Անվանակոչության տոնի քարոզ

Անվանակոչության տոնի քարոզ

«Աստուած զնա առաւել բարձրացոյց, և շնորհեաց նմա անուն՝ որ ի վեր է քան զամենայն անուն»։

«Աստված Նրան առավել բարձրացրեց և Նրան շնորհեց մի անուն, որ վեր է, քան ամեն անուն» (Փիլիպեցիներ 2։9)։

Սիրելի՛ քրիստոնյա հայորդիներ․

Այսօր Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին նշում է մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոսի անվանակոչության տոնը։ Հիսուսի ծննդից ութ օր հետո Մարիամն ու Հովսեփը տարան Նրան թլփատելու և անունը դրեցին Հիսուս Քրիստոս՝ Օծյալ Փրկիչ։

Սիրելինե՛ր, յուրաքանչյուրս ունենք մեր անունը։ Մեր երեխաներին անուններ ենք ընտրում ամենայն բծախնդրությամբ՝ հաշվի առնելով դրանց նշանակությունը։ Ցանկանում ենք, որ անունները ժամանակակից լինեն ու գեղեցկացնեն մեզ և մեր զավակներին, և մենք լինենք արժանավոր մարդիկ՝ միաժամանակ ինքներս գեղեցկացնելով մեր անունները։ Մարդիկ ջանում են լավ անուն թողնել։ Սակայն նախ և առաջ մենք պետք է հիշենք, որ Քրիստոսի անվան կրողներն ենք՝ քրիստոնյաներ ենք, և պարտավոր ենք արժանի լինել այդ անվանը և ապրել իբրև ճշմարիտ քրիստոնյաներ՝ առաջին հերթին բարձր և անբիծ պահելով քրիստոնյայի՝ մեր անունը։

Քրիստոնյա մենք դառնում ենք մեր մկրտությամբ, որդեգրվում ենք Աստծուն։ Ճիշտ է, քրիստոնյան ևս մեղավոր մարդ է, սակայն մկրտությամբ մաքրվում է ադամական մեղքից և դառնում Աստծու զավակ։ Տերն ինքը մկրտվեց և սովորեցրեց մեզ մկրտվել, դառնալ քրիստոնյաներ, հետևաբար մեր՝ որպես հայ քրիստոնյաների ճակատին պիտի լինի սուրբ մյուռոնի դրոշմը։ Չարաչար սխալվում են նրանք, ովքեր կարծում են, թե հնարավոր է քրիստոնյա լինել առանց մկրտվելու։

Մկրտվելով մենք բռնում ենք քրիստոնեական առաքելության ճանապարհը և բազում երկնառաք շնորհներ ենք ստանում։ Ինչպես նշում է եկեղեցու հայրերից մեկը․«Մենք մեր ամբողջ կյանքում բացահայտում ենք Սուրբ մկրտության ժամանակ ստացած շնորհները»։ Ուստի անխելքություն է մկրտությունը հետաձգել կամ զրկված մնալ նրա շնորհներից։

Քրիստոնեությունը ինքնին առաքելություն է մարդու համար։ Յուրաքանչյուր քրիստոնյա կյանքի ընթացքում բացահայտում է իր ճշմարիտ առաքելությունը, իր իսկական կոչումը, սակայն, անկախ այն բանից, թե ով ինչ առաքելություն ունի անելու այս կյանքում, գլխավորը քրիստոնեական առաքինություններին հավատարիմ մնալն է։ Քրիստոնյան առաքելություն ունի անկեղծ ու արդար ապրելու և ազնիվ, արդար մարդու անուն վաստակելու։ Նա զարդարում է իր անունը ոչ թե զուտ անվան համար, ոչ թե ձևականորեն, այլ հանուն իր Աստծու, հանուն այն բավականության, որը ինքը զգում է հոգու մաքրությամբ Աստծու պատվիրանները կատարելիս Աստծու հետ հարաբերության մեջ։ «Լեռան քարոզում» Քրիստոս ուրվագծում է ճշմարիտ քրիստոնյայի էությունը, կերպարը, առաքելությունը։ Նա ազդարարում է, որ այսպես է ուզում տեսնել մեզ՝ Աստվածասեր, ողորմած, արդար, ներողամիտ, անընչաքաղց, խաղաղարար, խոնարհ։ Սուրբ Պողոս առաքյալը «սիրո օրհներգում» նկարագրում է ճշմարիտ քրիստոնյայի կերպարը, որի գլխավոր առաքելությունը սիրո դրսևորումն է․«Սերը համբերող է, քաղցրաբարո է, սերը չի նախանձում, չի ամբարտավանանում, չի գոռոզանում, անվայել վարմունք չի ունենում, իրենը չի փնտրում, բարկությամբ չի գրգռվում, չար բան չի խորհում, անիրավության վրա չի ուրախանում, այլ ուրախանում է ճշմարտության վրա. ամեն բանի դիմանում է, ամեն բանի հավատում է, մշտապես հույս է տածում, ամեն բանի համբերում» (Կորնթացիներ Ա 13։4-7)։

