USD
EUR
RUB

Աստված էր մատը դրել նրա ճակատին…

 

ԵՐԵՎԱՆ, 29 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ/ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Ես միշտ զարմանում եմ, թե այդ ի՞նչ ուժ է, որ այստեղից գնում ու ջուր է դառնում մարդու աչքերում… Ա՛յ քեզ բան: Ես երբեք չեմ ցանկացել դերասան դառնալ, բայց տոտիկ-տոտիկ անելով՝ իմ սուրբ ժամը եկավ, բերեց թատրոն, եւ չհասցրեցի մանկություն ունենալ: Ամեն անգամ, երբ հիշում եմ իմ մանկությունը, չգիտեմ ինչու, այն ինձ ներկայանում է հեծանիվ քշող փոքրիկ տղայի տեսքով: Գուցե նրանից է, որ մանկության տարիների միակ երազանքս հեծանիվ ունենալն էր, որն այդպես էլ չունեցա…»:

Մհեր ՄԿՐՏՉՅԱՆ

Խոսքաշեն, արհեստների ու արվեստների քաղաք Գյումրիում է ծնվել Ֆրունզիկ Մկրտչյանը: Հայրը՝ Մուշեղը, եղեռնից մազապուրծ մշեցի էր, Սանամ մայրը՝ վանեցի, երկուսն էլ՝ մանկատանն ապավինածներ: Ավանդապահ ծնողների մտքով անգամ չէր անցնում, որ իրենց առաջնեկ որդին մեծանալով՝ դերասան է դառնալու: Եվ քանի որ փոքրիկ Ֆրունզն օժտված էր նկարելու շնորհով, հորդորում, պահանջում էր ընտրել այդ ուղին, պարտադրում էր օրը մի քանի ժամ զբաղվել նկարչությամբ, քանի որ փոքրիկը, մանավանդ ծաղրանկարներով, հասցրել էր զարմացնել իրենց: Իսկ ապագա դերասանն ինքնամփոփ էր, բակ չէր էլ իջնում՝ խաղալու հասակակիցների հետ, վախենում էր, որ նորից կծաղրեն իրեն՝ ընդգծված մեծ քթի պատճառով: Բայց հետո, երբ «ընտելանում» է այդ ամենին, կատակներ պիտի աներ՝ ասելով. «Դեռ մանկուց ինձ անհանգստացրել է ոչ թե այն, թե ինչու է իմ քիթն այդքան մեծ, այլ այն, թե ինչու են ուրիշների քթերն այդքան փոքր…»:

Նրա մանկության տարիներին բռնկվում է երկրորդ աշխարհամարտը: Դերասանն հետագայում վերհիշում է մի պատառիկ այդ օրերից. «10-11 տարեկան էի, թաքնվել էի նստարանի տակ: Մի զինվոր էլ ծխում էր: Սպասում էի, որ դեն նետի մնացորդը՝ վերցնեմ ծխեմ: Մեկ էլ ռադիոյով հաղորդեցին՝ պատերազմն սկսվեց: Զինվորը դեն նետեց մնացորդն ու գնաց: Ես այն վերցրի, ուրախ-ուրախ ծխում ու մտածում էի՝ է պատերազմն ի՛նչ լավ բան է…»: Իսկապես, երեխայական հրճվանք, որը պայմանավորված էր փափագելի ծխելիքով, պատերազմական արհավիրքի մանկական միամիտ անտեղյակությամբ:

Պատերազմի ավարտից անմիջապես հետո սովորում է Գյումրու Մռավյանի անվան թատրոնին կից ստուդիայում: Նրան Գյումրու տեքստիլի սիրողական խմբակից այստեղ է բերում մեկ այլ երախտավոր՝ Ժան Էլոյանը: Ավարտելով ստուդիան՝ ընդունվում է թատրոնի հիմնական խումբ, այստեղ մարմնավորում մեկ տասնյակից ավելի դերեր՝ ցուցաբերելով զարմանալի ընդունակություններ: Հայրը, որ դեմ էր որդու նախընտրած ճանապարհին, մի անգամ գալիս է նայելու նրա խաղը: Մոտենում է մինչեւ բեմեզր, դիտում մի քանի րոպե ու առանց խոսք ասելու՝ դուրս գալիս: Այդ օրը Մուշեղ հայրը տուն ուշ է հասնում, քնած գտնելով որդուն՝ տեղավորվում է նրա ոտների տակ, իսկ առավոտյան չի թաքցնում հիացմունքը. «Ապրես, տղաս, շատ լավ խաղացիր, շատ համոզիչ…»: Հայրական քաջալերանքը տեղին էր: Ավելին՝ սկսնակ դերասանին արդեն ճանաչում էր ողջ Գյումրին, շատերը փորձում էին նմանակել նրան:

1953 թ. տեղափոխվում է Երեւան, ընդունվում Սունդուկյանի անվան պետական թատրոն, որոշում է զուգահեռ ուսանել գեղարվեստա-թատերական ինստիտուտում: Առանց քննության նստեցնում են 2-րդ կուրս՝ վաստակաշատ դերասան Վաղարշ Վաղարշյանի խմբում: Մայր թատրոնում սկսում են վստահել կարեւոր դերեր: Առաջին իսկ դերակատարումներից նրա տաղանդը չի վրիպում Օթելլոյի անգերազանցելի կերպավորողի՝ մեծն Վահրամ Փափազյանի քննախույզ հայացքից: Եվ նա հայտարարում է. «Աստված մատը դրել է այս մանչի ճակատին…»: Հիրավի, մեծերը չեն սխալվում. հետագայում ժամանակն ապացուցելու էր Փափազյանի բնութագրումը: Սակայն ինքն իր տաղանդի մեծությունն առանձնապես չէր էլ գիտակցում: Երբ նրան հաղորդում են ԽՍՀՄ ժողովրդական արտիստի կոչմանն արժանացնելու մասին, շշնջում է. «Ուրեմն դերասան կդառնամ…»:

Ֆրունզի մասնակցությամբ առաջին ֆիլմը «Հասցեատիրոջ որոնումն» էր. 1953 թ. ռեժիսոր Համասի Մարտիրոսյանը նրան հրավիրում է նկարահանվելու «01-99» ծիծաղաշարժ կարճամետրաժում: Այնուհետեւ ակներեւ հաջողությամբ մարմնավորում է ամենատարբեր դերեր «Հայֆիլմ»-ում՝ Արսենը՝ «Նվագախմբի տղաներ»-ում, Գասպարը՝ «Եռանկյունի»-ում, Իշխանը՝ «Մենք ենք, մեր սարերը» ֆիլմում, Գրիգոր աղան՝ «Կտոր մը երկինք» սիրված կինոնկարում: «Դերը պետք է դերասանի երակներում դրմփա, արյան հետ դրմփա ու եփվի, ինչպես նոր դրած գինին, հետո պետք է հանդարտվի, զուլալվի ու նոր միայն խաղացվի».- այս համոզմունքով էր յուրաքանչյուր դեր կերպավորում հայ կինոյի Չառլի Չապլինը, ինչպես բնութագրել են նրան կինոարվեստի գիտակները: Եվ նա այդպես զուլալված-հանդարտված խաղաց իր սքանչելի դերերը «Հայրիկ», «Մեր մանկության տանգոն», «Հին օրերի երգը», «Խաթաբալա», «Զինվորն ու փիղը», «Նահապետ» ու այլ կինոնկարներում: Սրանց հավելենք «Մոսֆիլմի» նկարահանած սքանչելի կինոնկարները՝ «Կովկասի գերուհին», «Այբոլիտ-66», «Ալի բաբան եւ 40 ավազակները», «Ունայնություն», որոնցով համամիութենական ճանաչում ու սեր վաստակեց դերասանը: Բայց եղավ եւս մեկը՝ հանրահայտ «Միմինոն», որում մարմնավորած Խաչիկյանի դերակատարման համար արժանացավ պետական ամենաբարձր պարգեւների: Այս կերպավորումը դարձավ նրա փառքի գագաթնակետը: Որտեղ էլ որ լիներ, նրան ճանաչում էին ու մեծարում: Երբ մետրո էր մտնում, ուղեւորներն սկսում էին ծափահարել, շուկայում նրան անվճար մթերք էին տալիս, իսկ երբ մի անգամ այցելում է իր բանտարկված ընկերոջը, մեկ ժամ հետո հայտնվում է ռեստորանում՝ ընկերոջ եւ բանտապետի հետ:

Երբ «Միմինոյից» հետո մեկնում է Մոսկվա՝ պետական պարգեւն ստանալու, Կրեմլ մտնելու ժամանակ փաստաթղթերն ստուգելու պահին է տեսնում, որ մոռացել է անձնագիրը: Երբ անձնագիր են պահանջում, շրջվում, ցույց է տալիս խիստ հայկական քիթը եւ կատակում. «Մի՞թե արտասահմանյան լրտեսը կհամարձակվի Կրեմլ մտնել առանց փաստաթղթի»: Եվ հարցը կարգավորվում է: Ահա այս իրողություններն էին պատճառը, որ մարդիկ հաճախ կատակում էին, թե՝ մեր Ֆրունզը կարող է ապրել առանց փողի ու փաստաթղթերի: Եվ դրա մեջ ճշմարտություն կա. անսահման էր նրա վաստակած սերն ու համբավը ողջ միությունում:

Աստծո մատը ճակատին ծնված դերասանը, որքան էլ սիրված ու մեծարելի, ձգտեց երջանկության, սակայն այն չունեցավ անձնական կյանքում: Ամուսնացավ երեք անգամ, բայց դրանք բոլորն էլ նոր ցավեր կուտակեցին տխուր աչքերով արտիստի հոգում: Դուստրը՝ Նունեն, ավտովթարից զոհվեց հեռավոր Արգենտինայում: Որդին՝ Վահագնը, ժառանգեց դերասանուհի մոր՝ Դոնարա Փիլոսյան-Մկրտչյանի հիվանդությունը: Եվ այս ողբերգություններն էին պատճառը, որ վաթսունը նոր բոլորած դերասանը թողեց մայր թատրոնը, հրաժարվեց ֆիլմերում խաղալուց, ուժերի գերլարումով ստեղծեց սեփական՝ Արտիստական թատրոնը, այստեղ խաղաց վերջին դերն իր իսկ բեմադրած «Հացթուխին կինը» ներկայացման մեջ: Եվ դա եղավ նրա կարապի երգն իր մեծ արվեստում…

Ֆրունզիկ Մկրտչյանի ապրած կյանքը հար եւ նման էր ողբերգական սցենարով կինոնկարի, որի գլխավոր ու ցավակիր հերոսն ու բնորդն էր ինքը՝ իր երկրորդ անձնագրով Մհեր Մկրտչյան անմահ արտիստը…Նա ապրեց ընդամենը 63 տարի եւ դեպի հավերժություն գնաց ճիշտ 1993 թ. Ամանորի նախաշեմին… Մինչդեռ նրա մասնակցությամբ ֆիլմերի ցուցադրություն-հրավառությունը միշտ հենց Ամանորի նախօրեին էր կատարվում: Առանց «01-99»-ի ի՞նչ Ամանոր…

