USD
EUR
RUB

Լևոն Խեչոյան. Սև գիրք, ծանր բզեզ

 

Լուսանկարը՝ Գերման Ավագյանի

***
Երբ տեղ հասանք, ինքնաթիռները գնդակոծել, գնացել էին։ Լռություն է, վանքի զանգերը ղողանջում էին, զարկերի չափավորված դադարներում կրկին լսելի է կանգնած լռությունը, նորից զանգերի կանչ…

***
Ինձանից դուրս էր դեպքերի այդ ուղղությամբ ընթանալու պատճառը։ Ստեղծողի մոլագար դողն էր բռնել ինձ՝ կյանքի մանրամասներից դուրս քաշել մարդու ճակատագիրը, դնել գեղարվեստական հոսքի մեջ։ Բառը, նախադասությունը շնչավորելու կախարդանքին տիրապետելու ձգտումը կուրացրել էր։ Արվեստը դիպվածը չէ, որին գումարվում է հորինելու կարողությունը։ Գրածս ամբողջ կյանքում դժվար մենությամբ վաստակած իմ ներսի խաղաղության միջով անցած գյուղի պատմությունն է, ծնված անվերջ հրաժարումից և լիակատար խաղաղության խորհրդից, իմ կենսագրությունը դարձած պատմություն այն մարդկանց մասին, որոնք ենթագիտակցորեն պահպանվում էին իմ գեղարվեստական հիշողության մեջ։ Ժամանակ էր անցել, և հեռվից դիտելու իմ կարողության, տեսնողի աչքին համապատասխան կենսագրությունները, մարդիկ վերստեղծվել էին նորից։

***
Այդպես է՝ իմ զգալը, հայացքը, մահը, սարսափը, ապրելը՝ նրանք վերափոխվում են ինչ-որ մեկ ուրիշ՝ գունային մտածողության, իսկ այդ երկուսի՝ կյանքի և գունայինի՝ կրակների արձակած ջերմությունների իրարից տարբեր լինելը միայն ես կարող եմ որսալ։

***
Դա Հայաստանի ու նրա մարդկանց կերպարանափոխության փուլն էր։ Խորքում անհետանում էր տեսանելին, փոխարենը հայտնվում էր առեղծվածային անըմբռնելին, բայց դեռ ոչ ոք չգիտեր, թե այդ անըմբռնելին ինչ է լինելու և ինչ ճանապարհով է անցնելու, քանի որ և´ հավատը, և´ վստահությունը դեռ չէր ճշտված նորերի նկատմամբ…

***
Շատ արագ էլ թաքստոցից դուրս եկան ցուրտը, սովը և պատերազմը, բայց դեռ որևէ մեկի կողմից չգիտակցված անմերձենալին կար՝ Հայաստանը՝ հեռուներից, համամարդկային պատմության ընթացքով եկողը։ Անկասկած էր՝ ինչ էլ դառնար այն, դարձյալ պիտի մնար որպես Հայաստան։

***
Մեքենայի բաց պատուհանից դուրս ձյունախառն քամի է։ Քսան-քսանհինգ հոգով ճանապարհ ենք ելել։ Ճանապարհող ընկերների, համաքաղաքացիների աչքերը մեր հերոսությամբ խանդավառ են, հիացկոտ։ Իսկ կանանց, մայրերին թողել ենք տանը՝ մեզ համար լացը փակ պատերի մեջ անելու, արգելել ենք արցունքոտ աչքերով հավաքատեղում՝ ժողովրդի մեջ և մեր կողքին լինել։

***
Մտածում եմ, հաստատ գիտեմ, որ մեզ բան չի պատահի՝ արկը հեռվում կպայթի, գնդակը կվրիպի, ականի մեխանիզմը չի գործի կամ, վատթարագույն դեպքում, կխեղվեն ոտքներս, թևներս, ծնկներս կամ կկուրանանք։ Բազուկներս վիրակապի մեջ կլինեն, ոտքներս՝ գիպսի կամ ձեռնասայլակի մեջ, պատվավոր նստած, զնգզնգացող շքանշանները կրծքներիս կանցնենք շքերթի ելած ժողովրդի առջևով, մեզ մատով ցույց կտան։ Աղջիկներն իրար ականջի մեր անունները կտան, մեր մասին կփսփսան։

