«Երբ տկար եմ, այն ժամանակ եմ զորավոր» (Բ Կորնթ․ 12։10)

«Երբ տկար եմ, այն ժամանակ եմ զորավոր» (Բ Կորնթ․ 12։10)

Մեր պարտությունները, թուլություններն ու տկարությունները կյանքում մեզնից հեռու վանելով՝ կարծում ենք, թե ազատվում ենք դրանցից և դառնում ավելի ուժեղ։ Մեր գործած սխալների ու մեղքերի պատճառները մշտապես փնտրում ենք մեզնից դուրս՝ հեռացնելով մեզնից մեր թույլ լինելու մասին մտքերը։ Սակայն հիշենք աստվածաշնչյան այն ճշմարտությունը, թե «երբ տկար եմ, այն ժամանակ եմ զորավոր» (Բ Կորնթ․ 12։10)։ Ինչո՞ւ է, ուրեմն, ասվում այսպես, եթե կարելի էր ապրել՝ պարզապես անտեսելով մեր տկարությունները։

Երբ ճանաչում ես ինքդ քեզ, այդ թվում նաև քո տկարությունները, երբ Աստծո առաջ քեզնից չես վանում գործածդ մեղքը, այլ զղջմամբ ու ապաշխարությամբ ես գալիս դեպի Նա, երբ չես հերքում, որ ինքդ էլ բոլորի նման կարող ես սխալներ գործել, այդ ժամանակ ես միայն ուժ ու եռանդ ունենում՝ հաղթահարելու չարիքը։ Հակառակ դեպքում ինքներս մեզ նետում ենք մեղքերի ու թուլությունների ճահճի մեջ, որտեղից չենք կարող ինքնուրույն դուրս գալ և որը, սակայն, նաև նկատել չենք կամենում։ Իսկ այդ մոտեցումը կործանարար է մեր, մեր հավատի, մեր շրջապատի, մտերիմների և աշխարհի համար։

Շարունակ խոսում ենք, որ մարդիկ չեն գիտակցում իրենց սխալը, մեղքի իրենց չափաբաժինը, չեն ցանկանում շտկել կատարած վատ արարքը, որ աշխարհը լի է անարդարություններով, մեղքով։ Սակայն հարցնենք նաև՝ ե՞ս ինչ եմ անում իմ իսկ նկարագրած այդ մարդկանց չնմանվելու համար, արդյո՞ք երբևէ գիտակցել եմ իմ տկարությունը և դրանով իսկ զորացել։ Եվ հասկանալով, որ հենց մենք, մեր հավատն է, որ կարող է շատ դեպքերում որոշիչ լինել աշխարհում բարին ու սերն ավելացնելու համար՝ ստանձնե՛նք այդ դերը։ Չվախենա՛նք Աստծու առաջ ասել՝ մեղավոր եմ, Տե՛ր, չվախենանք մեր տկարությունից։ Չէ՞ որ միայն տկարության գիտակցումը, զղջումն են հզորացնելու մեզ, մինչդեռ անտեսումը մեզ դարձնում է հենց այդ տկարությունների զոհը։

Ուրեմն՝ խնդրենք Աստծուց, որ մեզ շնորհի այնքան ուժ, որ կարողանանք գիտակցել մեր տկարությունները, և ուղեկցի մեզ՝ հաղթահարման ճանապարհին։

Աղբյուր՝ Qahana.am

Հետևեք մեզ նաև Telegram-ում