Հակոբ ՍՐԱՊՅԱՆ

Լրահոս
Այս իշխանությունը հատուկ ծրագրով եկավ․ երբեմն ուզում ես ինքնասպան լինել անզորությունից, ի՞նչ է նշանակում գործակալ, ի՞նչ է նշանակում պայմանավորված պատերազմ. Արփեն Մովսեսյան (տեսանյութ) Ջանասիրություն Ձյունե թագավորություն՝ 37-րդ անգամ Կրասնոդարի գեղարվեստի դպրոցում բացվել է Առնո Բաբաջանյանի կիսանդրին Եղել են դրվագներ, որ մի քանի անգամ ենք նկարահանել, և ես ամեն անգամ էլ արտասվել եմ. Արշալույս Հարությունյան Մարդու Որդին, Մասնատվող Անմասնատելին Սիամանթո․ Չարչարանքի երազ Եկեղեցական կյանք 22.01.2021 «Սիմֆոնիկ նվագախումբը‚ ստեղծելով գեղեցիկ ավանդույթներ‚ աշխարհին է ներկայացնում հայկական երաժշտարվեստը» Գետի հոսանքով ներքև... Պետք է համախմբվել առաքինությունների շուրջ եւ ոչ թե արատների. Տ. Արշակ եպիսկոպոս Խաչատրյան Մրցանակային պատվոգրի է արժանացել «Հեթում Բ արքայի ճաշոցը» գիրքը Աստղադիտարանի աշխատակիցների միաձայն որոշումը ՀՊԿՆ-ին հատկացված նոր Yamaha երաժշտական գործիքների համերգ-շնորհանդես «Սումգայիթ» կտավը, որ ձեր քիմքով չեկավ և թանգարանի այլ աշխատանքների հետ մնաց իրենց, կարելի է պատկերացնել՝ ինչ հաճույքով են ոչնչացրել. Արամ Իսաբեկյան «Սիրենք Աստծուն, որովհետև առաջինը Նա սիրեց մեզ…» (Հովհ. 1 4:19) Հնագետները Պերուի հյուսիս-արևմուտքում ինկերի մանկական դամբարաններ են հայտնաբերել Սերժ Ավետիքյանն արվեստասերներին կներկայացնի «Վերադարձ Սոլոզ» վավերագրական ֆիլմը Հանճարեղ դաշնակահարն ու կոմպոզիտորը. հունվարի 22-ն Առնո Բաբաջանյանի ծննդյան օրն է «Փշրանքները» Քոչարի թանգարանում Արցախի թեմի առաջնորդի այլ պաշտոնի անցնելը պայմանավորված էր նրա առողջական վիճակով Եղիա մարգարեի պատկերային դրսևորումները Ամենավայրի սպանությունը Նահանջ տարի Լինենք հաստատուն մեր հավատքի մեջ «Մահվանից կյանք անցավ» Աստծո կանչը Ֆիլհարմոնիկ նվագախումբը ունկնդրին կներկայացնի Բեթհովենի գործերը ԱՄՆ-ի և Մեքսիկայի սահմանի վարդագույն ճոճանակը ճանաչվել է «Տարվա դիզայն» Հայկական ավանդական խաղերի և ուտելի բույսերի շտեմարաններ Իշխանությունը չի քննարկում գերիների հարցը, որովհետև ի վիճակի չէ․ քաղաքական կամք է պետք․ ի՞նչ է նշանակում՝ հասնել Մոսկվա, հետո հայտարարել` գերիների հարցով չհասանք ոչ մի բանի․ Տ․ Հեքեքյան (տեսանյութ) Եթե Կոնդն էլ փչացնենք 2800-ամյա Երևանը կզկվի զբոսաշրջիկներին ներկայանալի լինելուց ․ Տիգրան Գալստյան Հայ բանաստեղծության մայրը. Նա իր փառքից միայն մի փոքրիկ բաժին թողեց իրեն Մահացել է Ստեփան Թոփչյանը Վիհի եզերքին Ոչ աստղեր, ոչ լուսին երկնքում Այս երկրի վրա մեր կյանքի օրերի ավարտին չենք անէանալու անհայտության մեջ Չար ոգու վերադարձը (Ղուկ.11:24-28, Մատթ.12:43-45) Ոչ մի դեպքում քեզ համար կուռքեր չշինես «Բանկ օտոման» գործողությունը ժամանակին ցնցել էր ամբողջ Եվրոպան
website by Sargssyan