***
Քանի սահմանին էինք մոտենում, մեքենայի սլացքին պայթյուններ էին ուղեկցում, ճառերը մնում էին թիկունքում։ Պատմահայրերի, բանաստեղծների ասածները անորոշ էին դառնում։ Ինքնամփոփ ենք՝ մեր ծնկներին, ափներիս տակ, կարաբինի մետաղի պաղը ուռեցնում է մեր կրծքերը, լսել տալիս ներում անցնող արյան ծանր հոսքը։

***
Առաջին անգամ լսեցինք, զարմացանք, որ թափառող գնդակ կա, թշնամին աննպատակ, առանց նշանառության արձակում է, դրանից էլ է մարդ մեռնում։ Առաջին զոհվածին տեսանք, թպրտում ենք, ինչպես կողմնացույցի սլաքը, ջղագարություն է բռնել։ Հիպնոսել, կլանում է, ոտքով ծեծում ենք հողը, պտտվում, շուրջը կանգնել, տենդ է, դողում ենք, հմայված ենք։ Նա մեր հիշողության, զգայարանների մեջ է, որպես հայտնի, անկասկածելի մի բան։ Բայց հենց այնտեղ՝ մեր իմացած գույների, զրնգոցների մեջ, նրա տեղն ու անունն ենք որոնում, չենք կարողանում գտնել, ու դա էլ՝ չգտնվածը, անանունը մեր ճակատագիրն է դառնալու։

***
Հետո գիշերն իջավ, հողմը չի դադարել, նոր հրաման ստացանք։ Փամփուշտների, նռնակների արկղերը շալակներիս, մետաղե ծանրությունից ու ցրտից մատներիս մրմռոցը զսպելով՝ քամու, բքի միջով երկար ճանապարհ գնացինք, երկաթբետոնե ցանկապատի վրա կարաբինների ու աչքներիս համար անցքեր կտրեցինք և այն հավանական տեղի վրա, որ մեզ ասել էին, թե թշնամին պիտի գա, այնքան շատ, ժամերով նայեցինք սպիտակ ձյան վրա, աչքներիս թշնամու տեսքով, քողածածկ խալաթներով դեպի մեզ սողացող սև կետեր երևացին, որոնք գալիս, լցվում էին մեր ներսը։

***
Շատ հոգնածները, ուժասպառներն էլ ծղոտի հակերը քանդեցին, բաց երկնքի տակ պառկեցին. զառանցում և տնքում էին քնի մեջ։ Արթուն մնացածներս զրուցում էինք։ Օգսենը, երբ ինձ ճանապարհում էր, տղաներին ասել էր, որ գրող եմ։ Ու հիմա նրանք գրողների մասին հարցեր էին տալիս, ճշտում նրանց անձնական կյանքի զարմանահրաշ, բոհեմական ապրելակերպի մանրամասներն ու մանրամասնիկները։ Հատկապես հատուկ կարծիք ունեին նրանց պագշոտ սիրուհիների մասին, համոզված էին, որ գրողների շուրջը գիշերուզօր, թիթեռների պարսերի նման ընտրովի աղջիկներ էին պտտվում։

***
Լուսացավ։ Անընդհատ քամի է։ Մեծ մասն ականջակալներով գլխարկներ չունի։ Հրամանատարը շտաբից է եկել։ Վաղը երկաթբետոնե դիրքերից կտեղափոխվենք հյուսիս-արևելք։ Նշանառուն լեռան գագաթից խաչմերուկի վրա մի գյուղացու սպանեց։ Գործարանի բակում երեք զոդողներ ճապոնական «Կամացո» տրակտորը թիթեղապատում են, որ տանկի տեղ գործածեն։ Դարձյալ քամի։ Մութ, անաստղ ամայություն է…

***
Հրամանը երեկ ենք ստացել՝ այսօր ուղղաթիռ պիտի գար, չեկավ։ Տեղաշարժեր չենք կատարում, սպասում ենք ուղղաթիռին։ Արևը նոր դուրս եկավ, անտառի խոնավ պաղը կտաքանա։ Ձորակից անընդհատ ջրի խշշոց եմ լսում, ջրի կենդանությունը ձգում է։ Չգիտեմ՝ այսօր ուտելու բան կլինի՞, երեկ մի կերպ ծայրը ծայրին հասցրինք… Քամին է շնկշնկում…

***
Երկինքը պայծառ է, օրը՝ տաք, շիկացած արևի տակ գոլորշի արձակելով՝ եռում է օդը, նրա հետ՝ սարերը, պատռված հողը, գույնը, անտառի ծանր ստվերները, գոյը, ամեն բան ցնդում է, հեռանում է ընդմիշտ։

***
Իրար ձայն էինք տալիս, իրար չէինք լսում։ «Կոբրա» ուղղաթիռների «Նուրսերի» համազարկից կաղնու ծառերն առանց ճռինչի, խոնարհ թափվում էին, հնձվում խոտի նման։ Քարերը, ժայռերը, տաշտշվում են փափուկ փայտի պես։ Մեր և ուղղաթիռների արանքում կրակից շիկացած, դողացող օդն է, նրա ակնթարթային բռնկման կուրացնող ճերմակից փլվում է հորիզոնը, հափշտակվում են ժայռերը, անհետանում է ճիգը, տիրապետումը, կամքը։ Մի ծանր բզեզ անցավ։

***
Գերձայնային սև «Սու» օդանավը նոր է ռմբակոծել։ Քաղաքի վրա չոր փոշին կոկորդ է քերծում։ Բոլորը գիտեն՝ գնաց շրջադարձ կատարի, էլի գա։ Հետո աննշմարելի կետից է սկսվում, թանաքի կաթիլի նման մի սև է՝ իջնում է՝ օդի մեջ կա միայն ինքնաթիռի փայլատակող սևը՝ երկնքի, երկրի արանքում միանգամից, անսահման խոշորանում, նրանով զարկվում, խեղդվում էր ամեն բան։ Բարձրահարկ շենքերը ոտքերի ջիլը կտրած ցլի նման տապալվում են, հետո նոր՝ կարծրը կարծրին զարկելով՝ նրանց փլվելու դղրդոցը ուղեղ է շաղափում։ Սողում է ճերմակ, բարակ փոշին, լցվում է աչքներս, բերաններս։ Սպիտակ փոշու մեջ դողում է լույսի ճերմակը։

***
Մոմի բոցն իր աղոտ կարմիրով հազիվ էր մթին առաստաղին սեղմած պահում։ Մութը նրա վրա ճոճվում, լողում էր։ Ստվերները պատերին ծալծլվում, թրթռում, մեր դեմքերի վրա էլ էին խաղում։ Հատակին՝ գորգի վրա, կատվի նոր ծնված, կույր ձագերի պես իրար գտնում էինք ու իրար կորցնում, դարձյալ իրար որոնում…

***
Ինձանով կծածկեն հողը։ Հողը՝ թեթև ու փափուկ, սև փրփուրը աշխարհի։ Քիչ ներքև կապույտ ծաղիկ կա։ Դես ու դեն նետվող հայացքս նորից է տեսնում, միտքս մոռանում է նրան, տագնապած է։ Հայացքս, նշանառության բոլոր պահերին, միաժամանակ, նրան էլ է տեսնում, անընդհատ կապույտը կա։ Հետո ներսումս էր։ Մեջս կապույտ ծաղիկն էլ, հայրս էլ, Օհաննան էլ կան։

***
Արդեն չորս պահունակները դատարկվել են, վերջինը մարտական ժիլետի թիկունքի գրպանում է, ամբողջ մարմնով շրջվում եմ, որ հանեմ։ Այդ պահին էլ երկու գնդակներ վնգոցով ծեփվեցին ժայռին, քարը վառվեց։ Բարձրությունը նույնն էր՝ չշրջվեի՝ կանցներ ճակատիս միջով։ Կապույտ ծաղիկը միաժամանակ կար։ Վառված քարի հոտ է։ Կտրտված, արագ փոփոխվող, թախծոտ կարոտ կար, չգիտեմ՝ հո՞րս, Օհաննայի՞, թե՞ փորված հողի նկատմամբ։ Հետո՝ նորից ծաղիկը։

***
Մեր հոգու փրկության համար անվճար մոմեր բաժանեցին։ Վառեցինք սուրբ Աստվածածնի առաջ։ Մայրաքաղաքից մեր շրջան եկած նոր տերտերն ասաց. «Այսօր բաղարջակերաց առաջին օրն է, շուտով Զատիկն էլ կսկսվի…»։ Գլխներիս վերև՝ տարածության մեջ, խաչ հանեց ու մեզ բաց թողեց երկրագնդի չորս կողմերի վրա։ Մեզ քրիստոնյա զգացինք՝ երեսունչորս հոգով՝ ամբողջ ռազմական հանդերձանքով ճանապարհ ելանք։ Ձմեռվա, սառույցի, քամու, մթի միջով ժամը տասնիննին տեղ հասանք։ Ժողովուրդը ոգևորված էր, ընկճվածությունն անցավ։ Մեր կացարանը պատրաստ չէ։ Երկու-երեք հոգիանոց խմբերի բաժանված՝ ուղարկեցին բնակիչների տներում գիշերելու։ Ես ու Գագիկը միասին լուսացրինք։ Տանտերն ուրախացել էր, երկուսիս էլ համբուրեց։ Գիշերն անցավ խաղաղ։

***
Հավաքվում ենք։ Հրամանատարը գնաց կացարանի հարցով զբաղվելու։ Սովխոզի տնօրենը ամբողջ ջոկատին տուն՝ ճաշի հրավիրեց։ Գնացինք։ Շատ կարճ, ճոխ ճաշկերույթ էր։ Լռություն է, մի կրակոց անգամ չի լսվել։ Կացարանում տղաների համար Տերյան կարդացի։ Հատուկենտ հաչոցներ են լսվում։ Զինամթերք ստացանք։ Գիշեր։

***
Լուսացավ։ Ձմեռ է, բայց գարնան առավոտի նման խաղաղ է, տաք։ Արևի լույսը պայծառ է, ջերմությունը քիթ է խտուտ տալիս։ Չորացած ծառին ամեն առավոտ հյուսիսի դեմ կռկռացող ագռավը չկա։ Երեկվա ռմբակոծությունից կացարան եկած, ահաբեկված շունը խցկվել է դռան ետևը, ոչ մի կերպ չենք կարողանում դուրս հանել։

***
Հասկացանք, որ մառախուղը, քամին, մութը, ձյունը վախեցնում են։ Նշանաբան որոշեցինք, ամենքս գնացինք մեր դիրքերը։ Մառախուղն էլի ցածրացավ, կպավ գետնին, քամին պատռվում է ժայռերի, սուր քարերի, մերկ ծառերի վրա, տեղացող ձյունը բերում, լցնում է աչքներիս մեջ։ Բիբներս դաղվում է, կարմիր կայծեր են թռչում, հաճախ խաբվում ենք՝ այդ պեծերը շփոթելով մոտեցող անփույթ հետախույզի պատահական վառած կրակի հետ, անորոշությունը կրկնակի է դառնում։ Իսկ լուսանալուն դեռ շատ կա, չի լուսանում։ Գիշերը մի կերպ անցկացրինք։ Հարձակում չեղավ, առատ ձյուն է եկել։ Շուրթերս ետ գնացին, Օնանը ծիծաղում է։

***
Լույսը բացվել է, երկինքը կապույտ, կապույտ է… Լեռան գագաթին՝ ժայռի վրա եմ։ «Էհե՜յ»,-գոռում եմ ես ու մի անգամ նորից եմ կանչում։ Գիշերային դղրդոց-պայթյուններից հետո հրադադարի լռությունը արձագանքող, միանգամից տարողունակ է։ Կանչը, որ գոռացել, գոռացել եմ, նորից ինձ է հասել՝ իմ ձայնն է։ Այնպիսի զգացողություն է, որ ինքս նկատում եմ և իմ բացակայելը, և իմ ձայնով կանչողին, բայց միաժամանակ նաև տեսնում եմ աշխարհի կենաց նշանները՝ ծառը, ժայռը, գետը, երկինքը… Ես աղաղակում, գոռում եմ. «Ահա, ինքս։ Ես ապրում եմ»։ Քրտինքս իջնում է ողնաշարիս վրայով, ականջներս խշշում են՝ սարսափից է։ Բարձրաձայն հարցեր եմ տալիս. «Ո՞վ եմ ես, ո՞վ է իմ կողքինը, որ խոսում, աղաղակում, գոռում է…»։

