USD
EUR
RUB

Կոստան Զարյան․ Բանաստեղծություններ

 

ՍԵՒԱՆ

Ծարա՛ւ եմ:

Ծովափի սուր քարերի վրայ ոտաբոբիկ
ման եմ եկել մի պուտ լազուր որոնելով –
ի զո՛ւր:
Ամպերը պատռած ուղտանման
լեռների հետ
խօսում են ցած,
ու չգիտեմ` ե՞ս եմ, ե՞ս չեմ…
Հայ պատմութեան
կարաւանը կանգ է առել
երկնքի մօտ,
պառկել յոգնած` հորիզոն է որոճում:
Ե՞ս եմ, ես չեմ… կրկներեւոյթ:
Կրկէսի մէջ մեծ մի տրապէզ
ու լուսաւոր մի երեկոյթ
հրեշտակների` սպաննւած
այնտեղ Այրիվանքում,
դեղնած, քանդւած քարերի մօտ:
Ալիքները բաց են անում
գորշ մի կարպետ,
քամին զիստերս է խածնում –
նիստը բացւած է, պարոններ,
Սեւանա լճում:

Ծարա՛ւ եմ:

ՍԱՐԴԱՐԱՊԱՏՈՒՄ

Յունւարի ձիւնը, յունւարի
ձիւնը Սարդարապատում:
Կեանքի ոչ մի հետք, ամպի ոչ մի շուք
Այս անապատում
Ոչ մի յիշատակ: Գերեզմանի տակ
Ձիւնի սառ, սպիտակ`
Ոչ մի յիշատակ անցած օրերի:
Ոչ իսկ ոռնող բուք,
Ոչ իսկ սուր քամի լերան գագաթից
իջնող սուր քամի,
Որ տնքայ, պատմի հառաչող
ցաւը ճեղքւած ժայռերի:
Խոր մի լռութիւն
Եւ լոյսեր սառած: Ոչ սուգ եւ ոչ լաց:

Խոր մի լռութիւն:
Ներկայ են միայն աստղերը
գունատ անյայտում:

Նայում եմ, ասում -
Ուրախ եմ լինել այս պահին մենակ,
Ինչպէս մոլորակ կորած ոլորտում
այս ձիւնի սպիտակ,
Ինչպէս աղեղի նետ մի արձակւած
դէպի ոչ մի տեղ:
Տեսնում եմ, այնտեղ,
Մերկ հողերի տակ
Թաղւել են, կորել յոյս եւ ճանապարհ,
Խորասուզւել է իր առագաստից
զրկւած մի նաւակ
Եւ կեանքի վրայից քայլել է
անցել մթութեան մի սար:

Ահ, թողէք վիշտս այս ձիւնում լըւամ
Եւ խոր լռութեան մերկ
կայմի վրայով ես վեր
բարձրանամ
Մինչեւ անցեալը, մինչեւ արիւնիս
թողած հետքերը,
Որոնց խուլ լացը ծածկել է
յուշի գունատ գորգերը:
Նայում եմ, ասում -
Ես ընդունում եմ ճակատագիրը
սառած այս ձիւնի.
Այնտեղ թաղւած է գերեզմանը
խոր մեր խորհուրդների:

***
Մնչի՛ր մրրիկ, եղիր դժոխքի
շռինդ ու պար.-
կեանքը այդպէս անկատար
խա՛ղ է անգութ,
մա՛հ է սուտ:
Սիրտս քեզ է. բոց` բոցերում,
եւ սուրբ աւեր` աւերներում -
սիրտս քե՛զ է, սիրտս քե՛զ է:

Թող լինի սեւ ճակատագիր`
զարզանդեցնող մի ջահակիր
հովում, բուքում սարսափների,
ուր կայ յոռի
եւ վիթխարի
լոյսը կեանքի:

Մնչի՛ր, մրրիկ, եղիր
դժոխքի շռինդ ու պար,
արեւների շինարար
եւ ստեղծագործ փոթորիկ:
Էլ վերջացաւ. ես նետեցի սիրտս յաւէտ,
ո՜ իմ կարմիր քրմապետ,
քո նոր, բոցեղ աղօթքին
քո մարտնչող խորհուրդին:

Մնչի՛ր, մրրիկ:

ԼՈՒՍԻՆ

Այս ինչ գիշեր է:
Լուսինը իջել, փարւել է ձիւնին,
Գրկել է սառը հրավառ թեւերով -
Խոցել է սրտին իր թուրի ոսկին`
Հմայել եւ դիւթել երազանքներով:

Արծաթ ձմեռ է:

Քայլում եմ, նայում աչքերով յուզւած
Կարմիր քաղաքին, որ խորասուզւած
Հուրէ հեքեաթի անյայտ յուշերում,
Թաղւել է ձիւնում:
Թաղւել են օրւայ աղքատ ձեռքերը
Կրծքին են ծալւել տրտմութիւնները
Եւ, մագաղաթէ փռւած ճամբեքով,
Քշում են մի ձի ագաթ սանձերով:

Ժողխորի առաջ կանգնած պահակը
Սառած ոտքերը խփում է գետնին,
Իսկ իր ծանրացած կոպերի տակը
Նստել է յուշ, նայում է լուսնին:

Սմքւած փողոցի մութ մի անկիւնից
Հառաչ է լսւում:
Ինչ-որ մի շէնքից
Նւագի ձայներ են գալիս եւ կորչում
Ճառագայթների պեղած անդնդում:

