USD
EUR
RUB

Սուրբ Բարսեղ եպիսկոպոսի ճառը ողորմածության և աղոթքի մասին

 

Դուք ամենքդ էլ գիտեք, որ սկզբից ևեթ ձեզ ուղղված իմ մխիթարական խրատը եղել է բարեգործություն անելու հորդորը, որպեսզի դուք բարեպաշտության սերմը ցանեք ու այդկերպ երկնային պտուղներ հավաքեք: Իմացե՛ք, որ ամենքդ պետք է մեծահարուստի տան դռան առջև ընկած Ղազարոսի՛ն նմանվեք, և ո՛չ թե խստասիրտ ու ագահ այն մեծահարուստին, որը ոչինչ չուներ՝ կարիքավորներին տալու համար (հմմտ. Ղուկ. ԺԶ 19-20): Ձեզ օգտակար կլինի նաև Տաբիթային նմանվելն ու նրա պես մեծամեծ ողորմածություններ կատարելը (հմմտ. Թ 36) այնպիսի՛ նմանությամբ, ինչպես, օրինակ, վարպետ-նկարիչներն են վրձնում այս կամ այն երևույթի պատկերը:

Մխիթարե՛ք բոլոր նրանց, ովքեր մարմնի անդամահատման պատճառով վշտի մեջ են հայտնվել, խոնարհվելով՝ փարվե՛ք բոլոր նրանց, ովքեր վտանգների ու չարչարանքների են մատնվել, ողորմագին գո՛ւթ ցուցաբերեք յուրաքանչյուր վիրավոր մարդու նկատմամբ, որն իր մարմնի անդամներից զրկվել ու դեմքով տգեղացել է, ինչի պատճառով ամաչում է մարդկանց մեջ դուրս գալ՝ իրեն հիվանդոտ մեկը կարծելով:

Հիվանդությունը, իբրև մի գազան, վազելով՝ «հարձակվեց» մարդկանց վրա ու նրանց մարմնի կարևոր անդամները ախտով լցրեց՝ աղավաղելով այդպիսինների մարդկային կերպարանքը. հիվանդությունը «հարձակվեց» նման մարդկանց աչքերի վրա ու նրանց զրկեց իրենց լույսից, որի միջոցով մարդը կարողանում էր տեսնել շուրջբոլորը: Ախտը «գրոհեց» մարդու հոտոտելիքի վրա ու այն անպիտան դարձրեց՝ մինչև իսկ մարդուն շնչելու կարողությունից զրկելով:

Այս նույն կերպ նաև զանազան հիվանդություններ վրա հասան ու նույն կերպ «վարվեցին» մարդկանց ծնոտի, շուրթերի կամ ճակատի հետ, ինչը պատճառ դարձավ, որպեսզի ուրիշները հրաժարվեն այդպիսի ախտերի ենթակա մարդկանց դեմքերը տեսնելուց: Նման ախտաժետ մարդկանց ձայնը շատ նվաղած է, նրանց ձեռքերի մատները՝ այլափոխված, ու նման չեն մարդկային ձեռքի մատներին, այլ մինչև իսկ անդամահատված են ու անպիտան՝ որևէ գործ անելու և բերանին կերակուր «մատուցելու» համար:

Այդպիսի մարդկանց ոտքերը, որոնցով, առհասարակ, օժտված են բոլոր մարդիկ, անկարող են քայլելու, ուստի դարձյալ ողորմելի, գերուն վայել կացության մեջ են դնում իրենց «տերերին»՝ ամբողջությամբ ախտահարված լինելու պատճառով: Առհասարակ, յուրաքանչյուր այլ հիվանդությամբ տառապող մարդ իր առողջանալու հույսով է մխիթարվում, մինչդեռ իմ թվարկած անձինք, իրենց այդ սարսափելի ախտով հիվանդանալու պահից սկսած, դառը հուսահատության մեջ են ընկնում:

Ընդհանրապես, մարդիկ սովորություն ունեն տեսության գնալու հիվանդին և վերջինիս իրենց մխիթարությունը հաղորդելու: Մինչդեռ հաշմության ախտով տառապողներին առերեսվելուց ամենքը փախչում են, ուստի այս խեղճերը ամենքից հեռու վայրում են բնակություն հաստատում՝ նմանվելով մեռածներին, որոնք ևս քաղաքից դուրս են գերեզմանվում:

Նույնիսկ բժիշկներն են հեռու քաշվում նրանցից, ազգականներն ուրանում են իբրև օտարների, իսկ ծնողներն ամաչում են խոստովանել այդ անդամալույծների՝ իրենցից ծնված լինելու մասին: Այդ ընթացքում այս տկարանդամ հիվանդները, օրըստօրե ավելի ու ավելի ախտահարվելով իրենց բաժին հասած չար ախտով, մնացյալ ողջ կյանքն անցկացնում են սաստիկ ցավերի մեջ՝ մշտապես զրկված ամեն ինչից, իրենց հիվանդության պատճառով նախատինքների արժանանալով, մինչև անգամ ազգականների կողմից գարշելի համարվելով ու որևէ մեկի կողմից էլ ողորմության չարժանանալով:

Իսկ մենք առավել ևս բազմացնում ենք նրանց վշտերը, երբ ատելությամբ շրջում ենք մեր հայացքը՝ իբրև հանդիմանության ու անարգանքի նշան, որը նաև մեր հպարտության, ամբարտավանության ու գոռոզության ցուցիչն է: Այս ամենը ամբաստանության, պարսավանքի ու ամոթանքի արժանի քայլ է այդկերպ վարվող մարդկանց կողմից, որոնք իրենց կավեղեն մարմինները այդքա՜ն չարությամբ են «զարդարում»:

Մեկ այլ մեծ խնդիր է նաև մարմնական ծանր հիվանդություններով տառապող մարդկանց պատուհասվող աղքատությունը, որն իր հետ սով ու մերկություն է բերում, ինչն էլ զրկում է այդպիսի մարդկանց իրենց մարմինները ծածկելու և այդպիսով ուրիշ վնասաբեր չարիքներից խուսափելու հնարավորությունից: Եվ դեռ այդ հիվանդները զրկված էլ են լինում օգնականից, իսկ իրենք առանց որևէ մեկի օգնության մինչև անգամ տեղաշարժվելու անկարող են լինում սաստիկ հեծության պատճառով, ինչ էլ ավելի է մեծացնում նրանց վիշտը:

Այսպիսի մարդկանց ինչպե՞ս կարող է որևէ մեկը չողորմել: Ինչպե՞ս է հնարավոր, որ այսպիսի ծանր վիճակում գտնվող հիվանդներին ոչ ոք օգնության ձեռք չմեկնի: Ո՞վ է, որ այդպիսի մարդկանց վերքերը տեսնելով՝ չի փորձի բժշկել նրանց անձն ու հոգին: Նրանց կարիքները մեզ հոգևոր սխրանքներ գործելու առիթ են տալիս, որպեսզի մենք նրանց սովը «ծառայեցնենք» մեր՝ դրախտի փափկությանը հասնելուն, այն թարախից, որը հոսում է այդ չարչարվող մարդկանց վերքերից, սրբություն «քամենք»՝ ընդդեմ մեր պղծությունների, և այդ մարդկանց վերքերը ամոքելով՝ մենք մեզ համար դեպի Երկինք տանող սանդուղք կառուցենք:

Քո՛նը համարիր յուրաքանչյուրի վիշտն ու բոլոր կարիքավորների նկատմամբ ողորմածությամբ կքավես քո գործած հանցանքները, ինչպես որ գրված է: Մի՛ հապաղիր այս յուրատեսակ «առևտրի» մեջ մտնել, այլ վճարի՛ր քիչը, որպեսզի այդպիսով քո մեծամեծ պարտքերը մարած լինես: Այս երկրի վրա մեղապարտի ձեռագիր մի՛ թող, այլ տո՛ւր աղքատին մի փոքրը միայն ու այդպիսով պատռի՛ր քո պարտամուրհակը, որպեսզի չլինի թե, խնայելով քիչը, քեզ պարտապան դարձնես բազում տանջանքների:

Մի՞թե չես ցանկանում սրբվել, մի՞թե չես ցանկանում մեղքերի աղտը մաքրել վրայիցդ, մի՞թե չես ցանկանում բժշկել հոգուդ վերքերը: Մի՞թե չես կամենում թոթափել անօրենություններիդ ծանրությունը, մի՞թե չես ուզում փոքր-ինչ թեթևացնել ծանրացած խիղճդ, մի՞թե չես փափագում տանջանքների երկյուղը հեռու վանել քեզնից, հոգիդ ընտանեցնել բարուն և ցանկալի լինել Աստծու համար:

Այս ամենին կարող ես հասնել կարիքավորներին բարեգործություն անելու միջոցով, և դեռ ո՛չ թե միայն իմ այս թվարկածները քեզ կընծայվեն, այլ բազում ուրիշ մեծամեծ և շքեղագույն պարգևներ կտրվեն քեզ՝ իբրև հատուցում: Դու աղքատին մի փոքր կերակուր կտաս, սակայն փոխարենը կստանաս հավիտենական վայելքները, մի փոքր արծաթ կտաս, սակայն կստանաս անմահության մեծապարգև շնորհը:

Դու կտաս քո անպիտան դարձած ցնցոտին, սակայն անմահության հանդերձով կզգեստավորվես, ծառայակից կդառնաս նրան, սակայն Քրիստո՛ս կբնակվի քո հոգում: Դու կտաս արհամարհված մեկին, սակայն փոխարենը բոլոր արարածների կողմից կգովաբանվես իբրև բարեգործ: Տերը քեզ հաղորդակից կդարձնի Իր Արքայությանը, քանի որ, ահավասի՛կ, Նա ասում է. «Եկե՛ք, Իմ Հոր օրհնյալնե՛ր, ժառանգեցե՛ք աշխարհի սկզբից ձեզ համար պատրաստված Արքայությունը, որովհետև քաղցած էի, և Ինձ ուտելիք տվիք, ծարավ էի, և Ինձ ջուր տվիք, մերկ էի, և Ինձ հագցրիք» (հմմտ. Մտթ. ԻԵ 34-36):

Սրա համար է նաև սաղմոսերգո՛ւն ասում. «Երանի՜ նրան, ով մտածում է աղքատի և տնանկի մասին» (Սղմ. Խ 2), քանի որ շատերը կան, որոնք արհամարհում են աղքատներին իրենց չքավորության համար ու մինչև իսկ նրանց վրա նայել չեն ախորժում: Ուստի և, ահա՛, սաղմոսերգուն ասում է. «Երանի՜ նրան, ով մտածում է աղքատի և տնանկի մասին. փորձանքի օրը Տերը կփրկի նրան» (Սղմ. Խ 2), այսինքն՝ Տերը կօգնի նրա՛ն, ով աղքատների վրա հայացք կգցի, ով գթությամբ և վշտակցությամբ կնայի նրանց ու կօգնի կարիքի մեջ գտնվողներին: Դրա համար նա երանելի կլինի և Տերն էլ փորձանքի ժամանակ կօգնի նրան:

Ուստի և եթե դու աղքատին փրկես սովահար լինելուց ու ազատես նրան պատուհասած չարիքից, Տերն էլ քեզ կազատի շրջապատող չարիքներից ու չար փորձության օրը կփրկի քեզ: Դու աղքատին կազատես չարիքից, իսկ Տերը քեզ կփրկի: Դու աղքատի փրկիչը եղար, իսկ Տերը, քո այդ արածի փոխարեն, քո՛ Փրկիչը կլինի: Սակայն չկարծե՛ս, թե հավասար չափով է միայն քեզ փոխհատուցվում: Այլ լսի՛ր, թե հաջորդիվ ինչ է ասում գրվածքը. «Տերը կպահպանի ու կփրկի նրան, երանելի կդարձնի երկրի երեսին և չի մատնի նրան իր թշնամիների ձեռքը: Տերը նրան կօգնի տառապանքի մահճում և նրա անկողինն ամբողջովին կմաքրի իր հիվանդությունից» (Սղմ. Խ 3-4):

Տեսնո՞ւմ ես, թե Աստված որքա՜ն վարձատրություն է տալիս աղքատի նկատմամբ բարիք գործողին. հեռու է պահում չարիքներից, զգուշությամբ պահպանում է փորձանքներից ու կյանքի երկար օրեր է շնորհում, թշնամիների դեմ հաղթանակ է պարգևում ու երանություններ ընծայում և ազատում է զանազան հիվանդություններից:

Եթե չես հավատում, որ այսքան շատ բարիքների բազմություն կարող ես «գնել» աղքատության մեջ եղողներին ձեռք մեկնելու շնորհիվ, ապա լսի՛ր մարգարեներին, որ երաշխավորում են քո այդ օգուտը՝ իբրև վարձատրություն քեզ փոխհատուցվող երանությունները: Աստված է, որ մարգարեների միջոցով այդ խոստումն է տալիս քեզ, և հենց Ինքը՝ Քրիստոս էլ է Երկնքի արքայությունը խոստանում բարիք գործողներին:

Ի՞նչն է քեզ արգելում իմ թվարկած բարիքները վայելելուն ուղղել քո ջանքերը: Դու մի փոքր քո ունեցածից կտաս կարիքավորներին, սակայն կյանքումդ ուղեկից կունենաս Քրիստոսին: Եթե մարդիկ կարող լինեին իրենց ունեցվածքի շնորհիվ փոփոխելու իրենց վախճանը և հավիտենապես տերը լինելու իրենց ունեցածին, ապա ես կհասկանայի սեփական ինչքը խնայելու և աղքատներին արհամարհելու դրդապատճառը: Սակայն քանի որ ամեն ինչից զրկվելու ենք մեր մահվամբ, ապա ուրեմն ինչո՞ւ ունայն բարիքներ ժողովենք՝ մեր վարքով փրկության ու ճշմարի՛տ հարստությանը տեր դառնալու փոխարեն:

Մեր այս կյանքում ոչինչ հաստատուն ու կայուն չէ, ուստի չենք կարող մեր ունեցվածքի միջոցով կայունություն և անմահություն ձեռք բերել: Այստեղից որևէ բան չենք կարող տանել այնտեղ, սակայն կարող ենք այստեղ հնարներ կիրառել՝ հանդերձյալ կյանքում բարիքների վայելքին ու Տիրոջ ձայնը լսելուն արժանանալու համար:

Բարի և հավատարիմ ծառային Տերը ավելի շատն է վստահում, ուստի հարկավոր է հավատարմությամբ օգտագործել տրվածը, ինչի շնորհիվ Տիրոջ կամքով քեզ ավելին կշնորհվի: Մի՞թե չես տեսնում, որ անգամ մարդիկ են իրենց հավատարիմ եղող ու օրինավոր կերպով իրենց պարտականությունները կատարող ծառաներին ավելի մեծ պատվի արժանացնում:

Այժմ ցանկանում եմ Կոռնելիոսի՝ մեր զորականի ու Աստծու սքանչելի սպասավորի բարեպաշտությունը հիշեցնել ձեզ, որպեսզի այդպիսով ձեր մեջ ողորմածության ոգի արթնանա: Այս Կոռնելիոսը, որ զորական լինելով՝ թվացյալ գայլի մորթու ներքո իր գառնուկի կերպարանքն էր թաքցնում, սքանչելի էր իր բնությամբ ու վարքով, մի քաղցրաբարո և Աստծուն սիրելի անձնավորություն էր նա, որը հրեշտականման կենցաղավարությամբ ճգնելով՝ զինվորականության արվեստի մեջ էր խորացել:

«Կեսարիայում,- ասում է Սուրբ Գիրքը,- Կոռնելիոս անունով մի մարդ կար, մի հարյուրապետ, որ բարեպաշտ ու աստվածավախ մեկն էր և որը իր ամբողջ ընտանիքով շատ ողորմություններ էր անում ժողովրդի մեջ և մշտապես աղոթում էր Աստծուն» (հմմտ. Գործք. Ժ 1-2): Գովասանքի արժանի ինչպիսի՜ սխրագործություն. բարեպաշտ միտք ուներ նա, երկյուղ ուներ Աստծուց, բազմաթիվ մարդկանց բարեգործություններ էր անում և հանապազ աղոթքի մեջ էր:

Այդ մարդը ինքն իրենով ուսանել էր առաքինության ճանապարհը, որով անխոտոր կերպով դեպի Երկինք էր ընթանում՝ առանց որևէ մեկի առաջնորդությունն ունենալու և ոչ էլ որևէ մեկի ձայնին ականջալուր լինելով՝ իր ընթացքից շեղվելու: Արբեցողների մեջ զգաստ էր Կոռնելիոսը, կույրերի մեջ՝ տեսնող, դեպի կործանում տանող հոգու չարությամբ լցված մարդկանց մեջ՝ բարերարություններ գործող:

Արծաթասեր զինվորների մեջ առատաբաշխ էր նա, ագահների մեջ՝ առատատուր, հափշտակողների մեջ՝ բաշխող, խստասիրտ ու կշտամբող մարդկանց մեջ՝ ողորմած: Կոռնելիոսը հարյուրապետ էր և միևնույն ժամանակ աղքատասուն, երկնային վաճառական, որը տուրևառության մեջ էր Աստծու հետ. նա Երկնքի արքայության «գնորդ» էր, որ այն սփռում էր երկրի վրա և ամբարում՝ Երկնքում:

Կոռնելիոսը ատում էր երկրային ավազակությունը, սակայն ինքը վերին Արքայության «հափշտակողն» էր, որն իր ծառայակիցների հանդեպ պարգևաբաշխ էր, սակայն Տիրոջ շնորհների հանդեպ՝ «կողոպտիչ»: Այս մարդը, թողնելով իր զինվորական կոչումը, հրեշտակների «հետևորդը» դարձավ, և աշխարհային պատիվն արհամարհելով՝ երկնային, թագավորական պատիվների փափագողը եղավ: Այստեղ՝ ներքևում թողած երկրային իշխանությունը, Աստծո՛ւ զորությունը ստանալ կամեցավ:

Կոռնելիոսը՝ իմաստուն ու քաջ զորականը, առաքինությունների երկու թևերով՝ աղոթքով ու ողորմածությամբ լծեց իր հավատքի կառքն ու այն, իբրև հրեշտակ, առաքեց Աստծու մոտ: «Վե՛ր ելեք,- ասում էր նա իր կառքի այդ թևերին,- և երկնքից մեզ համար բարիքնե՛ր ուղարկեք: Մեկդ խոսքո՛վ բարեխոսեցեք Տիրոջը, իսկ մյուսդ՝ գործո՛վ: Եթե ձեր թռիչքի ժամանակ պետք եղածից ավելի ողորմածության կարիքը լինի, ապա աղոթական աղերսներով չեզոքացրե՛ք բացը:

Իսկ եթե առավել կարիքը զգացվի աղոթական զորակցության, ապա ողորմության բարի գործերո՛վ շարունակեք դեպի վեր ձեր թռիչքը: Եվ եթե խոսքերը այնքան զորավոր չլինեն, ապա գործե՛րը իրենց «խոսքը» կասեն: Դուք դեպի վե՛ր ընթացեք, իսկ ես մինչև գետնին կխոնարհեմ իմ երեսը: Մի՛ դադարեցրեք ձեր թռիչքը, մինչև որ վերևից երկնային պարգևներ բերեք ինձ»:

Երկա՜ր ժամանակ էր անցնում, սակայն «հեծյալը» չէր հոգնում էր ընթացքից, տարիներ էին անցնում, սակայն չէ՛ր ձանձրանում «կառապանը»: «Մե՜ծ հեռավորության վրա է Երկինքը,- ասում էր նա,- ուստի այդքան էլ դյուրին չէ աստվածային Արքայությունն ու մեծամեծ պարգևները վաստակելը»:

Արդ, այս նույն կերպ նաև մե՛նք ջանանք գործել, ո՜վ սիրելիներ: Որպեսզի կարողանանք հասնել, համբերե՛նք: Որպեսզի ստանանք, վաճառե՛նք: Օրըստօրե ավելի ու ավելի շատ, անդադար աղոթենք և՛ գիշերը, և՛ ցերեկը, ինչպես որ Կոռնելիոսն էր անում: Եվ դեռ, չնայած որ հարյուրապետի աչքին տեսանելի չէին իր արածների պտուղները, սակայն նա չհրաժարվեց իր ընթացքից, այլ նաև համբերության սխրանքը գործեց նա:

Ահա այս ամենից հետո է, որ աղոթելիս Կոռնելիոսին հայտնվում է հրեշտակն ու ասում՝ «Կոռնե՛լիոս» (Գործք. Ժ 3): Իսկ հարյուրապետը, նրան նայելով ու զարհուրելով՝ ասաց. «Ի՞նչ է» (Գործք. Ժ 4): Հրեշտակը, պատասխանելով՝ ասաց նրան. «Քո աղոթքներն ու ողորմությունները ելան-դրվեցին Աստծու առաջ, հիշատակվեցին ու գովաբանվեցին, իսկ ես եկել եմ կանխահայտնելու քեզ սպասվող պարգևների մասին, եկել եմ քեզ գանձատուփի տեղը ցույց տալու: Մարդի՛կ ուղարկիր և կանչի՛ր Սիմոնին, որ Պետրոս է կոչվում» (հմմտ. Գործք. Ժ 4-5):

Այս լսելով՝ Կոռնելիոսը հարց է ուղղում հրեշտակին և ասում. «Դու, երկնքից գալով, մեզ ոչինչ չե՞ս բերել և պատվիրում ես միայն, որ կանչել տամ Սիմոնի՞ն»: «Այո՛,- պատասխանում է հրեշտակը,- Արքայության բանալիները նրա մոտ են ու նա՛ է Երկնքի դռնապանը, նրա միջոցով քեզ բարիքների վայելումը կշնորհվի»: Կոռնելիոսը անսաց հրեշտակի խոսքերին և կատարեց իրեն հրամայվածը: Պետրոսն էլ եկավ՝ ո՛չ թե միայն իրեն կանչած մարդկանց ձայնին ականջալուր լինելով, այլև ի վերուստ իրեն տրված հրամանն ունենալով, քանի որ Հոգին նրան ասաց. «Ահավասիկ ինչ-որ մարդիկ քեզ փնտրում են. դու վե՛ր կաց և խոնարհաբար, առանց երկմտելու գնա՛ նրանց հետ, որովհետև նրանց Ես եմ ուղարկել» (հմմտ. Գործք. Ժ 19-20):

Կոռնելիոսի համար շատ ջանք թափվեց: Իսկ դուք արդյոք չե՞ք ուզում իմանալ, թե, ի վերջո, ինչպիսի՛ պարգևների արժանացավ նա և թե ո՛րն էր նրա բազմաթիվ բարեգործությունների ու երկարատև աղոթքների պտուղը: Թերևս կարծում եք, թե արծաթեղե՞նն էր նրա պարգևը կամ գուցե մտածում եք, որ մարդկային զորության խորհրդանիշ եղող ոսկի՞ էր ընծայվելու հարյուրապետին՝ իր կենդանության օրոք, մինչև խորը ծերություն վայելելու համար:

Ո՛չ, բնավ, քանի որ այդ ամենը անարժան պտուղներ կլինեին Կոռնելիոսի ցանած սերմերի փոխարեն և Ստեղծագործ Աստված էլ այդպիսի պատվի չէր, որ պիտի արժանացներ հարյուրապետին: Ինքը՝ Կոռնելիոսն էլ երկրային բարիքներին չէ, որ փափագում էր, քանի որ եթե այդպես լիներ, ապա, թերևս, նա չէր բաժանի այն ամենն, ինչ ուներ:

Արդ, ուրեմն, ո՞րն էր նրա պարգևը, եթե այդ ո՛չ պղինձն էր, ո՛չ ոսկին, ո՛չ արծաթը, ո՛չ բազմաթիվ անդաստանները, ո՛չ մարդկային ունեցվածքը։ Ինքը՝ Քրիստոս, ամենքի Արարիչը, Տնտեսն ու Թագավորը նրան այցի եկավ և անմահության աղբյուրը ընծայեց հարյուրապետին: Եկավ՝ Կոռնելիոսին իբրև ընծա բերելով կենդանի արդարությունը՝ Իր ծառային Արեգակի տաճար, Աստծու անդամ դարձնելով: Քրիստոս նրան հաղորդակից դարձրեց Տերունական արքայությանը: Քրիստոս եկավ՝ Կոռնելիոսին բերելով Սուրբ Հոգու շնորհները, քանի որ գրված է, որ «մինչդեռ Պետրոսը խոսում էր, Սուրբ Հոգին իջավ նրանց վրա» (հմմտ. Գործք. Ժ 44):

Իմ փափագն էր Կոռնելիոսի այս պատմության հիշատակմամբ արթնացնել ձեզ, որպեսզի նմանվեք այս հարյուրապետին, որն արհամարհեց մարդկային իշխանությունն ու Երկնքի արքայությո՛ւնը ցանկացավ, հանուն վերին փառքի ողորմածություններ ու աղոթքներ բարձրացրեց դեպի վեր, որպեսզի արժանանա իր այդքա՜ն փափագած բարիքներին:

Եկավ հրեշտակը, պատվիրեց նրան, թե ինքն ի՛նչ պետք է անի ու ցույց տվեց Արքայության դռնապանի տեղը: Սա էլ իր հերթին եկավ ու Կոռնելիոսի համար բացեց դուռը, որ Քրիստոս էր, համաձայն Նրա իսկ խոսքի, թե՝ «Ես եմ դուռը» (Հովհ. Ժ 9): Կոռնելիոսն էլ ներս մտավ ու տեսավ Թագավորին և նույն պահին իսկ Սուրբ Հոգին ընծայեց նրան իրեն խոստացված պարգևը՝ Երկնքի արքայությունը:

Առաքյալը, տեսնելով հարյուրապետի և նրա հետ եղողների շնորհները, թույլատրելի համարեց նրանց մկրտվելը (հմմտ. Գործք. Ժ 45-47), ինչի շնորհիվ նրանք արժանացան Սուրբ Հոգու խոստմանը, որը ոչ այլ ինչ է, եթե ոչ՝ մեր ժառանգության առհավատչյան: Իսկ ո՞րն է այդ ժառանգությունը. այդ ժառանգությունը հետևյալն է. «Եկե՛ք, Իմ Հոր օրհնյալնե՛ր, ժառանգեցե՛ք աշխարհի սկզբից ձեզ համար պատրաստված Արքայությունը» (Մտթ. ԻԵ 34):

Ահա ա՛յս էր այդքա՜ն ցանկանում Կոռնելիոսը և սրան հասնելու համա՛ր էր հարյուրապետի հոգին այդքա՜ն ճիգ ու ջանք թափում: Իսկ այդ ամենին արժանանալու հնարավորություն մեզ ընձեռում են ողորմածության գործերն ու աղոթքները: Այս ամենին հասնել փափագե՛նք նաև մենք, որպեսզի մենք ևս արժանանք մեզ տրված խոստմանը մեր Տեր Քրիստոս Հիսուսի շնորհներով, որին փա՜ռք հավիտյանս: Ամեն:

Սուրբ Բարսեղ Կեսարացի, «Գիրք պահոց», Ս․ Էջմիածին, 2008թ․,

Գրաբարից թարգմանեց Գևորգ սրկ․ Կարապետյանը

Աղբյուր՝ Surbzoravor.am

Լրահոս
Գարունդ հայերեն է գալիս Վահան Տերյան․ Գարնանամուտ «Ոսկե Գլոբուս 2021». հայտնի են «լավագույնի» տիտղոսին արժանացած մրցանակակիրները Պետական ջազ նվագախումբը գարնան առաջին օրը շնորհավորել է Շոպենի նոկտյուրներից մեկի ջազային կատարմամբ Ամեն մեկին բաժին հասած հավատքը «Մարմնավոր խորհուրդը մահ է, իսկ հոգևոր խորհուրդը` կյանք և խաղաղություն» Լույս է տեսել «Հոգևոր երգատեսակները Ջավախքի ժողովրդական ավանդույթում» էլեկտրոնային գիրքը Աշտարակներ, երաժշտական գործիքներ և տարատեսակ այլ առարկաներ. ճապոնացի վարպետն ուշագրավ քանդակներ է կերտում մատիտի միջուկով (լուսանկարներ) Սեր ու լավատեսություն. Գյումրու թատրոնում «Քեյս» ներկայացմամբ մեկնարկում է պրեմիերաների շարքը Սի՛րտ, ես գլուխս եմ խոնարհում քո դեմ... «Գովք հիմարության» Խաչի ու ցավի մասին Հայտնի թավջութակահար Միշա Մայսկին Երևանում կհնչեցնի Սեն-Սանսի, Բրուխի, Չայկովսկու, Բեթհովենի գործերը «Այլ փրկեա զմեզ ի չարէն» (Մատթ. 6:13) Արցախի ձեռագրական արվեստը՝ Մաշտոցյան Մատենադարանում Հայաստանի Մտավորականների ֆորումը ողջունում է ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի հայտարարությունը Ուրցաձոր Ալ. Սպենդիարյանի 150-ամյակի առիթով կոմպոզիտորի տուն-թանգարանը լուսանկարչական մրցույթ կկազմակերպի «Տետ-ա-տետ». Ֆիլհարմոնիկի երաժիշտները, Անուշ Նիկողոսյանը, «Երևան» քառյակն ու հանդիսատեսը մեկ բեմում «Եւ մի տանիր զմեզ ի փորձութիւն» (Մատթ. 6:13) «Ճիչը» կտավի վերին անկյունում գրությունն արված է հենց Մունկի կողմից Paramount-ի ֆիլմերը թվային հասանելիություն կունենան էկրան բարձրանալուց 30 օր անց (լուսանկարներ, տեսանյութեր) Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին հայտարարությունը Կ. Ստանիսլավսկու թատրոնը թատերաշրջանը կսկսի «Չ՛սեր» ներկայացմամբ Վան Գոգի՝ 6-9 մլն դոլար գնահատված կտավն առաջին անգամ կցուցադրվի հանրությանը, այնուհետև աճուրդի կհանվի (լուսանկարներ) Տարիների հետ․․․ Արագիլները Հեղինակ-կատարող Վիգեն Հովսեփյանը յուրովի է մեկնաբանել Կոմիտասի «Զուլոն» Կույրի բժշկությունը (Մարկ. 10:46-52, Մատթ. 20:29-34,Ղուկ. 18:35-43) Խոստովանության ուժը Մահացել է բանաստեղծ Լոուրենս Ֆեռլինգետտին «Միշտ գրում եմ այնպես, ինչպես կզրուցեմ ինքս ինձ հետ» Լռությունը Ջութակահար Ֆյոդոր Ռուդին և Պետական սիմֆոնիկ նվագախումբ. ծրագրում՝ Վիվալդի, Պիացոլա «Խոնարհում հերոսներին» Սուրբ Թեոդորոս զորավարի հիշատակության օր Պահքի արդիականությանը Հանրային ծառայության մեջ գտնվող անձին վիրավորելու կամ զրպարտելու քրեականացում առաջարկող նախագիծն այդ ձևով ընդունվել չի կարող Շուշիի բոլոր անվանումները՝ հայերեն, թե օտարալեզու, հայկական են «Զայրացկոտ մարդը կռիվ է հարուցում, բայց համբերատարը խաղաղեցնում է այն» (Առակ 15: 18)
website by Sargssyan