***
Այնպիսի տպավորություն է, թե մարմինս իր բոլոր բջիջներով հիշում է նրան՝ հոտն է։ Նա լեզվիս վրայից բառեր է իրենով անում, միտք է թմրեցնում, նյարդերիս տաք զգացողությունն է տանում, իմ ականջներով է լսում, ինձանով սիրում է։ Անորոշ՝ չեմ կարողանում կենտրոնանալ։ Ինձ խոսեցնում է իր հետ։ Բարձրաձայն խոսում և չեմ սարսափում։ Բարձրաձայն մենակ խոսելուց խելագարն էլ չի վախենում, նրա համար բացակա է աշխարհը։ Ահա թե ինչու է հոտը թաքնվել մարմնիս հիշողության մեջ, որպեսզի ինձ խոսեցնի ինձ հետ, ժայռի վրայից աղաղակել տա, կտրի կապը իմ ու աշխարհի միջև։ Բարձրաձայն խոսելիս է, որ այլևս գոյություն չի ունենում լեռը, որտեղից գոռում եմ, գետը, դիմացի բանակը, երկինքը, գիշերը, ոչ գիրքը, ոչ տունը, ոչ ծանր բզեզը…

***
Գուցե սա է՞լ կարևոր չէ, այլ այն, որ Արաքս գետը մեզանից ընդամենը հինգ-վեց կիլոմետր է հեռու, և նրան հասնելն է էական։ Ո՞վ գիտե՝ որն է կարևորը, գուցե էական է, որ ես մոռացել եմ աղոթել և հնարավոր է, որ միայն աղոթելով կարելի է գտնել, թե ինչն է էական… Կամ էականին հասնելու համար գուցե պիտի գրեի՞ ինձ հանդիպած այն սև մութի մասին, թե ինչպես երկրագնդի վրա փռվել էր փայլատակող գիշերը, որի մեջ հալվում, խորտակվում և կլանվում էր ամեն բան. ձիերի մի խոշոր երամակ խրխնջոցով կտրեց ճանապարհը, անցավ գիշերվա մեջ ու էլ չվերադարձավ։

***
Հետո սրընթաց զարկով վերցնում էինք գյուղերը։ Մեծ քաղաքին մոտեցանք, քաղաքն էլ ընկավ։ Մտնում և դուրս էինք գալիս, վազում էինք տապալված հեռագրասյուների, նրանց առաջնորդների մեծադիր յուղանկարների, գալարաթափ լարերի, մետաղների և տարաբնույթ բուրմունքներ արձակող՝ իրար ետևից ընկնող գյուղերի միջով։ Մեր հարձակման հաջողությունը սրընթաց զարկի մեջ էր։ Շտաբն ու գեներալներն արգելեցին ժուռնալիստներին մեր ետևից խորանալ։ Նրանց դժգոհությունը հաշվի չառնելով՝ դրեցին մեքենաներն ու ետ ուղարկեցին։ Վերցված գերիներին և վիրավորներին խումբ-խումբ թիկունք էինք ուղարկում։

***
Քնում էինք քնապարկերի մեջ՝ թացին, չորին, ցրտին ու տաքին, քնում և արթնանում էինք, դեռ լույսը չծագած, տանկերն առաջներս գցած, հողի դողը ոտքներիս տակ, մետաղե ատամնանիվների ճռնչոցը ականջներիս մեջ, մտանք տափաստան։ Դեմ դիմացի գյուղը վերցնելը դժվար չէր, բայց չէինք ցանկանում տղաներին կորցնել։ Դադար առանք ու օձերի կապտակարմրագույն էլեկտրակայծերի նման դուրս նետած երկթև լեզուներն արհամարհելով, քնեցինք դեղին դդումների դաշտում։

