հասմիկ Չարենցը «Սոթբի»-ի աճուրդի տանը վաճառքի է հանվել 17-րդ դարի հայերեն ձեռագիր Ֆրանսիան համագործակցում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի հետ ԼՂ-ի պատմամշակութային օբյեկտների պահպանության համար Նկար­չի ժա­մա­նա­կը «Ոսկե ծիրանը» կցուցադրի կինոռեժիսորի «Զինվորը և կովը» ֆիլմը Աստծո անունը զուր տեղը մի տուր Նոյեմբերի 28-ին դուրս կբերվի Աստվածամուխ Սուրբ Գեղարդը «Դուք այստեղ որևէ ադրբեջանական բան տեսնո՞ւմ եք». Свободная Пресса-ի ռեպորտաժը ռուս խաղաղապահների հսկողության տակ գտնվող Դադիվանքից (տեսանյութ) Շու­շիի բանտ­ված թան­գա­րա­նա­յին նմուշ­նե­րը Տրտուն­ջը, նա­խան­ձը ա­վե­րում են մեր հո­գին Քանի որ այսօր ՀՀ-ն չունի իշխանություն, հայ մշակութային գործիչները դիմում են միջազգային կառույցներին Առաջին լուսավորիչներ՝ Սուրբ Թադեոս և Սուրբ Բարդուղիմեոս առաքյալներ Կյանքից հեռացել է ՀՀ վաստակավոր արտիստ Զավեն Աբրահամյանը Ամենայն Հայոց Կաթողիկոսը ցավակցագիր է հղել ՀՀ վաստակյալ նախագահ Սերժ Սարգսյանին Աստծո արքայությունը բանաձևող առակներ
website by Sargssyan