«Մարդը և քարը». Երկրաբանական թանգարանում բացվեց պրոֆեսոր Հովհաննես Կարապետյանին նվիրված ցուցահանդեսը

«Մարդը և քարը». Երկրաբանական թանգարանում բացվեց պրոֆեսոր Հովհաննես Կարապետյանին նվիրված ցուցահանդեսը

ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Մարդը և քարը» խորագրով միջազգային ցուցահանդեսում ներկայացված են արվեստի բնօրինակ նմուշներ՝ թղթի կամ ստվարաթղթի վրա տարբեր տեխնիկաներով արված գործեր, լուսանկարչություն, կոլաժ, քանդակ, արծաթագործություն, հնագիտական նմուշներ և այլն:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Հայաստանի երկրաբանական ծառայության, լեռնային գործի, ՀՀ ԳԱԱ երկրաբանական գիտությունների ինստիտուտի և թանգարանի հիմնադիր, առաջին տնօրեն, պրոֆեսոր Հովհաննես Կարապետյանի ծննդյան 145-ամյակին նվիրված ցուցահանդեսի բացման հանդիսավոր արարողությունը տեղի ունեցավ հունվարի 15-ին Երկրաբանական թանգարանում:

Թանգարանի վարիչ Գայանե Գրիգորյանն ասաց, որ ցուցահանդեսին մասնակցում է աշխարհի 17 երկրի 151 ներկայացուցիչ՝ երկրաբանական ծառայություններ, թանգարաններ, արվեստի կենտրոններ, անհատ քանդակագործներ, նկարիչներ, արվեստաբաններ և այլն:

«Ցուցահանդեսի բացումը փուլ առ փուլ է կազմակերպվելու՝ հակահամաճարակային կանոնները պահպանելու նպատակով: Բացումն իրականացնում ենք ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանատան հետ համատեղ: Իրանից մասնակցում են Թեհրանի բնության պատմության թանգարանը և «Իրանի առաջատար արվեստ» Leading Art Iran (L ‘Art) ընկերությունից 10 նկարիչ»,-նշեց Գրիգորյանը՝ հավելելով, որ օնլայն հարթակում կապ են հաստատելու մասնակիցների հետ:

Լուսանկարները` Տաթև Դուրյանի

Հայաստանում ԻԻՀ դեսպանության մշակութային կցորդ Սեյեդ Հոսեյն Թաբաթաբային ընդգծեց, որ իրենց գործունեությունն ուղղված է հայ և իրանական մշակութային հարաբերությունների զարգացմանը: «Իրանն ու Հայաստանն այնքան հարուստ մշակույթ ունեցող երկրներ են, որ կարող են ցուցահանդեսներ իրականացնել յուրաքանչյուր թեմայի շուրջ: Դրա լավագույն ապացույցը հենց այս ցուցահանդեսում մեծ թվով իրանցի մասնակիցների ներգրավվածությունն է: Առաջին անգամ ենք համագործակցում Երկրաբանական թանգարանի հետ, բայց հույս ունենք, որ համատեղ հետաքրքիր միջոցառումներ դեռ շատ կլինեն, և մենք մեր նպաստը կբերենք հայ-իրանական մշակութային կապերի ամրապնդման գործում»,-նշեց նա:

Թանգարանը մրցանակներ հանձնեց Սեյեդ Հոսեյն Թաբաթաբային, ինչպես նաև մասնակիցներ Գուրգեն Մալխասյանին, Մատենադարանին, Անահիտ Գրիգորյանին, Ցոլակ Սիմոնյանին, Գրականության և արվեստի թանգարանին, Դերենիկ Դեմիրճյանի տուն-թանգարանին, Հակոբ Մկրտչյանին,
Սարդարապատի հերոսամարտի հուշահամալիր, Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարանին:

Քանդակագործ Ցոլակ Սիմոնյանն ասաց, որ իրեն շատ դուր եկավ ցուցահանդեսի միջոցով մարդու և քարի փոխհարաբերությունները ներկայացնելու գաղափարը: «Մենք ծնված օրից քարին լավ ծանոթ ենք: Դեռ նախնադարից քարը ստեղծագործության նյութ է: Այն ծնվել է մարդու հետ և մարդու համար հոգևոր նյութ դարձել»,-նկատեց Սիմոնյանն ու տեղեկացրեց, որ թրծած կավից աշխատանքով է ներկայանում ցուցահանդեսին:

Նա վստահ է՝ ցուցահանդեսը մշակութային երկխոսություն է, ժողովուրդների, արվեստագետների միջև բարեկամություն հաստատելու միջոց:

Հովհաննես Կարապետյանը ծնվել է 1875 թվականի հունիսի 2-ին Ախալքալաքում։ Մասնագիտական կրթություն է ստացել 1906 թվականին Շվեյցարիայի Լոզան քաղաքի ինժեներական դպրոցում, այնուհետև՝ Բելգիայի Մոնս քաղաքի հանքաբանական բարձրագույն դպրոցում:

Նա օժտված էր հազվագյուտ տաղանդով և գիտելիքներով, զգում ու կռահում էր հանքավայրը: Նրան փորձաքննության էին հրավիրում ամենատարբեր խոշոր ընկերությունները: Այն ժամանակ Անդրկովկասը դեռ քիչ էր հետազոտված:

1913-1916 թվականներին հետախուզում է Իրանի և Թուրքիայի, Ադրբեջանի, Վրաստանի, Թուրքմենստանի մի շարք հանքավայրեր, տալիս դրանց երկրաբանական-տնտեսական գնահատականը:

Հովհաննես Տիգրանի Կարապետյանը մահացել է 1943 թվականի դեկտեմբերի 4-ին Երևանում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում