Աղոթք որոշակի կարիքների և ամբողջ աշխարհի համար

Աղոթք որոշակի կարիքների և ամբողջ աշխարհի համար

– Հա՛յր, տխրում եմ, երբ պատարագն ավարտվում է, իսկ ես այդպես էլ ի վիճակի չեմ լինում աղոթելու, որովհետև անընդհատ ուզում եմ քնել:

– Քունը թոթափելու համար մտածիր այն մասին, ինչը հոգևոր հետաքրքրություն կարթնացնի քեզնում:

– Իսկ մի՞թե մարդկային տառապանքից ավելի կարևոր բան կա:

– Ոչ, բայց եթե մարդկային տառապանքի մասին ընդհանուր առմամբ մտածես, ապա դա չի օգնի: Մտածիր որոշակի մարդկանց մասին, որոնք մեծ կարիքի մեջ են, այնժամ կսկսես կարեկցել, և աղոթքդ սրտանց կլինի: Որևէ դեպք վերցրու, որն ամենաշատն է քեզ անհանգստացնում, իսկ այնուհետև մյուսների մասին էլ մտածիր: Օրինակ՝ պատերազմի ժամանակ բազմաթիվ վիրավորներ են լինում: Լավ է, երբ կարող ես բոլոր տուժածների մասին մտածել և ապրումակցել՝ անգամ առանց նրանց տեսնելու: Սակայն եթե առանց տեսնելու չես կարող նրանց ապրումակից լինել, ապա օգտակար կլինի, եթե հանդիպես որևէ մեկին, ով, ասենք, մատն է կորցրել, և աղոթես. «Այս մարդը հաշմանդամ է դարձել, կորցրել է ոտքը կամ ձեռքը: Եվ քանի՜ այսպիսի դժբախտ կա, որ ոտք կամ ձեռք չունի»: Մի բան է, երբ լուրերով լսում ես, որ գնացքը դուրս է եկել գծերից, և բոլորովին այլ է, երբ սեփական աչքով ես տեսնում շրջված գնացքն ու զոհված մարդկանց: Երբ աղոթում ես որոշակի կարիքի համար, որը քեզ հուզում է, և՛ ինքդ ես օգնություն ստանում, և՛ մերձավորիդ ես օգնում:

– Հա՛յր, երբ պատարագի առաջին հատվածում(1) զանգակը հնչում է, ես ընդհանուր եմ հիշատակում, օրինակ՝ այրիներին, որբերին, միայնակ մարդկանց, այլ ոչ թե որոշակի անուններ: Այդպես ճի՞շտ է:

– Ես էլ եմ այդպես անում: Բայց կարեկցանքո՛վ աղոթիր: Հոգևորականը ևս պատարագի այդ հատվածում չպետք է ուղղակի մաս հանի և ձևականորեն կարդա անունները, այլ յուրաքանչյուրի համար պետք է կարեկցանքով խնդրի, այնժամ այնպիսի՜ հրաշքների ականատես կլինի: Մի անգամ դիվահարի բերեցին մի հոգևորականի մոտ և խնդրեցին պատարագ մատուցել: Հոգևորականը, նրան հիշատակելիս, նախքան մաս հանելը, ջերմեռանդորեն աղոթեց նրա համար՝ ասելով. «Տե՛ր Աստված, տեսնում ես, թե Քո արարածն ինչպես է տառապում: Ազատի՜ր նրան դևի իշխանությունից: Հիշիր քո ծառա…» Եվ դևը չդիմանալով՝ դուրս եկավ:

– Հա՛յր, իսկ ավելի լավ է ինչ-որ բանի համար երկար աղոթե՞լ, թե՞ մի խնդրանքից մյուսն անցնել՝ այդպիսով ամբողջ աշխարհի տառապանքին անդրադառնալով:

– Ինչո՞ւ միայն մեկ խնդրանքի վրա կենտրոնանալ: Ավելի լավ է շատ՝ մեկը, մյուսը, երրորդը, իրար հետևից: Այնուհետև մտածել աշխարհի տառապանքի մասին ընդհանրապես և աղոթել: Դա հաճելի է Աստծուն, քանի որ խոսում է հոգևոր վեհության մասին:

– Աշխարհի մասին աղոթելիս ի՞նչ է պետք խնդրել, հա՛յր:

– Բոլորի համար «բարի դրախտ» խնդրել: Քրիստոս չարչարվեց, որպեսզի բոլոր մարդիկ փրկվեն՝ և՛ Նրան մոտ գտնվողները, և՛ հեռու եղողները: Խնդրենք, որպեսզի բոլորը ճանաչեն Աստծուն, սիրեն Նրան, հաճո լինեն և փրկվեն՝ դրախտի արժանանալով: Մի մարդ(2) ասում էր. «Տե՛ր Աստված, ես դրախտն արդեն այստեղ՝ երկրի վրա ճաշակեցի: Ինձ դժոխք ուղարկիր, իսկ եղբորս՝ դրախտ»: Չնայած, եթե նման մարդը դժոխքում հայտնվի, կարծում եմ, որ նրա մեծ սիրուց դժոխքի այն փոքր հատվածը, որում նա կլինի, դրախտի կվերածվի, որովհետև որտեղ սեր կա, այնտեղ Քրիստոս է, իսկ որտեղ Քրիստոս է, այնտեղ դրախտ է:

1. Ըստ Աթոսի ավանդույթի՝ նախքան պատարագի առաջին հատվածի ավարտը հոգևորականը զանգակ է հնչեցնում, և հավատացյալները մտովի հիշատակում են ողջ ու ննջեցյալ ուղղափառ քրիստոնյաների անուններ, իսկ նա այդ ընթացքում մաս է հանում նրանց համար:

2. Խոսքը հենց հայր Պաիսիոսի մասին է:

Պաիսիոս Աթոսացի

Ռուսերենից թարգմանեց Էմիլիա Ապիցարյանը

Աղբյուր՝ Surbzoravor.am

Հետևեք մեզ նաև Telegram-ում