Ա Պետրոս 1.23

Ա Պետրոս 1.23

23. Ծնեալք ի վերստին ոչ յապականութեան սերմանէն, այլ յանապականացուէն, կենդանի և մշտնջենական բանիւն Աստուծոյ:

Վերածնվեցե՛ք ոչ թե ապականության ենթակա սերմից, այլ՝ անապականից, Աստծու կենդանի և մշտնջենական խոսքով:

Մեծ անջրպետ է դնում մարմնավոր ու ախտավոր ծննդյան և հոգևորի ու անախտի միջև և անասելի հեռավորությամբ նրանց բաժանում է միմյանցից. մեկն ապականացու կոչելով, իսկ մյուսը՝ անապական, քանի որ ոչ մի կապ չկա ապականացուի և անապականացուի միջև, ինչպես որ չկա խավարի և լույսի, մեռյալի և ողջի միջև: Դրա համար էլ ասում է. վերածնվեցե՛ք ոչ թե ապականության ենթակա սերմից:

Մարդկային սերմն ապականացու կոչելով՝ կրկին մեզ մտքի տեսություն է տալիս: Նախ, որ հեշտացուցիչ է և վայրաքարշ, քանի որ ինքն իրենով հոգին ու մարմինը մեղկացնող է, և խոզի պես տղմի մեջ է թավալվել տալիս ու ամբողջովին ապականում: Օձի էություն ունենալով և ողորկ սողալով՝ հեշտությամբ զգայությունների մեջ է մտնում ինչպես քանդված պատից, և եթե մեկը ցանկանա նրան ընդդիմանալով դուրս քշել, միայն թեփուկներն են ձեռքն ընկնում, նույնպես նաև հեշտությունները, միտքը գերեվարած, տանում են ու թեև հաճախ ցանկանում է ազատվել դրանցից, չի կարողանում զգայարանների գերվածության պատճառով: Սա առաջինն է, իսկ երկրորդը. քանի որ ինքն ապականացու է և էությամբ հեղուկ, նմանապես ապականացու մարմին է ծնում՝ էությամբ հեղուկ, քանի որ ամբողջ մարդկությունը հեղուկի նման հոսելով անցնում է, և կանգառ չկա, ուստի ինչպես աղբյուրն է, այդպես էլ մարդկային բնությունն է, որովհետև ջուրն ակունքից հոսելով, դեռևս շատ չհեռացած, մի այլ տեղ է հասնում, այնուհետև՝ մի ուրիշ, ու այդպես շարունակ, և աղբյուրը չի դադարում հոսելուց ու ոչ էլ ջուրը՝ բխելուց: Այդպես էլ մարդիկ են հաջորդում միմյանց. մի մասը վաղուց անցել է, մյուսները նրանց տեղում են, ինչպես Ժողովողն է ասում. «Սերունդ է գնում, սերունդ է գալիս, բայց երկիրը մնում է հավերժ» (Ժող. 1:4), և այս ամենն ապականացու սերմի համար ասվեց, քանի որ ապականվում են և ցնդում՝ հող դառնալով, և որդեր ու գարշահոտություն են բխում:

Արդ, դուք, ասում է, ո՛վ լսողներ, այսպես մի՛ եղեք, այլ՝ աշակերտելով Ավետարանին, մի՛ մնացեք ախտավոր և ապականացու ծննդյամբ, այլ վերածնվեցե՛ք կենդանարար ու նորոգող ծննդյամբ անապական և կենդանարար Աստծու խոսքով: Որքան փոքրացրեց առաջին ախտավոր ծնունդը և պարսավանքի արժանի ցույց տվեց՝ ապականացու սերմից ասելով, այդքան առավել բարձրացրեց վերստին ծնունդը՝ Հոգուց ունենալով իր պատճառը, և գովության արժանի համարեց:

Ի՜նչ սքանչելի մեծություն, ի՜նչ անճառելի խորհուրդ, վերածնվեցե՛ք, ասում է: Եվ ինչպե՞ս կարող է մարդ վերստին ծնվել: Ավետարանն ասում է. «Միթե կարելի՞ է իր մոր որովայնը կրկին անգամ մտնել ու ծնվել» (Հովհ. 3:4): Մարմնով չի կարող լինել, որովհետև անհնար է, և մարդկային բոլոր հնարավորություններից վեր է, սակայն մարդու համար անհնարը, հնարավոր է Աստծու համար: Այդ պատառով էլ բնությանը հակառակ հնարեց հոգևոր ծնունդը, և որպես մայր ընտրեց հավերժ կուսությամբ ու անապականությամբ զարդարված սուրբ ավազանը, քանզի որքան հաճախ է ծնում, այդքան ավելի է մաքրվում ու անապական դառնում և պահպանում կուսությունը: Իսկ որպես հայր ցույց տվեց նոր, սքանչելի ու բազում զարմանքի արժանի Աստծու խոսքը, որ սերմանվեց այդպիսի անապական սերմով՝ ասելով. «Եթե մեկը ջրից ու Հոգուց չծնվի, չի կարող Աստծու արքայությունը մտնել» (Հովհ. 3:5): Մեռելներից հարություն առնելուց հետո էլ ասաց իր աշակերտներին. «Գնացե՛ք ուրեմն աշակերտ դարձրե՛ք բոլոր ազգերին, նրանց մկրտեցե՛ք Հոր և Որդու և Սուրբ Հոգու անունով» (Մատթ. 28:19): Եվ Աստծու այս խոսքը կենդանի է ու կենդանարար, հավիտենական է ու անմահություն պարգևող, ուստի նախ ինքը ցույց տվեց հոգևոր ու անախտ ծննդյան օրինակը՝ Հորդանանում մկրտվելով, երբ երկինքը բացվեց և Հոգին իջավ ու հայրական ձայնը նրան Որդի դավանեց, ու այս ամենը կատարվեց որպես խորհուրդ մեր փրկության:

Արդ, այն Աստծու խոսքը, որ արարչագործությամբ ծնեց երկնքի և երկրի այս մեծ մարմինը, քանի որ ասաց և եղավ, հրամայեց և հաստատվեցին, նույն Խոսքը վերստին արարչագործեց նաև մեր բնությունը՝ ավելի պայծառ արարչագործությամբ քան առաջինն էր, որովհետև չասաց ու եղավ, այլ ինքը եկավ ու եղավ և իր զորությամբ մեզ գոյություն պարգևեց: Արդ, չկա ոչնչից գոյություն պարգևելուն գերազանցող բան, կամ մեղքով գոյությունից հեռացածին վերստին գոյություն պարգևելն ու անապական դարձնելը, և այս ամենը հանկարծակի ու մեկ վայրկյանում, որը և մարգարեն հեռավոր ժամանակներից տեսնելով՝ հիանալով ասում էր. «Ո՞վ է լսել, ո՞վ է տեսել այսպիսի բան, որ երկիրը մեկ օրում ծննդաբերի, և միանգամից մի ամբողջ ազգ ծնվի, քանզի Սիոնը երկունքի ցավով բռնվեց» (Ես. 66:8), և ծնեց ոչ թե մեկ ազգ միայն, այլ՝ բոլոր ազգերը միաժամանակ: Եվ այս ամենը կենդանի ջրի միջոցով, որ բխեց Երուսաղեմում Հոգեգալստյան ժամանակ և վերածնեց բոլոր ազգերին զանազան շնորհների և պարգևների միջոցով՝ ծնելով մեզ որպես լուսո Հոր որդիներ և դուստրեր:

Ասվածի հետ միաժամանակ, կարծում եմ, որ եթե մեկը վերստին ծնունդը հարությունը համարի, չի սխալվի, որովհետև այն ամենը, ինչ մի ժամանակ սկսեց Բանն Աստված և կատարեց, նույնն էլ մեզ պարգևեց անել: Ուստի կուսությամբ ծնվեց նա մորից, կուսությամբ էլ մենք ենք ծնվում ավազանի միջոցով, քանի որ այն սրա օրինակն էր: Նա մկրտվեց Հոգով և ջրով, նույն կերպ մկրտվում ենք նաև մենք՝ ջրով և Հոգով: Նա չարչարվեց, մեռավ, գերեզման դրվեց, նրա մահվան նմանությամբ մենք էլ մեր անձերը բերում, իջեցնում ենք և վեր բարձրացնում: Նա փառքով հարություն առավ գերեզմանից, որպեսզի անդրանիկը լինի բոլոր եղբայրների մեջ, ուստի ոչ միայն նրա մահվան նմանությամբ տնկակից եղանք նրան, այլև հարությամբ էլ լինենք: Մեր հին մարդը խաչակից եղավ նրան, որպեսզի դադարեցնի մարմնի մեղքերը, որոնք ապականացու սերմից են զգայարանների մեջ մտնում, և որ այլևս չծառայենք մեղքերին, երբ վերստին հարությամբ ծնվենք գերեզմանից: Իսկ այդ ծնունդն ապականացու սերմից չէ, որ ապականություն ծնի մեզ, այլ՝ անապականացուից, որ ծնի մեզ կենդանի և հավիտենական: Ուստի սերմանվում ենք ապականությամբ և հառնում անապականացու, սերմանվում ենք անարգությամբ և հառնում փառքով, սերմանվում ենք որպես շնչավոր մարմին և հառնում հոգևոր մարմնով, քանզի եթե շնչավոր մարմին կա, ապա կա նաև հոգևոր: Եվ սա է նշանակում. Վերածնվեցե՛ք ոչ թե ապականության ենթակա սերմից, այլ՝ անապականից, Աստծու կենդանի և մշտնջենական խոսքով:

Արդ, եթե մեկը կամենում է, կարող է սրանցից ընտրել կամ առաջինը և կամ երկրորդը, կամ երկուսը միասին, քանզի միմյանցից անբաժան են, որովհետև մկրտությամբ են հարությունը տեսնելու, և հարությամբ՝ մկրտությունը, որը հրաշափառ է:

Երբ բացատրեց տարբերությունն ապականացու և ախտավոր սերմի ու անապականացուի, կենդանի ու հավիտենականի, և ցույց տվեց, թե այլ ճանապարհ չկա մեզ համար Աստծուն մոտենալու և անմահություն գտնելու, այլ միայն՝ Աստծու խոսքով վերստին ծնվելով: Ապա մարմինը, որ ապականացու սերմից է ծնվում, սկսում է ցույց տալ, թե անցավոր է ու հեշտությամբ թառամող ինչպես խոտածաղիկը, հետևաբար ասում է.

Ամեն մարմին նման է խոտի, և մարդու ամբողջ փառքը նման է խոտածաղկի. խոտը չորանում է, ծաղիկն էլ թափում, բայց Տիրոջ խոսքը մնում է հավիտյան:

Երանելի Սարգիս Շնորհալի հայոց վարդապետի՝ իմաստասերի և քաջ հռետորի,

Մեկնություն կաթողիկե յոթ թղթերի, Կոստանդնուպոլիս 1826-1828

Գրաբարից թարգմանեց Գայանե Թերզյանը

Աղբյուր՝ Surbzoravor.am

Հետևեք մեզ նաև Telegram-ում