Գիշերը գլորւել, ընկել է մի լիճ:
Բուլվարի վրայից սողում է մի ճիչ,
Եւ ոգիների գաղտնի ոհմակներ
Հետապնդում են փախչող երազներ:

Այս ի՜նչ գիշեր է,
Արծաթ ձմեռ է:

***
Այս ցրտին, այս բուքին.
այս խոնաւ սենեակում
Ունկ ենք դնում քամիին ու լռիկ սպասում,
Չենք վախում այս կեանքից,
անորոշ վաղւանից եւ խաւար գիշերից:

Այս ցրտին, այս բուքին…
Տարիներ երազած հայրենի հողի վրայ
մենք ահա
մեր յոյսի ճրագով թեւաւոր, լուսաւոր
մեր բախտի աղեղով
վիրաւոր…

Տուր սիրտդ իմ սրտին, այս ցրտին,
այս բուքին
ու լսենք հեռաւոր, անծանօթ ձայներին
լեռներից, ձորերից վար
բերած պատգամով
կիսաքանդ գիւղերից մեզ
ղրկած լուրերով:

Այս ցրտին, այս բուքին -
միասին
այս երկրում հայրենի
չը լինենք ամայի եւ տխուր մտքերով -
չը լինե՛նք…
Տո՛ւր սիրտդ իմ սրտին,
այս ցրտին, այս բուքին:

Լրահոս
Սի՛րտ, ես գլուխս եմ խոնարհում քո դեմ... «Գովք հիմարության» Խաչի ու ցավի մասին Հայտնի թավջութակահար Միշա Մայսկին Երևանում կհնչեցնի Սեն-Սանսի, Բրուխի, Չայկովսկու, Բեթհովենի գործերը «Այլ փրկեա զմեզ ի չարէն» (Մատթ. 6:13) Արցախի ձեռագրական արվեստը՝ Մաշտոցյան Մատենադարանում Հայաստանի Մտավորականների ֆորումը ողջունում է ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի հայտարարությունը Ուրցաձոր Ալ. Սպենդիարյանի 150-ամյակի առիթով կոմպոզիտորի տուն-թանգարանը լուսանկարչական մրցույթ կկազմակերպի «Տետ-ա-տետ». Ֆիլհարմոնիկի երաժիշտները, Անուշ Նիկողոսյանը, «Երևան» քառյակն ու հանդիսատեսը մեկ բեմում «Եւ մի տանիր զմեզ ի փորձութիւն» (Մատթ. 6:13) «Ճիչը» կտավի վերին անկյունում գրությունն արված է հենց Մունկի կողմից Paramount-ի ֆիլմերը թվային հասանելիություն կունենան էկրան բարձրանալուց 30 օր անց (լուսանկարներ, տեսանյութեր) Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին հայտարարությունը Կ. Ստանիսլավսկու թատրոնը թատերաշրջանը կսկսի «Չ՛սեր» ներկայացմամբ Վան Գոգի՝ 6-9 մլն դոլար գնահատված կտավն առաջին անգամ կցուցադրվի հանրությանը, այնուհետև աճուրդի կհանվի (լուսանկարներ) Տարիների հետ․․․ Արագիլները Հեղինակ-կատարող Վիգեն Հովսեփյանը յուրովի է մեկնաբանել Կոմիտասի «Զուլոն» Կույրի բժշկությունը (Մարկ. 10:46-52, Մատթ. 20:29-34,Ղուկ. 18:35-43) Խոստովանության ուժը Մահացել է բանաստեղծ Լոուրենս Ֆեռլինգետտին «Միշտ գրում եմ այնպես, ինչպես կզրուցեմ ինքս ինձ հետ» Լռությունը Ջութակահար Ֆյոդոր Ռուդին և Պետական սիմֆոնիկ նվագախումբ. ծրագրում՝ Վիվալդի, Պիացոլա «Խոնարհում հերոսներին» Սուրբ Թեոդորոս զորավարի հիշատակության օր Պահքի արդիականությանը Հանրային ծառայության մեջ գտնվող անձին վիրավորելու կամ զրպարտելու քրեականացում առաջարկող նախագիծն այդ ձևով ընդունվել չի կարող Շուշիի բոլոր անվանումները՝ հայերեն, թե օտարալեզու, հայկական են «Զայրացկոտ մարդը կռիվ է հարուցում, բայց համբերատարը խաղաղեցնում է այն» (Առակ 15: 18) Հայկական բրենդները միավորվել են հանուն Հայաստանի և Արցախի անտառների վերականգնման Կոմիտասի թանգարան-ինստիտուտը «Հարսանեկան երգեր», «Կոմիտասը և իր ժառանգությունը» գրքերով շնորհավորեց Գրքի տոնը Տաղ հայրենի տան Սիամանթո․ Մենախոսություն Մեկնարկում է Բրիտանական ֆիլմերի փառատոնը «Եթե քո աչքն առողջ է, քո ամբողջ մարմինը լուսավոր կլինի» Թումանյանի թանգարանը բացառիկ գրքերի շնորհանդեսով, հետաքրքիր ծրագրերով կնշի գրողի 152-ամյակը Ո՞րն է Աստծուն հնազանդվելու պատճառը Պատմական մանիպուլյացիա՝ ինչպես միշտ
website by Sargssyan