Թադեոս և Բարդուղիմեոս առաքյալներ

Թադեոս և Բարդուղիմեոս առաքյալներ

«Հայրատունկ այգու հրեղեն պարիսպներ, բարձր աշտարակներ, ոսկեղեն բաժակներ ու ժիր մատռվակնե՛ր, ո՛վ Հայաստանյայց հոգևոր հայրեր՝ Բարդուղիմեոս և դու՝ Թադեոս, Տիրոջ մոտ բարեխոս եղեք մեր հոգիների համար» (Շարական):

Առաքելադիր Հայ եկեղեցու սիրելի՛ հավատացյալներ,

Այսօր Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին նշում է մեր առաջին լուսավորիչների` սուրբ Բարդուղիմեոս և Թադեոս առաքյալների հիշատակության օրը: Քրիստոնեության լույսը Հայաստան աշխարհ բերած աստվածատես ու շնորհազարդ այս երկու այրերի սրբապատկերները, սուրբ Խորանի երկու կողմերում գտնվելով, զարդարում են մեր եկեղեցու ավանդատների մուտքերը` հայ քրիստոնյայի հիշողության մեջ վառ պահելով Մայր եկեղեցու առաջին հիմնադիրների հիշատակը: «Սուրբ, անբիծ, անարատ եկեղեցիս հայոց՝ անբասիր անշաղախ հարսս երկնաւոր փեսային, անկեալս ու հիմնադրեալս է սրբոց առաքելոցն Թադէոսէ և Բարդողիմէոսէ»,- գրում է Ստեփանոս Օրբելյան արքեպիսկոպոսը:

Սուրբ Թադեոս առաքյալը, որ Ավետարանում նաև Հուդա Հակոբյան և Ղեբեոս անուններով է հիշատակվում, հայ վարպետների վրձնած սրբապատկերներում պատկերվում է սուրբ գեղարդը ձեռքին, քանի որ, ըստ սրբազան ավանդության` հենց նա էր, որ աստվածամուխ գեղարդն իր հետ Հայաստան աշխարհ բերեց: Եվ մեր հայրենիքի համար այս ճակատագրական օրերին հատկապես հաճախ ենք հիշում սուրբ Թադեոս առաքյալին իր աշակերտ Դադի եպիսկոպոսի միջոցով, որի նահատակության վայրում հետագայում կառուցվել է այնքան սիրելի Դադիվանքը: Իսկ Թոլոմեի որդի Նաթանայելին, որ սուրբ Բարդուղիմեոս առաքյալ անունով գիտենք, հայ նկարիչները պատկերում են Սրբուհի Աստվածածնի պատկերը ձեռքին` հիմնվելով ավանդության այն հատվածի վրա, ըստ որի` սուրբ առաքյալն ուշանալով և ներկա չլինլով սիրելի Աստվածամոր ննջմանն ու թաղմանը՝ մյուս առաքյալներից որպես մխիթարություն ստանում է Սուրբ Կույսի անձեռակերտ պատկերը, որն էլ առաքելության ժամանակ իր հետ Հայաստան է բերում:

Սիրելի՛ հավատացյալներ, մենք այսօր մեծագույն սիրով ու երախտագիտությամբ ենք հիշում Տեր Հիսուս Քրիստոսի այս երկու սերմնացաններին, որ Հայաստան աշխարհը ևս ընդգրկեցին իրենց առաքելության սահմաններում և այսօր այստեղ գնվելով` փաստում ենք, որ նրանց ցանած սերմերը երկու հազար տարի անց էլ ծլարձակում են ու պտուղ տալիս՝ Սուրբ Երրորդության փառքի և Սուրբ Ավետարանի տարածման համար:

Երկու հազար տարի, քսան հարյուրամյակ… Ժամանակն անողոք դատավոր է մահկանացու մարդու համար, և դարեր առաջ ապրած հայտնի դեմքերը, հզորներն ու կարողները` կուսակալ, զորական, թե իմաստուն, անհուսալիորեն մնացել են պատմության դասագրքերի էջերին միայն, այն էլ` լավագույն դեպքում: Ժամանակակից աշխարհում ապրող մարդու ուշադրությունը դժկամությամբ է հետ նայում, և դարեր առաջ ապրած հայտնիները այն կարող են մի կարճ ժամանակով գրավել միայն, այն էլ եթե եղել են փայլուն գիտնականներ, արվեստի ու ռազմական գործիչներ, կամ էլ աչքի են ընկել ծայրաստիճան դաժան ու անմարդկային գործերով, որոնք մարդկությունը հիշում է դատապարտելու և դրանց կրկնությունը կանխելու նպատակով: Քրիստոսի առաքյալները նշածս ոչ առաջին, ոչ էլ առավել ևս վերջին խմբում չեն, սակայն մենք նրանց ճանաչում ենք, հիշում, մեծարում և ձգտում շարունակել նրանց գործը: Ինչո՞ւ և ինչպե՞ս կարող են երկու հազար տարի առաջ ապրած այս համեստ ու ոչ հայտնի մարդիկ գրավել ու ոգևորել մեզ` մղելով շարունակել իրենց առաքելությունը:

Պատասխանը գտնելու համար մի փոքր ավելի ենք թերթում պատմության էջերը՝ տեսնելու նրանց անցած ուղին և գլխավորը՝ ով էր նրանց գաղափարական ոգեշնչողը, ուսուցիչն ու միավորողը: Մարդուն ճանաչելու համար նայում ենք նրա շրջապատին, քննում նրա գործերը, նայում նրա բռնած ուղուն և ապա միայն կարծիք ձևավորում: Եվ այս սկզբունքով առաջնորդվելով՝ սուրբ առաքյալներին տեսնում ենք միմիայն կատարյալ լույսի ներքո: Սուրբ Բարդուղիմեոս և Թադեոս առաքյալները, իրենց եղբայրակից առաքյալների հետ միասին, երեք ու կես տարի ապրեցին մարդացյալ Աստծու կենարար ներկայությամբ և սովորեցին ամեն ինչից առաջ Նրա սուրբ կամքը կատարել: Սնվեցին Քրիստոս Աստծու աստվածային իմաստությամբ և մարդկանց էլ օգնեցին փրկության ճշմարիտ ճանապարհը գտնել: Հոգեպես աճելով՝ հավատքի հսկաներ դարձան՝ իրենց անձերը անվերապահորեն հանձնելով Փրկչական անստվեր լույսի և Սուրբ Հոգու անգին շնորհների առաջնորդությանը: Նրանք տեսան ոչ միայն հրաշագործող և տարերքները սանձող Քրիստոսին, այլև ընկերոջ մահվան համար արտասվող, սեփական դառը բաժակը ըմպելու հեռանկարից տառապող ու արյուն-քրտինքով պատված և ի վերջո՝ ծաղրուծանակի արժանացած ու խաչված Քրիստոսին: Եվ շարունակեցին սիրել ու հավատարիմ մնալ Նրան, որովհետև արդեն ճանաչել էին Աստծուն, տեսել էին Փրկչին ու ճաշակել Նրա սերը: Եվ որպես վարձատրություն՝ արժանացան հարուցյալ և աստվածային փառքով համբարձյալ Քրիստոսին տեսնելու, Որն էլ պատգամեց նրանց Ավետարանը քարոզել ամբողջ աշխարհում, բոլոր ազգերի հավատացյալներին մկրտել Հոր, Որդու և Սուրբ Հոգու անունով և ուսուցանել նրանց պահել այն ամենը, ինչ Ինքը պատվիրեց (Մտթ. 28:16-20):