***
Հետո, կրկին մեր ոտքերի տակ դողաց հողը, մենք անծայրածիր, դեղին տափաստանի մեջ իրարից հեռու, ցրված և ձայնի տաք ելևէջով իրար որոնելով ու իրար տեղ չիմանալով, բարակ փոշին մետաղե թրթուրների տակ ծեծելով՝ գնացինք առաջ, մտանք Արաքսի հովիտ՝ մեր երազների ափը, ու մեր տանկերը եռացնում էին ջուրը։ Ծակող, թանձր տաքությամբ արևը կանգնել էր երկնքի կենտրոնում ու այրում էր մեր գլուխները, ես այդ ժամանակ արդեն երկրորդ անգամ լսել էի ձայնը ու գիտեի, որ ստվերի մեջ թաքնվել է պետք, դեղին տափաստանի մեջ սև չկար, ամեն մի ստվերի երկարություն հալվում էր երկնքի կենտրոնում կանգնած արևի առատ ու տաք լույսի մեջ, փոքրիկ, մոխրագույն, խանձված բլրակները եռում էին իրենց տեղերում, հենց եռացող բլրակների մեջ էլ մյուս ջոկատի տղաներից մեկին չէին կարողանում գտնել։ Տափաստանի պարզ, շատ հեռուները նկատվող՝ փռված հարթության վրա, ոչ մի տեղ չէր երևում։

***
Նաև հողը ծակեց, արյունատար անոթի նման տարածվեց երկրագնդի միջով, ինչպես ջլերի հյուսքը, գրկեց հողի ողնաշարը։ Զգայուն, պիրկ նյարդային համակարգի պես ցնցվեց երկրի վրա ամեն մի հրաբխային պատռվածքից, կյանքի թելի պես բարակ-բարակ էր, որ հիմա կկտրվի…

***
Նա միաժամանակ համատեղում է հակադիրը՝ ունայնությունը և հույսը, խաղաղությունն ու ցասումը, խուլ լռությունը և նրա աղմուկը, մենամոլությունը և ինչ-որ բանի հավատալու կարողությունը։ Մենակությունը, աշխարհի հետ հարաբերվելը, և´ սերը, և´ անաչառությունը, և´ մեծի անորոշության հետ մերձենալու շնորհը հիվանդոտ, մտասևեռ մարդու անարժեք քմահաճույքներ կլինեին, եթե նա, ինքնահաստատման համար իրեն սուրբ հայտարարելով, իր հետ չկարողանար կարևորել նաև ամբողջ հողագնդի արժեքը։

***
Հավատում եմ՝ ձեր մեջ կան նրանք, ովքեր կանցնեն բոլոր մեղքերի միջով և անմեղ կմնան, նրանք՝ ում ձեռքին հանկարծ կհայտնվի մի մահակ, մի սուր, մի քար, մի բան՝ արյուն հանող…

***
Հոգեվիճակի հոսք է՝ առանց գաղափարախոսության, առանց նախօրոք ծրագրված գործողությունների։ Այն մի փակ, որևէ տեղից օգնություն չստացող համակարգի մեջ ապրող մարդու՝ թվացյալ ամբողջական ժամանակի մասին է, որ նա կարծում է, թե իբրև մեր բանականությանը տրվում է այն ժամանակը, որով հաշվարկում ենք պատմության ընթացքը, հեղափոխական իրադարձությունները, պատերազմների բռնկումները, մեր մեռնելու և ծնվելու տևողությունը, իրականում կա տիեզերական ժամանակ, որով Աստված սպանում է մարդկանց։

***
Խաղաղության հասնելու ուղին միմյանց մեջ չէ, բայց հնարավոր է, որ ճանապարհն այնտեղով անցնի… Այնուամենայնիվ, շատ հնարավոր է, որ նրա խելագարությունը ճշմարտությունից անդին է, ինչը մենք որոնում ենք… Հիմա չեմ ուզում մտածել այդ մասին…

