Աստծո արքայությունը բանաձևող առակներ

Աստծո արքայությունը բանաձևող առակներ

Հիսուս, խոսելով երկնքի արքայության մասին, իր խոսքը բանաձևում է առակների միջոցով:

Մանանեխի հատիկի նման

Երկնքի արքայությունը նման է մանանեխի հատիկի, որ մի մարդ առնելով այն սերմանում է իր արտի մեջ: Այն փոքր է քան բոլոր սերմերը, սակայն երբ աճում է, բոլոր բանջարներից ավելի է մեծանում, ծառ է դառնում ու արձակում այնքան մեծ ճյուղեր, որ երկնքի թռչունները կարողանում են գալ ու նրա ճյուղերի վրա հանգստանալ:

Թթխմորի նման

Երկնքի արքայությունը նման է թթխմորի, որ մի կին, առնելով՝ դրեց երեք չափ ալյուրի մեջ, մինչև որ ամբողջը խմորվեց:

Թաքցված գանձի նման

Երկնքի արքայությունը նման է մի արտի մեջ թաքնված գանձի, որ մի մարդ առնելով այն, նորից թաքցնում է, ապա վաճառում իր ունեցվածքը ու գնում այդ արտը:

Գեղեցիկ մարգարիտի նման

Երկնքի արքայությունը նման է մի վաճառականի, ով գեղեցիկ մարգարիտներ էր որոնում ու մի թանկարժեք մարգարիտ գտնելով՝ գնում վաճառում է իր ունեցվածքն ու գնում այդ մարգարիտը:

Ծովը նետված ուռկանի նման

Երկնքի արքայությունը նման է ծովը նետված ուռկանի, որ ամեն տեսակ բան էր հավաքել: Երբ լցվել էր, այն ցամաք հասնելով՝ լավերը մի առ մի հավաքեցին ամանների մեջ, իսկ խոտանը դուրս գցեցին: Այնպես էլ կլինի այս աշխարհի վախճանին: Հրեշտակները կելնեն ու չարերին արդարների միջից կբաժանեն ու կգցեն նրանց բոցավառ հնոցի մեջ, ուր կլինի լաց և ատամների կրճտում:

Գաղտնի կերպով աճող սերմի նման

Աստծո արքայությունը նման է մի սերմի, որին մի մարդ հողի մեջ ցանեց ու գնաց իր սովորական ապրուստի ետևից, իսկ նրա ցանած սերմերը սկսեցին բուսնել, աճել և պտուղ հասցնել . նախ՝ խոտը, ապա՝ հասկը, և հետո ատոք ցորենը՝ հասկի մեջ: Վերջապես հասնում է պտուղը և գալիս է հնձի ժամանակը, որով արտի տերն ուղարկում է հնձվորներ՝ հնձելու հասած արտը և շտեմարանելու հասույթը:

Մանանեխը նման է Հիսուսի աշակերտներին, որոնք թվով փոքր էին, սակայն իրենց առաքինություններով լցնելու էին աշխարհը: Աստվածապաշտության գաղափարը սկզբում փոքր է, թույլ, խոցելի ու վտանգի ենթակա, սակայն հետագայում կրում է համաշխարհային բնույթ: Նույնն է և Եկեղեցին, որ փոքր էր, թույլ, սակայն հետզհետե ծավալվելով՝ դառնում է աշխարհի ամենամեծ կառույցը, որի ճյուղերի մեջ ապաստան են գտնում անհամար «թռչուններ»: Նույնն է նաև թթխմորի օրինակում:

Թաքցված գանձը ավետարանի ճշմարտությունն է, որն արժե այնքան, որ մարդիկ իրենց ունեցվածքը տան՝ ձեռք բերելու այդ ճշմարտությունը, քանզի այն կապվում է երկնքի արքայության հետ: Եվ ինչպես որ մարդու հարստությունը կվերադառնա՝ երբ գտնվի թաքցված գանձը, այնպես էլ հատուցում կգտնի մարդու հավատքը, երբ իր ստացվածքը տա՝ երկնքի արքայությունը գտնելու համար: Նույնն է և մարգարիտի օրինակում:

Ուռկանը Քրիստոսնի Ավետարանն է: Աշխարհի դաշտում աճում են թե՛ բարի և թե՛ չար մարդիկ: Ուռկանին մոտենում են և՛ բարի և՛ չար անհատներ, լավերը փրկության համար, իսկ վատերը՝ կործանման:

Գաղտնի սերմի առակը ցույց է տալիս Աստծո և մարդու համագործակցությունը: Մարդը հերկում է հողը, մշակում, ցանում է սերմն ու հնձում ցանքը, իսկ Աստված տալիս է իր լույսը, անձրևը, հողը:

Արմեն Չաքմիշյան

Աղբյուր՝ Qahana.am

Հետևեք մեզ նաև Telegram-ում