«Տիրոջն ապավինողը նոր ուժ պիտի ստանա»

«Տիրոջն ապավինողը նոր ուժ պիտի ստանա»

Աստված երբեք չի մերժում անկեղծ սրտով ու հավատով Իրեն ուղղված աղոթքները, իսկ եթե խնդրվածքներն անպատասխան է թողնում, ապա տալիս է խնդրվածից ավելին: Սուրբ Գրքում կարդում ենք, որ Աստծու կողմից ընտրված անոթը՝ Ս. Պողոս առաքյալը, խնդրեց Աստծուն, որ իրենից հեռացնի փշի նման ծակող հիվանդությունը, բայց Տերը, նրա խնդրանքն անկատար թողնելով, այնպիսի զորություն շնորհեց նրան, որ առաքյալին ամրացրեց մի շարք փորձությունների դեմ և հնարավորություն տվեց իրագործելու առաքելական երեք ճամփորդություններ: Նրա կողմից գրված առաքելական նամակներից տեղեկանում ենք, որ բազմաթիվ հալածանքների ենթարկվելով՝ առաքյալը մշտապես հավատարիմ մնաց իր կոչմանը: Զարմանալին այն է, որ նա պարծենում էր իր տկարություններով, Քրիստոսի համար կրած նախատինքներով, նեղություններով, հալածանքներով և դժվարություններով: Իսկ այդ պարծանքի պատճառի մասին նա ասել է՝ երբ տկար եմ, այն ժամանակ եմ զորավոր (Բ Կորնթ. 12:10):

Առաքյալի այս խոսքերը տարօրինակ և անհասկանալի է առավելապես հոգևոր կյանքից հեռու մարդու համար, ով ապրում է մի աշխարհում, որը բոլորովին այլ բան է առաջարկում իրեն. խոստանում է ազատել բոլոր հոգսերից: Այն, ինչ աշխարհը մերժում է և ինչից իբրև թե փորձում է հեռու պահել մարդուն, այդ ամենին էր ձգտում առաքյալը և այդ ամենով էր պարծենում, քանի որ Տերը նրան ասել էր՝ Իմ զորությունն ամբողջապես հայտնվում է մարդու տկարության մեջ (Բ Կորնթ. 12:9):

Ի՞նչ տկարության մասին է խոսքը: Այս հարցին պատասխանելով՝ Անտոն միտրոպոլիտ Սուրոժացին ասել է. «Մի՞թե մեր ծուլությունից, վախկոտությունից և հուսահատությունից բխող տկարության մասին է խոսքը: Իհարկե, ոչ, այլ այն տկարության, որ հատուկ է երեխային, որն իրեն ամբողջովին հանձնում է մոր ձեռքը»: Միտրոպոլիտը նշում է նաև առագաստի օրինակը՝ ասելով, որ այն նավի ամենադյուրաբեկ և թույլ կողմն է, բայց եթե այն շրջեն քամու կողմը, ապա դյուրաբեկ առագաստը ողջ նավը կտանի ծովով կամ օվկիանոսով: Այդ պատճառով Ս. Պողոս առաքյալն ասաց. «Ամեն ինչ կարող եմ տանել Քրիստոսի շնորհիվ, որ զորացրեց ինձ» (Փիլիպ. 4:13): Այս ճշմարտությունը ծանր է հավատի ուղուց հեռացած մարդու համար, քանի որ այլ բան է ցանկանում մարդկային բնությունը: Առաջին մարդիկ վտարվեցին դրախտից և այսօրվա մարդու ձգտումը դեպի հարմարավետ կյանք, իրականում մարդու ձգտումն է վերադառնալ դեպի դրախտ: Պողոս առաքյալը դրախտը գտել էր Քրիստոսի մեջ, և այդ դրախտն իր սրտում էր:

Աստծուն հուսացող և ապավինող անձը, որ փորձվում է տկարության մեջ, առավել լիարժեք է զգում աստվածային զորությունը, որ գործում է իր մեջ՝ որպես Բարձրյալից պարգև: Թե՛ առաքյալի և թե՛ բազմաթիվ սրբերի վարքը վկայում է այն մասին, որ տկարություններն ու փորձություններն աստվածային օրհնության և զորության աղբյուր են: Այդ պատճառով նրանց վարքը հորդորում է քրիստոնյային տկարության և փորձության մեջ փառաբանել Աստծուն և հեռու մնալ տրտունջից: «Երբ առավոտյան արթնանում ենք, պետք է ասենք. «Փա՜ռք Քեզ, Տե՛ր Աստված, շնորհակալ եմ այսօրվա համար, արեգակի, անձրևի, այն անհաջողությունների և փորձությունների համար, որ ուղարկում ես ինձ, և չնայելով իմ մեղքերին՝ օգնում ու չես թողնում ինձ: Շնորհում ես Քո օրհնությունը՝ Քեզ ծառայելու, խոսելու և վկայելու աստվածային ճշմարտության մասին»» (Ս. Հովհան Ոսկեբերան):

Որքան բազմազան են տկարությունները մարդկային կյանքում, այնքան էլ բազմազան են աստվածային զորության արտահայտությունները: Այդպիսի մի օրինակի հանդիպում ենք Ավետարանում՝ արյունահոսությամբ տառապող կնոջ մասին պատմող հատվածում, որին բուժեց Քրիստոս (Մատթ. 9:20-22; Մարկ. 5:25-34; Ղուկ. 8:43-48): Երբ Հիսուս գնում էր Հայրոսի տուն, որպեսզի բուժեր նրա մահամերձ աղջկան, ժողովրդի միջից մի կին, որ տասներկու տարի տառապում էր արյունահոսությունից, Հիսուսի հետևից դիպավ նրա զգեստին՝ խորհելով՝ եթե միայն դիպչեմ նրա զգեստին, կբժշկվեմ: Նա իր հիվանդությունից անմիջապես բուժվեց: Նրա մասին ասվում է, որ նեղություն էր քաշել բժիշկների ձեռքից, վատնել էր իր ողջ ունեցածը, բայց օգուտ չէր տեսել. ընդհակառակը, հիվանդությունն ավելի էր սաստկացել: Քիչ չեն նմանատիպ իրավիճակները, երբ մարդիկ, ամեն միջոց ծախսելով, հաճախ կանգնում են «կոտրած տաշտակի» առաջ: Այս դեպքում մարդը, ընկնելով կարծեցյալ փակուղի, սկսում է հուսահատվել, տրտնջալ և մեղավորներ փնտրել, այնինչ հարկ է, որ անդրադառնա իրեն՝ գուցե հեռվացել է Աստծուց՝ հույսը դնելով անհուսալի և խաբուսիկ իրողությունների վրա: Արյունահոսությամբ տառապող այս կինը հուսաթափ չեղավ, երբ տեսավ, որ իր ունեցած բոլոր միջոցներն անզոր են. նա գնաց այն Միակի մոտ, Ով Իր զորությամբ ընդունակ էր լրացնելու մարդկային տկարությունը: Կինը ստացավ իր խնդրանքը ոչ այն պատճառով, որ դիպավ Քրիստոսի հագուստին, այլ որ Նրան մոտեցավ անկասկածելի հավատով: Ս. Հովհան Ոսկեբերանը նշում է, որ կինն աննկատ ստացավ մարմնական բժշկություն, իսկ Փրկիչը բոլորի առաջ բաց արեց նրա հոգու գեղեցկությունը: Բժշկության այս հրաշքը Սուրբ Գրքի լավագույն օրինակներից մեկն է, որին կարելի է հետևել, բայց ոչ երկար տարիներ «ողջ ունեցվածքը» վատնելուց հետո, այլ դեռ ճանապարհի սկզբից՝ անսալով սաղմոսերգուին, որ ասում է՝ հույս մի՛ դրեք իշխանների՝ մարդկանց որդիների վրա, որովհետև նրանցից փրկություն չկա (Սաղմ. 145:3):

Մարդկային կյանքն անցնում է իրարանցումների ու բազմահոգության մեջ և ամեն ինչ հասցնելու վազքի մեջ մարդը հաճախ «ծայրը ծայրին չի հասցնում», իսկ շտապողականության մեջ բախվելով իր կամ մերձավորի տկարությանը՝ սկսում է բարկանալ, կռվել և հուսահատվել: Սովորաբար նման իրավիճակում մարդը կորցնում է զգոնությունը և մեղքերի մեջ ընկնում, որոնց համար հետագայում զղջում է: Բայց այդ ամենից հնարավոր է խուսափել, եթե մարդը գիտակցի, որ Աստված միշտ իր հետ է և պատրաստ է ամեն իրավիճակում օգնության ձեռք մեկնել:

Տկարությունը գիտակցելու և ամեն պահին Աստծուն ապավինելու մասին է վկայում Հայոց ազգի նահապետ Հայկի օրինակը, ով հանուն հավատի պահպանության դուրս եկավ Բելի դեմ պատերազմի, որի բանակը օրեցօր համալրվում էր տարբեր երկրներից եկած ռազմական ուժերով՝ վերածվելով մի հսկայածավալ բանակի: Երբ Բելի բանակն սկսեց անարգել թափանցել Արարատյան երկրի սահմաններից ներս, և Հայկը տեսավ, որ պատերազմը երկարում է և երկու կողմերը բազմաթիվ զոհեր են տալիս, հաղթանակի միակ ելքը տեսավ անձամբ Բելի դեմ մենամարտելու մեջ, ինչը ոչ մի կերպ չէր հաջողվում, քանի որ Բելը շրջապատված էր իր ընտիր զինվորներով և հիմնականում հեռվից էր հետևում պատերազմի ընթացքին: Աստծուն հուսացող Հայոց բանակը այդ վճռական պահին կրկին Բարձրյալից օգնություն հայցեց, ինչը չուշացավ. Երկնային Աջը երկնքում Հայկին ցույց տվեց լայնալիճ աղեղը և այն պատրաստելու իմացությունը: Այդ զենքի միջոցով էլ Հայկը տապալեց Բելին՝ Աստծով հաղթելով:

Ինչպես ապաշխարելիս, առաքինության ուղին անցնելիս, այնպես էլ տկարությունն ու փորձությունը հաղթահարելիս քրիստոնյային անհրաժեշտ է ձեռք բերել փրկարար համբերություն: Առանց այս առաքինության քրիստոնյան չի կարող անցնել հավատքի իր ուղին, եկեղեցու հայրերի մեջբերած օրինակով՝ մեկթևանի արծիվը չի կարող դեպի վեր սլանալ: Ուստի, համբերությամբ հաղթահարելով տկարություններն ու դժվարությունները, ապավինենք Տիրոջը, քանի որ «Նրանք, որոնք Տիրոջն են ապավինում, նոր ուժ պիտի ստանան և նոր փետուրներով զարդարվեն ինչպես արծիվներ, պիտի վազեն, բայց չպիտի հոգնեն, պիտի գնան, բայց քաղց չպիտի զգան» (Եսայի 40:31):

Կազմեց Կարինե Սուգիկյանը

Աղբյուր՝ Surbzoravor.am

Հետևեք մեզ նաև Telegram-ում