Պատրաստեց Արմեն Սարգսյանը

Աղբյուր՝ Granish.org

Լրահոս
Հայաստան, աշուն, վերջին չուն դրախտ Վահե Արմեն. ՃԻՉ Սուրբ Հակովկի և Իրավափառի հիշատակության օր Դադիվանքում սպասավորող միաբանները ստացան Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությունը «Բոլորին պատվազրկեցին, հողերին հավասարեցրին, իրենց անգործությամբ էլ Արցախի մշակութային արժեքները գերության մեջ թողեցին»․ գյումրեցի նկարչուհի «Ար­ցա­խի կո­րուս­տը հայ ժո­ղովր­դի հա­մար հս­կա կո­րուստ մըն է» Կյանքից հեռացել է Գորիսի դրամատիկական թատրոնի դերասան Սեյրան Մկրտչյանը Դեկտեմբերի 7-ից դպրոցները կանցնեն առկա ուսուցման Բարսեղի և Գրիգորի տեսությունը ուղղափառ հավատքի մասին Արդարություն փնտրելիս Փաշինյանի հրաժարականի պահանջով հացադուլ հայտարարած քաղաքացիները կաթողիկոսի այցից հետո դադարեցրել են հացադուլը Չդառնանք չարը՝ հակառակվելով չարին Սուրբ Գենարիոս եպիսկոպոսի և Մերկերիոս զինվորի հիշատակության օր Ադրբեջանը քննարկում է Շուշին և Խուդաֆերինի կամուրջները ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցուցակում ընդգրկելու հնարավորությունը Լույս է տեսել «Խորհրդային Հայաստանը հայ ժողովրդի պատմական ճակատագրում» գրքույկը Այս մրցանակը նվիրում եմ բոլոր հայ զինվորներին․ Իվետա Մուկուչյան Երեք նոր նամականիշ` նվիրված «Պատմամշակութային հուշարձաններ. Հայաստանի պատմամշակութային հուշարձաններ» թեմային Աստղագիտության դասավանդման նորարարական մեթոդները Համերգ-ցուցահանդես՝ նվիրված Արամ Խաչատրյանի զարմիկներին Աղոթք որոշակի կարիքների և ամբողջ աշխարհի համար Ավագ Եփրեմյան «Լինել թե չլինել ընթեռնելի» Հուսիկ Արա․ Մելոդիա Թադեոս և Բարդուղիմեոս առաքյալների տոնին դուրս բերվեց Սուրբ Գեղարդը Հույս Թադեոս և Բարդուղիմեոս առաքյալներ Մահացել է բանաստեղծ Եղիշե Չարենցի թոռնուհին՝ բանաստեղծուհի Հասմիկ Չարենցը «Սոթբի»-ի աճուրդի տանը վաճառքի է հանվել 17-րդ դարի հայերեն ձեռագիր Ֆրանսիան համագործակցում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի հետ ԼՂ-ի պատմամշակութային օբյեկտների պահպանության համար Նկար­չի ժա­մա­նա­կը «Ոսկե ծիրանը» կցուցադրի կինոռեժիսորի «Զինվորը և կովը» ֆիլմը Աստծո անունը զուր տեղը մի տուր Նոյեմբերի 28-ին դուրս կբերվի Աստվածամուխ Սուրբ Գեղարդը «Դուք այստեղ որևէ ադրբեջանական բան տեսնո՞ւմ եք». Свободная Пресса-ի ռեպորտաժը ռուս խաղաղապահների հսկողության տակ գտնվող Դադիվանքից (տեսանյութ) Շու­շիի բանտ­ված թան­գա­րա­նա­յին նմուշ­նե­րը Տրտուն­ջը, նա­խան­ձը ա­վե­րում են մեր հո­գին Քանի որ այսօր ՀՀ-ն չունի իշխանություն, հայ մշակութային գործիչները դիմում են միջազգային կառույցներին Առաջին լուսավորիչներ՝ Սուրբ Թադեոս և Սուրբ Բարդուղիմեոս առաքյալներ Կյանքից հեռացել է ՀՀ վաստակավոր արտիստ Զավեն Աբրահամյանը Ամենայն Հայոց Կաթողիկոսը ցավակցագիր է հղել ՀՀ վաստակյալ նախագահ Սերժ Սարգսյանին Աստծո արքայությունը բանաձևող առակներ
website by Sargssyan