Վահագն Մուղնեցյան․ Զոհանվեր

Վահագն Մուղնեցյան․ Զոհանվեր

***
Ձգվում է ու ձգվում մի անհասցե ուղի,
Մի մոռացված երազ իր տիրոջն է փնտրում,
Մշուշների խորքից և ցավերի միջով
Երգն իմ հոգիների ունկնդրում է խնդրում։

Բարձրանում է կամաց մի վարագույր կանաչ,
Հետո մի վարագույր,- հոգենվագ մի շեր,-
Եվ դռներ են բացվում հուշիկ ունկնդրության՝
Իմ խորքերից քամող անապական հևքեր։

Գրանիտե ժայռից մզված մի կաթիլ ջուր
Իր բոլորուն ներսում հոգիներ է կերտում,
Որ բարձրանան մի օր վերադարձի ճամփով,
Մրջյունների ճամփով՝ դեպի վերակերտում։

Մրջյունների երկրից սկիզբ առնող ճամփան
Ես անցել եմ վաղուց ու դառնացել այսպես,
Ունկնդրում է խնդրում ամեն-ամեն վայրկյան՝
Երգը իմ մահամերձ, սակայն վառ ու հրկեզ։

Եվ ձգվում է, ձգվում իմ անհասցե ուղին,
Կարծես թե ուրիշի երգերն են ինձ հսկում,
Բարձրանում եմ հուշիկ և ընկնում եմ թափով,
Եվ մեռնում եմ վերջին իմ երազի գրկում։

Հետևեք մեզ նաև Telegram-ում