Տղաներ, մենք հետևում ենք ձեզ, ապավինում ենք ձեզ և հավատում ենք ձեր անկոտրում ուժին. Տիգրան Մանսուրյան

Տղաներ, մենք հետևում ենք ձեզ, ապավինում ենք ձեզ և հավատում ենք ձեր անկոտրում ուժին. Տիգրան Մանսուրյան

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, Panorama.am: Ժողովրդական արտիստ, կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանը համոզված է՝ միաբանությունն ավելի ու ավելի մոտ կդարձնի մեր ցանկալի լուսավոր օրը, որն անկասկած մեր հաղթանակով է լինելու։

«Սիրելի հայեր՝ Արցախ աշխարհի, Հայաստան աշխարհի, Սփյուռք աշխարհի, այսօրվա իրավիճակը, որը պարտադրվել է մեզ, ստիպում է ենթարկվել հրամայականին, որի կոչն է՝ մեկ բռունցք դառնալը, որովհետև մեր անունից այսօր պատերազմի առաջնագծում իր խոսքն է ասում հայ զինվորը՝ փրկելու տուն, տեղ, մանուկ, դպրոց, հիվանդանոց, եկեղեցի, ահել-ջահել։

Թող մեր միաբանությունը մեզ կրկին ու կրկին ուժ տա դիմադրելու այս դժվար պահին, ավելի ու ավելի մոտ դարձնի մեր ցանկալի լուսավոր օրը, որն անկասկած մեր հաղթանակով է լինելու։

Տղաներ, մենք հետևում ենք ձեզ, ապավինում ենք ձեզ և հավատում ենք ձեր անկոտրում ուժին, որ բերելու է մեր խաղաղությունը, բերելու է մեր վաղվա լուսավոր օրն Արցախում, Հայաստանում և ամեն մի հայի սրտում»,- ասում է Տիգրան Մանսուրյանը՝ ԿԳՄՍ նախարարության ներկայացրած տեսանյութում։

Հետևեք մեզ նաև Telegram-ում