Այս առաքելությունն ամենևին էլ դյուրին չէր լինելու առաքյալների համար, և նրանք էլ վարդագույն ակնոց չունեին ինքնախաբեությամբ զբաղվելու համար: Նրանք հրաշալի գիտակցում էին, որ իրենք՝ առանց ուսման, առանց համբավի ու կարողության մի բուռ մարդիկ, պիտի մտնեին եսասեր աշխարհի խավարամած, դաժան, կռապաշտ, չարությամբ ու կեղծիքով պատված ճահիճն ու Ավետարանի սերմերով փորձեին այն մաքրել ու բարեբեր արտի վերածել: Խելահեղ ու անհույս նախաձեռնություն է, կասեք: Այո՝ աշխարհի տեսանկյունից: Իսկ Ամենակարող Աստծու կամոք դա այլևս կայացած իրողություն է. աշխարհի բոլոր ծագերում ապրող, հասարակության ամենատարբեր շերտերի ու ազգության մարդիկ ընդունել են Աստծու խոսքն ու քրիստոնյա դարձել: Եվ առաքյալներն էլ ոչ մի վայրկյան չկասկածեցին, որ իրենց առաքելությունը իրականանալի է, քանի որ սեփական աչքով էին տեսել հարության հրաշքը, համոզվել էին, որ մահն այլևս պարտվել է Կյանքին, որ մարդու փրկության ճանապարհն այլևս բաց է և անվերապահորեն հավատալով իրենց քարոզած ճշմարությանը՝ ուղղակի անկարող էին Ավետարանի ճրագը կաթսայի տակ պահել ու մարդկանց հետ չկիսվել այդ պանծալի ավետիսով: Իսկ մարդիկ էլ ընդունեցին առաքյալների քարոզը, քանի որ վերջիններիս խոսքը իրականացած տեսան նրանց գործերով, և հաճախ նրանց ապրած կյանքն ավելի խոսուն ու համոզիչ քարոզ եղավ, քան աշխարհի բոլոր ուսմունքները: Մարդիկ, Հայաստան աշխարհում և մյուս երկրներում, առաքյալներին նայելով, տեսան նրանց քարոզած Փրկչի պատկերը, զգացին Նրա աստվածային շունչն ու մարմանավոր աչքերի համար անտեսանելի ներկայությունը: Մեղքի հորձանուտում խեղդվող մարդը ոչ այնքան առաքյալների խոսքից կառչեց, որքան նրանցում շողացող սրբությունից: Առաքյաներին առաջնորդող ու նրանց միջոցով գործող Սուրբ Հոգին մաքուր օդի փրկարար ումպ դարձավ մեղքի հեղձանքից տառապող մարդու համար: Եվ խաչյալ, հարուցյալ ու համբարձյալ Քրիստոս, Իր սիրելի ու հավատարիմ առաքյալների միջոցով, այցելեց համայն մարդկությանը և մեզանից յուրաքանչյուրին: Այցելեց ու փրկության ավետիսը, փրկությանը լույսը փոխանցեց մեզ, որպեսզի մենք էլ մեր հաջորդներին փոխանցենք՝ ըստ մեր կոչումի: Եվ մենք՝ սուրբ Թադեոս և Բարդուղիմեոս առաջին լուսավորիչների, սուրբ Գրիգոր Հայրապետ երկրորդ լուսավորչի հետնորդներս, մկրտության սուրբ ավազանից վերստին ծնվածներս ու Երկավոր Հորը որդեգրվածներս այսօր հարց ունենք՝ ինքներս մեզ տալու. ինչպե՞ս է Քրիստոսի Ավետարանը քարոզվում մեր կյանքում: Արդյո՞ք մեր վարքը, մեր գործերը վկայում են քրիստոնեության մասին: Արդյո՞ք մեր խոսքն ու գործը համընկնում են և վկայում միակ ու ճշմարիտ Աստծու մասին: Արդյո՞ք սուրբ առաքյալների փոխանցած հավատն ու սրբությունը արտացոլվում են մեր կենցաղում: Մեզ նայողը ճշմարիտ քրիստոնյայի՞ է տեսնում, թե՞ փարիսեցու: Մեզ մոտեցողը քրիստոնեական պարզ ու մաքուր եղբայրասիրություն ու ջերմեռանդ հավա՞տ է գտնում, թե՞ աշխարհիկ մեծամտություն, մարդահաճություն, անտարբերություն և այլևայլ մեղավոր ախտեր: Այս և բազմաթիվ նմանատիպ հարցեր է, որ այսօր մեզ առաջադրում է մեր հոգատար ու իմաստուն Մայր եկեղեցին: Այսօր նա մեր առջև է դնում Քրիստոսի առաքյալների կյանքն ու առաջարկում զուգահեռներ անց կացնել մեր և նրանց վարքի միջև: Այսօր Եկեղեցին հիշեցնում է մեզ վստահված, մեր ստանձնած առաքելության մասին, որը Քրիստոս Աստծուն իրապես ճանաչելու և անկեղծորեն սիրելու դեպքում ոչ թե ծանր պարտականություն է թվում, այլ մեծ ու նվիրական պատիվ: Արդ, օրհնենք ու գովերգենք Քրիստոսի երանելի առաքյալներ սուրբ Թադեոսին և Բարդուղիմեոսին Քրիստոս Աստծու Փրկչական լույսը Հայաստան աշխարհ հասցնելու համար: Երախտագետ սրտով ունկնդրենք նրանց քարոզը, վերհիշենք նրանց կյանքի ճանապարհը ու ներշնչվելով՝ ջերմեռանդորենք լծվենք առաքելահաստատ Եկեղեցու շենացման և Բարի լուրի տարածման սրբազան գործին: Եվ թող սուրբ առաքյալների բարեխոսությամբ Տեր Հիսուս Քրիստոս Իր անսահման ողորմածությամբ ուղղի մեր ընթացքն ու ամրացնի մեր կամքը, զորացնի փորձություններին առերեսվելիս և աներեր պահի Երկնային Արքայություն տանող փրկչական ճանապարհին. ամեն:

Տեր Գրիգոր քհն. Գրիգորյան

Աղբյուր՝ Surbzoravor.am

Հետևեք մեզ նաև Telegram-ում