Այո՛, քրիստոնյան ևս սովորական մարդ է և մեղավոր մահկանացու։ Բացի մկրտությունից, որ մաքրում է մարդուն ադամական մեղքից, խոստովանությունն ու ապաշխարությունը ևս տրված են քրիստոնյային մաքրվելու, ընկած տեղից բարձրանալու համար։ Սուրբ Պետրոս առաքյալը, ի տարբերություն Հուդա առաքյալի, իր անկեղծ զղջումով և սիրո խոստովանությամբ մաքրեց իր ուրացության մեղքը, և դա խոչընդոտ չհանդիսացավ՝ կատարելու Քրիստոսի կողմից իր վրա դրված առաքելությունը։ Քրիստոնեությունը սրբագործում է ամեն առաքելություն։ Այն հրդեհում է մարդու մեջ եղած մեղքը, մաքրում նրա հոգին ու էությունը և ցանկացած առաքելություն դարձնում է սրբազան։ Քրիստոնյային տրված հնարավորությունները շատ են՝ մաքրելու իր անունը, իր մեղավոր ընթացքը, անցյալի մեղքերը, հետևաբար Մարիամ Մագթաղենացին իր մեղավոր անցյալից հրաժարվեց և պատմության մեջ մնաց նրա անունը ոչ թե որպես մեծ մեղավորուհի, այլ մեծ զղջումով ապաշխարած կին, որ արժանացավ Տիրոջ ներմանը։ Եվ այդպես բազում մեղավորներ։ Մեկ այլ մեղավոր կին թանկարժեք անուշահոտ յուղով օծեց Քրիստոսի գլուխը։ Տերը ասաց. «Նա իմ հանդեպ մի բարի գործ կատարեց… Ճշմարիտ եմ ասում ձեզ, որ ամբողջ աշխարհում, ուր էլ այս Ավետարանը քարոզվի, պիտի պատմվի դրա հիշատակին, նաև ինչ որ դա արեց» (Մատթեոս 26։10, 13)։

Քրիստոնյայի անունը շատ պարտավորեցնող է և ծուլություն չի հանդուրժում։ Չափազանց մեծ ջանքերն էլ պետք է լինեն ճշմարտապես և անկեղծորեն, այլապես մարդը կդառնա կեղծավոր փարիսեցի։ Կջանա իր անվան համար, բայց հոգով և ճշմարտությամբ քրիստոնյա չի լինի։ Սուրբ Գիրքը քրիստոնյայի համար հայելի է, որ օգնում է նրան մաքրել իր էությունը, պարզել իր ինքնությունը, ստից ու կեղծիքից հեռու մնալ, մաքրվել առաջին հերթին ներքուստ։ Քրիստոնեությունը մարդու համար ծնունդից մինչև մահ զգոնություն է և առաքինություն։ Այն թույլ չի տալիս, որ մարդը առանց նպատակի և բարիք արարելու ձգտման անցկացնի իր կյանքը և պատրաստում է նրան Աստծու հետ հանդիպմանը։ Կողոսացիներին ուղղված նամակում Սուրբ Պողոս առաքյալն ասում է. «Եվ ինչ որ անեք խոսքով և գործով, բոլորն արեք Տեր Հիսուսի անունով. գոհություն մատուցեցե՛ք Նրանով Աստծուն և Հորը» (Կողոսացիներ 3։17)։

Ուստի, սիրելինե՛ր, մաղթում եմ լինել արժանավոր քրիստոնյաներ, Քրիստոսի անվանը հավատարիմ՝ արժանավոր գործեր ունենալ, մաքրվել մեղքերից, անցյալը հանձնել Տիրոջը և վստահ լինել Աստծու օգնության վրա։ Մաղթում եմ գտնել Աստծու կողմից տրված կոչումն ու առաքելությունը, ապրել քրիստոնյային վայել կյանքով և անցյալի սխալներն ու մեղքերը ետևում թողած՝ Քրիստոսի հետևորդների պես նայել դեպի ապագա, դեպի Ամենակարող Աստծու տված կյանքի և գործունեության նորանոր հնարավորությունները և ձեռնամուխ լինել սեփական առաքելության իրագործմանը։

Շնորհք, սէր և խաղաղութիւն Տեառն մերոյ Յիսուսի Քրիստոսի եղիցի ընդ ձեզ, ընդ ամենեսեանսն․Ամեն։

Տեր Վահան քհն. Առաքելյան

Աղբյուր՝ Surbzoravor.am

Հետևեք մեզ նաև Telegram-ում