Նմանություն Կայենին: Ոգու սով

Նմանություն Կայենին: Ոգու սով

Նմանություն Կայենին

Մեզ համար խրատական է Կայենի և Աբելի պատմությունը: Աստված ընդունեց Աբելի ընծան, որովհետև նա իր ունեցած ամենալավն էր ընծայել, մինչդեռ Կայենը տվել էր խոտանը, այն, ինչն իրեն քիչ էր պետք (Ծննդ. 4.3-7): Ցավոք, մենք հաճախ այսպես ենք Աստծուն ընծայում մեր սրտերը կամ էլ ժամանակը: Մեր ողջ ժամանակը տրամադրում ենք մեր մարմի խնդիրները լուծելուն կամ մարմնի հանգիստը կազմակերպելուն և Աստծուն հիշում ենք կամ եկեղեցի ենք այցելում այն ժամանակ, երբ այլևս երկրային այլ կարևոր գործեր չենք ունենում: Իսկ ե՞րբ ենք Աստվածաշունչ ընթերցում: Ավելի շատ մեր կյանքը բացի կարևոր աշխատանքից անցկացնում ենք հեռուստացույցից թմրեցնող հաճույք ստանալով, անտեղի խոսակցություններով և Աստվածաշունչ ենք ընթերցում այն ժամանակ, երբ ձանձրանում ենք մյուս բաներից: Եվ շատեր Սուրբ Գիրք ընթերցում են ամիսը մեկ կամ երկու անգամ կամ ընդհանրապես չեն ընթերցում: Եվ ինքներս էլ չենք նկատում, որ սկսում ենք նմանվել Կայենին, որովհետև Աստծուն ընծայում ենք այն, ինչը խոտան է և մեզ այլևս պետք չէ: Սա ապացուցում է, որ Աստված մեզ համար երկրորդական կամ երրորդական մի անձ է, և առաջնայինը մեզ համար մեր երկրային գործերն են կամ էլ մեր մարմնի հոգսերը: Մինչդեռ եթե վեր բարձրացնենք մեր մտքերն ու սրտերը, կզգանք, թե ինպես է Սուրբ Հոգին գործում որպես հուր` ջերմացնելով մեր սրտերն Աստծո հանդեպ, և որպես աղավնի` մեր սրտից հեռացնելով թշնամության զգացումը, երանելի խաղաղություն պարգևելով մեր հոգիներին:

Ոգու սով

Մեր օրերում կան մարդիկ, ովքեր աստվածային լույսը չեն ցանկանում տեսնել: Հայ մեծ գրողներից Ավետիք Իսահակյանը կարծես նաև հենց մեր օրերի համար է ասում. «Նյութի տաճարում արբած պարեցիք, մոռացած անմահ, անհունի տենչանք: Ձեր նյութի հանդեպ կգա ոգու սով»: Եվ իրոք, բազում մարդիկ, մտահոգված են օրվա ապրուստի կամ նյութական տարբեր բարիքների ձեռքբերմամբ, բայց, այնուամենայնիվ, զգում են, որ ինչ-որ բան այն չէ իրենց կյանքում, ինչ-որ բան պակասում է իրենց, և մարդկային բնությանը հարազատ երջանկության ձգտումը ավելի է սրում այս զգացումը: Եվ սա է հիմնական պատճառներից մեկը, որ կան մարդիկ, ովքեր այս պակասը իրենց կյանքում զգալով, սկզբնապես առանց մտածելու մտնում են աղանդների մեջ, ինչպես որ ծարավից մեռնող մարդը մի տեղ ջուր տեսնելիս անմիջապես սկսում է անհագորեն ըմպել` առաջին պահին առանց մտածելու, որ այն կարող է և անմաքուր ու վնասակար լինել: Մինչդեռ Քրիստոսի տված` ծառը պտուղներով ճանաչելու խրատով չպետք է մոռանանք, ի տարբերություն աղանդների ազգը պառակտող գործունեության, Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու միմիայն ազգանպաստ գործերը: Մեր ժողովրդի լավագույն հատկանիշներից մեկը իր երբեմն անհարկի ինքնամեծարման կողքին ինքնաքննադատության առկայությունն է: Սրա վկայությունն է ժողովրդական հետևյալ խոսքը. «Հայը ձի հեծնելով` Աստծուն է մոռանում, ձիուց իջնում է, ձիուն է մոռանում»: Եվ ճիշտ չէ նման ձևով մոռանալ առաքելահաստատ Հայ Եկեղեցու ճշմարիտ ուղին` հետևելով տարբեր աղանդների կամ ինքնակոչ եկեղեցիների:

Տեր Ադամ քհն. Մակարյան

«Քրիստոնեության իսկությունը» գրքից

Աղբյուր՝ Surbzoravor.am

Հետևեք մեզ նաև Telegram-ում