Ադրբեջանը քննարկում է Շուշին և Խուդաֆերինի կամուրջները ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցուցակում ընդգրկելու հնարավորությունը

Ադրբեջանը քննարկում է Շուշին և Խուդաֆերինի կամուրջները ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցուցակում ընդգրկելու հնարավորությունը

ԵՐԵՎԱՆ, 30 ՆՈՅԵՄԲԵՐԻ, Panorama.am: Ադրբեջանի իշխանությունները նախատեսում են ՅՈՒՆԵՍԿՕ-ի փորձագետների առաքելությունը ներգրավել Բաքվի վերահսկողության տակ գտնվող Լեռնային Ղարաբաղի տարածքներում մշակութային և կրոնական ժառանգության վերականգնման գործում: ՏԱՍՍ-ի թղթակցին տված հարցազրույցում ասել է Ադրբեջանի մշակույթի նախարար Անար Քերիմովը։

«Մեր նպատակն է, որպեսզի ՅՈՒՆԵՍԿՕ-ի առաքելությունը այցելի ինչպես մուսուլմանական, այնպես էլ քրիստոնեական կրոնական ժառանգության վայրեր»,- ասել է նա:

Այնուամենայնիվ, ըստ նրա, նախ անհրաժեշտ է առաքելության անվտանգության խնդիրները լուծել այն տեղերում, որտեղ ռազմական գործողություններ են իրականացվել, և որտեղ մնում է չպայթած զինամթերք: Բացի այդ, նշել է նա, անհրաժեշտ է նաև հաշվի առնել կլիմայական առանձնահատկությունները:

Քերիմովը նշել է, որ այժմ «տարածաշրջանում մշակութային և կրոնական ժառանգությունը վերականգնելու ծրագիր է կազմվում»: Այդ նպատակով, Ադրբեջանի մշակույթի նախարարության մի խումբ պաշտոնյաներ արդեն սկսել են նախնական մոնիտորինգը ոլորտում:

«Որոշ տարածքներում, անվտանգության խնդիրների և եղանակային պայմանների պատճառով, հնարավոր չէ լիարժեք վերահսկողություն իրականացնել: Հետևաբար, այն տարածքներում, որտեղ դա հնարավոր է, և դրանք առայժմ չորս շրջաններ են՝ Ֆիզուլի, Ջաբրայիլ, Զանգելան, Խոջավենդ, մշակույթի նախարարության ներկայացուցիչներից բաղկացած մեր աշխատանքային խումբն անցկացրել է նախնական մոնիտորինգ»,- ասել է նա։

Նրա խոսքով, նախնական մոնիտորինգը ցույց է տվել, որ 180 մշակութային հաստատություններ փաստացիորեն ոչնչացվել են։

Քերիմովի խոսքով, մշակութային օբյեկտների և հաստատությունների ընդհանուր քանակի որոշումից հետո կսկսեն գնահատել պատճառված վնասը, և այդ գործընթացում ցանկանում են հրավիրել միջազգային կառույցների, միջազգային փորձագետների:

Անար Քարիմովը պատմել է, որ Ադրբեջանը քննարկում է Շուշի քաղաքը և Խուդաֆերինի կամուրջները ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցուցակում ընդգրկելու հնարավորությունը:

«Մենք անկեղծորեն համարում ենք այս հեռանկարը շատ լավ, քանի որ այս երկու օբյեկտները պատմության, մշակույթի և ճարտարապետության լավագույն օրինակներից են», – ասել է ադրբեջանցի նախարարը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում