Հուսիկ Արա․ Մելոդիա

Հուսիկ Արա․ Մելոդիա

Մաժոր

1. Կարճ կեսօր: Թույլ արև:
Տերևաթափի ամիս:
Փողոցների երկարության մեջ,
այգիների փափուկ սիզամարգին,
սրճարաններում թեք նստած`
մենք տաքանում ենք
մարտադաշտից եկող կրակոտ լուրերով.
Պաշտպանության բանակը խոցել է
5 անօդաչու թռչող սարք,
9 տանկ ու զրահամեքենա,
1 ՏՕՍ համակարգ,
2 ուղղաթիռ,
թշնամին ունի մարդկային ուժի ահռելի կորուստ,
այդ թվում սպանվել է 31 վարձկան ահաբեկիչ:

Իսկ երեկոյան սառում ենք հեռուստացույցի առաջ`
տանը` բազմոցին թիկնած,
և չեն ծածկվում մեր մրսող ու բաց տեղերը:
Բոլոր անցքերը ամուր փակած սահմանից
պատերազմը քաղաք է սողում ու գյուղեր
օրվա բոլոր ժամերին`
սև ժապավեններին գրված նոր անուններով.
Նվեր 18
Հայկ 19
Կարեն 20
Դավիթ 31
Տարոն 56
ժամկետային, կամավոր ու աշխարհազոր:
Իսկ կանանց ջոկատից զոհվել է Անին`
երկու երեխայի մայր:
Կնոջ գեղեցկություն ունի պատերազմը այս անգամ
և երեխայի արցունքի մաքրություն.
չքնաղ կհնչեր այս պատումը որպես վիպերգ,
եթե ողջերը չթաղեին մահացածներ
և մահացածները չայցելեին ողջերին թաղվելուց հետո:

Պատերազմը անուններ է գրել մեր աչքերի մեջ`
և փամփուշտով փորել մեր սրտի վրա,
որ անկարող է ջնջել որևէ խաղաղություն:
Մեր երակներում հավաքած վերջին ջերմությամբ
փափուկ ծածկում ենք լույսի պես մարմինները նրանց
և ամփոփում Եռաբլուր պանթեոնում`
իրենց հայրերի ու երղբայրների կողքին`
նախորդ պատերազմներում զոհված,
և օր օրի աճող գերեզմաններում:
Հայրերը զոհվեցին որդիների համար,
հիմա որդիները զոհվում են հայրերի փոխարեն`
երկրորդ անգամ:

Սահմանին հոսպիտալ է,
ներսում` վարակին հարմարեցված հիվանդանոց.
վիրադանակ, հաբերի ու ներարկիչների խուլ աղաղակ:
Մենք դադարել ենք լսել
առողջապահության համաշխարհային հորդորները.
դիմակ կրել,
պահպանել սոցիալական հեռավորություն,
ձեռքերն ախտահանել ալկոգելով:
Ոչ մի կերպ չի գտնվում COVID-19–ի պատվաստանյութը
կամ բուժման որևէ միջոց.
համաճարակը սպանում է նույնքան և առանց ընտրելու`
ինչպես սմերչը մարտադաշտում`
հավասար մահվան նշան դնելով թիկունքի և ճակատի միջև:
Մենք մնացել ենք երկու պատերազմի արանքում,
մեկը մեր դեմքն է փակել,
մյուսը մեր թիկունքն է բացում:
Մենք քնում ենք համաճարակի վրիպած կյանքը
մեր թոքերում սեղմած
և արթնանում պատերազմի դիպուկ մահը
մեր սրտի մեջ:

Ժամանակը սև քառակուսի է պատերազմի օրացույցում:
Բերքահավաքի ամսին
մենք հաշվում էինք,
թե ովքեր են զոհվել մեզանից,
տերևաթափի ամսին
փնտրում ենք` ովքեր մնացին.
իսկ արհավիրքն այս` սև ու ավեր, սկսվեց,
երբ թուզը վերջանում, նուռը ճաքում էր:
Մեր ջերմությունն են մեզնից արձակված,
մեր էությունն են վերադարձած մեզ,
մեր լույսն են` մեզ իրենց մեջ առած.
նրանց հայացքից մահն էր սարսռում
և գտավ մի պահ վախը փարատելու:
Ճաք են մեր սրտի վրա,
խորշ են մեր արյան մեջ,
խոռոչ` մեր հոգիներում.
այլևս մեր շնչառությունն են մեզնից սկսվող:

Լույսի վերմակ է հողի հաստ շերտը,
որ ծածկում ենք մարմինները նրանց,
և բացվելու են տաք արշալույսին`
արև առավոտի մեջ:
Նրանք գալու են ամեն գարնան հետ
արագիլների ճախրանքի մեջ,
թափվող անձրևի կաթիլներում,
քամու բարակ հպումի պես,
և անցնելու են կյանքի դաշտերով մեզ հետ.
չէ՞ որ աղջիկը խնդրել է.
մազերս չեմ կտրի,
կարճ չեմ հագնի,
կանեմ` ինչ դու ես ուզում,
չեմ նկատի տառասխալները գրած նամակիդ,
միայն թե արի,
քաղաքում սիրուն տղա չի մնացել:

Մենք չենք զգում
ո’չ սեր, ո’չ ատելություն
և ամենը, ինչ հյուսված է մեզ հետ
որպես էություն,
չենք հիշում
մեր կերած հացը, մեր խմած ջուրը,
մեր տունն ու հասցեն,
շնչելու օդը.
մեր մերձավորը պատերազմն է,
որ մեր ջղերի մեջ ու մեր բջիջներում է:

Մենք չունենք այլընտրանք,
մեզ տրված չէ երկմտելու հեշտն ու թեթևը
և կասկածը` գոնե մեկ վայրկյան,
մենք դատապարտված ենք
մեկմեկու աչքերի մեջ կարդալ,
որպես հազարամյա ճակատագիր.
-Չե’ք կարող պարտվել,-
որ մեր երթն է և չուն նոր հորիզոններ:

2.Մինոր

Զինադադար: Ինքնահանձնում:
Խնամք ու դողով
մենք հավաքում ենք մնացորդը
մեր ցավի, արյան և ինչքի,
ու ճամփա ընկնում
հողի գույնը մեր աչքերում,
փակվող դռների ճռինչը մեր ունկերի մեջ
և տեղանունների դառնացող համը մեր լեզվի վրա
ինչպես 30 տարի, 105 տարի և 1050 տարի առաջ էր`
դրախտ, քավարան, դժոխքի միջով`
հոգնած ու բեռնավոր, դեպի տուն անհայրենիք:

-Ո՞ւր ենք գնում, տղաս,-
հարցնում է հայրը իրենից ծեր որդուն,
որ երիտասարդ իր օրերն է կողք կողքի
և բոլորովին շարել բեռնատարի թափքում:
-Վառի’ տունը, ո՞ւմ ենք թողնում:
Որդին նայում է կրակին,
հայրը մոխիրն է տեսնում.
ու տանում է շիրմաքարը հոր
մի ուրիշ որդի:
Հանում է խաչը, զանգերն է իջեցնում
վանահայրը միջնադարի եկեղեցու.
-Տեր, փրկեա զմեզ ի չարէ,-
ու թողնում է սրբավայրը պղծողին։
Գնում է շարասյունը տեղահանների`
հատված, ցրիվ ու ավեր,
որ տեղ չի հասնում երբեք ժամանակների մեջ:

Խոցում են օդից, երկինքներից ամենաբարձր,
ցամաքից են խփում, հողի հաստ շերտերից,
արգելված զենքեր են, ռումբեր թունավոր,
որ սփռում են աղետի բոլոր ձևերը` հումանիտար ու կենսական,
և հողը այրվում է խորքից, ուր չի աճելու ծառ ու թուփ:
Տուն ու շենքեր և ինչ կա բարձր` հավասար են հողի հետ,
քաղաքներ, գյուղեր բեկոր են ու խիճ,
սպանված ու տեղահան, բնաջինջ ու ցեղասպան:
Աշխարհը գրում է օրենքներ
թափառող շներին ու կատուներին սատարող,
բայց չի լսում սպանվող երեխայի ճիչը
ու վերջին աղոթքը մորթվող ծերերի.
երկնքում մեր աստվածն է,
երկրի վրա` մեր զինվորը:

Դուք վստահեցիք, մենք թերացանք,
դուք հավատացիք, երկմտեցինք մենք,
ձեր իմաստավորը մենք դարձրեցինք անիմաստ
և մնացինք առ ոչինչ:
Մենք մենակ թողեցինք ձեզ բարձր լեռներում`
ցրտի ու սառնության մեջ,
մոռացանք խրամատների թացի ու արյան վրա`
զենքը ձեռքներիդ,
թիկունք շրջեցինք,
երբ առաջնագծում նայում էիք ուղիղ թշնամուն:
Մենք մատնեցինք ձեր քաղաքը,
բերդն ու ամրոցը,
երբ դուք պարսպին կանգնած,
բարձր աշտարակում և դարպասի առաջ
հսկում էիք օրերի երթն ու ապրելու իրավունքը մեր:
Մենք բացեցինք ձեր թիկունքը,
երբ դուք մեր կուրծքն էիք փակել
ձեր հասակով,
առասպել հյուսեցինք ձեր շուրջը,
մենք մնացինք մանրածախ ու չնչին.
մեզ ստեցին, ու ստեցինք ձեզ:
Մենք հանձնեցինք ձեր հայրենիքը
և ձեր հայրերի հայրենիքը,
թղթին դրած մեկ նիշով:
Մենք կփնտրենք ձեզ ողջերի մեջ,
դուք մեռածների մեջ կգտնեք մեզ.
բայց դուք կա’ք,
և նորից ենք լինելու մենք:

Փորե’ք հողը,
նրանց մարմիններն են` ամուր հենարան
ու լույսի արմատներ, մեր ոտքերի տակ,
նայեք երկրին,
նրանց հասակն է ձիգ ու համարձակ,
որ մեր հայացքը ուղղում է բարձր հորիզոններ,
երկինք նայեք,
նրանք են պատգամում` նոր աստվածներ,
-Երբե’ք չխոնարհվեք:

Հայրենիքը չեն պարտվում, քանի դեռ չեն կորցրել
ինքնահաշտությամբ.
պարտվողն է նորից հաղթում, թե չի ընկրկել:

Մեր կոպերի տակ տեսնելու են ձեր աչքերը,
մեր շուրթերից ձեր բառերն են խոսելու,
հորիզոնը` դեպի հայտնություն, չափելու ենք ձեր հայացքով,
և հոսելու եք մեր երակներով որպես արյան գույն,
շողելու եք աստղալույս մեր հոգիների մեջ:
Պտտվելու է ժամացույցի սլաքը, որ կանգ է առել,
մեկնարկելով ժամանակը նորից` դար ու հազարամյակ,
ձեր անունն է կրելու ծնվող երեխան,
որպես հեքիաթի հրաշամանուկ,
և իր տունն է կառուցելու
ձեր փլված մարմնի դաշտ ու լեռներում,
մեր սկիզբը կլինի այնտեղ,
որտեղ ձեր վերջն էր:

Աղբյուր՝ Granish.org

Հետևեք մեզ նաև Telegram-ում