Ռազմիկ Դավոյան․ Աղերսանք

Ռազմիկ Դավոյան․ Աղերսանք

Ամբոխի միջով գնում էի ես,
Սակայն իմ ներսում ոչ մեկը չկար.-
Իմ մեջ փռված էր երկինքը բեհեզ,
Եվ աշնան դեղին մի գունանկար.
Ճոճվում էր, ծփում թափանցիկ օդի
Աստվածաշնորհ ալեբախումով,
Ես՝ Հայրն Աստծո եւ լքված Որդին,
Ես քայլում էի սրտի բախյունով:

Ա՜խ, չկպչե՜ք ինձ եւ չհրմշտե՜ք,
Բեռնավորված եմ ես անգին բեռով,
Իմ անգին բեռը օրերում նժդեհ
Հազիվ եմ տանում ես հազար ձեռով:
Չկպչե՜ք հանկարծ եւ չհրմշտե՜ք,
Որ ցրիվ չգա իմ բեռը անգին.-
Երազանքներ են ուսերիս դրված՝
Սպասումի մեջ այն տառապագին,

Թե այնքան պիտի ես տանեմ նրանց
Եվ այնքան պիտի գուրգուրեմ թաքուն,
Որ ելնեն մի օր անհուն թռիչքի՝
Անվախճանության թեւերով անքուն:
Ելնեն եւ գնան, եւ թռչեն անքուն:
Ելնեն եւ գնան, եւ թռչեն ազատ,
Ինձ էլ իրենց հետ տանեն ազատ,
Ինձ էլ իրենց հետ տանեն ճախրանքի,
Որ բերեմ մարդկանց հրճվանքը անզարդ
Տիեզերական անվախճան հանգի:

Ա՜խ, մի՜ կպեք ինձ եւ մի՜ հրմշտեք,
Օվկիանոսներ են իմ մեջ հառաչում,
Իմ մեջ բխում են օրերում նժդեհ
Հազարակնանի ջրեր պաղպաջուն:
Թե ինձ չլսեք, եւ իջնի վրաս
Դժոխքի ծնունդ հարվածը նեռի՝
Պիտի հեղի ձեզ ամենամեծը
Համաշխարհային ջրհեղեղների:

Մի՜ ճզմեք դուք ինձ մամլիչների տակ.
Իմ մեջ այնպիսի գույներ են ցոլում,
Որ երբ լռում եմ՝ գույներ են հստակ,
Իսկ երբ երգում եմ՝ երգեր են ծորուն:
Եվ թե ինձ հրեք, կթափվեն նրանք,
Ձեր ոտքերի տակ կդառնան փոշի
Եվ կբարձրանան ձեր մարմինն ի վեր՝
Որպես չո՜ր, խեղդո՜ղ ու տաք գոլորշի:

Մի՜ կպեք դուք ինձ, եղեք բարեգութ,
Արարատներն եմ ես իմ մեջ տանում,
Իմ մեջ եւ նրա կարո՜տը կրակ,
Եվ նրա ճերմակ ձյու՜նն է խտանում:
Եթե ինձ կպչեք, շուռ կգան նրանք
Իմ մեջ ծփացող ծովակում Վանա.
Հո չե՞ք թողնի, որ այդ սուրբ լեռների
Ճախրանքի հույսը իսպառ մահանա:

Եվ չէ՞ որ նրանք ինչ-որ ժամանակ
Ճախրել են Հայոց աշխարհի գլխին՝
Սուրբ թռչունները տիեզերական,
Շնչավորները մեր ամենահին:
Շնչում են նրանք, եւ շունչը նրանց
Փռվում է երկրի վրա ավերված,
Եվ այնքան պիտի շնչեն բալասան՝
Որ կենդանանա Մայր հողը մեռած:

Այդ բոլորն ահա ես առել իմ մեջ,
Ձեր մեջ իմ հոգնած պատկերն եմ թողնում.-
Դու՜ք ողորմացեք, բարեգութ մարդիկ,
Տեսնու՞մ եք, Տերը դեռ ողորմում:
Տեսնու՞մ եք, առել տվել է քամուն
Եվ երկի՜ր, եւ ծո՜վ, եւ լեռնե՜րը սուրբ,
Որոնք մեր սրտից արյուն են քամում
Եվ բախտի շուրթից՝ բարբաջանք մի սուտ:

Եղեք բարեգութ եւ տարեք ձեր մեջ
Ձեր հողը, լեռը, երկինքը բեհեզ,
Մի՜ կպեք իրար եւ մի՜ հրմշտեք,
Որ չկործանեք հենց ինքներդ ձեզ:
Եղեք բարեգութ հազարապատիկ,
Որ չմոլորվեք՝ հողմին հպատակ,
ճանապա՜րհ բացեք ձեր եղբայրներին,
Որ չճզմըվեք ձեր սուրբ բեռան տակ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում