USD
EUR
RUB

Հայ Եկեղեցին եւ Հայ Երիտասարդը դէմ առ դէմ: Մեր Հայրենիք՝ քաղցր ու դառն, մեր թշնամեաց ցանկալի…

 

Աղթամարի Կղզին

«Քո ցաւը, հայրենիք, կրակէ շապիկ է, հագնում եմ՝ վառում է, հանում եմ՝ մեռնում եմ»: Վարդգէս Պետրոսեան

Անցնող 29 տարիներու ընթացքին հայրենիքի օրհներգը իւրաքանչիւր հայ մարդու ոչ միայն շրթներէն այլեւ սրտէն հնչեց հպարտութեամբ, վերջապէս 600 տարիներու ստրկութեան շղթան կոտրած ըլլալու հոգեկան անհուն բաւարարուածութեան զգացումով: Վերոյիշեալ ժամանակամիջոցին բիւրաւորներ եկան ու անցան երազելով հայրենի պետութիւն, սեփական դրօշ, հայոց բանակ ու զինանշան, որոնք տեսնելու խոր ցանկութեամբ երգեցին ու ասմունքեցին, նուագեցին ու պարեցին: Սակայն աւա՜ղ, որ անոնք քաղցր անուրջներ եղան միայն, անցեալ դարերու ընթացքին բոլոր երազողներուն համար: Ժամանակը տարաւ ամէնքը, ծածկեց հողով, բայց չմոռցուց ոգիով:

Հողի ուժին բոլորս կը հաւատանք, անոր սրբութեան եւ մեր նահատակներու արեամբ ոռոգուած ըլլալու նուիրականութիւնը բոլորս կը պաշտենք: Սակայն միակ պարագան, որ հողը անզօր կը դարձնէ, հայրենիքի երազով ննջած մարդոց հետքը իր ներքեւ ամբողջութեամբ կորսնցնել չկարենալու տկարութիւնն է անոր: Հայրենիքի երազով թաղուածները հողին տակէն միշտ կը կանչեն, որովհետեւ անվերջ կը հաղորդուին ներկայ ժամանակներու բոլոր նորութիւններուն՝ լաւ կամ վատ:

Տարիները թաւալեցան եւ եկաւ «արշալոյսը վարդահեղեղ», «բացուեց ճամբան կանաչ գարնան արեւաշող Հայաստան»ին, եւ դարերու թմբիրէն վեր ցատկող հեքիաթային հերոսի նման «թուր կեծակին» իր ձեռքին, դարձեալ ոտքի կանգնեցաւ յաւերժական Հայաստանը, «Մայր Հայաստան»ի ծոցէն ծնած, համայն աշխարհին ծանօթ իր «գործովք արութեան», հակառակ խորենացիական «փոքր ածուն» ըլլալու իրողութեան:

Այս «ածու»ն ցեխոտած է այժմ ու քարքարոտ դարձած, մանաւանդ օտար սմբակներու տակ կոխկռտուելով: Այնտեղ կատարուած արդար ցանքը՝ ցորենն ու որթը, Տիրոջ սուրբ սեղանի հաց ու գինիի պաշարն ամբողջ, անսրբելի պղծուեր են:

Հայրենիքի սիրոյ կրակը եթէ չ՛այրէ իւրաքանչիւր հայու սիրտը, կը նշանակէ, որ ենթական հայութեան զգացողութիւն չունի, որովհետեւ հայութիւնը ինք կրակ է անշէջ, սերունդներու յաւերժական երթին ճանապարհը լուսաւորող, մաքրող, ջերմացնող եւ կենսաւորող:

Մեր եկեղեցւոյ պատմութեան լուսաւոր, բայց ներքին պառակտուածութեամբ դառնացած օրուան ընթացքին, երբ Մեծի Տանն Կիլիկիոյ կաթողիկոսական գահ կը բարձրանայ յաւէտ երջանկայիշատակ Զարեհ Ա. հայրապետը, իր անդրանիկ պատգամ տալով ներկայ բազմահազար հայորդիներուն, կ՛ըսէ. «Ինծի կրակէ շապիկ հագցուցիք»:

Մեր ժողովուրդի պատմութեան բոլոր ժամանակներուն կրակէ այս «շապիկ»ը միշտ պատրաստ եղած է ազգային մեր պահարանին մէջ, իր տարբեր չափերով, մեր ունեցած բոլոր «հագուստ»ներուն՝ ճարտարապետութեան, երաժշտութեան, պարարուեստի, նկարչութեան եւ բոլոր միւս թանկարժէք «հագուստ»ների կողքին, սակայն առանց զանոնք այրելու: Այս «շապիկ»ը կը բոցավառուի մեր տագնապներու պահերուն՝ մեր ինքնատելութեան, մեր երկպառակուածութիւններու ու անհամաձայնութիւններու ժամանակ, պատճառ դառնալով ամբողջ պահարանին բոցավառման, հրկիզման ու արժեզրկման:

Միեւնոյն «շապիկ»ի բոցաշունչ կտաւը մեր հայրենիքի վրայ կը ձեւէ հայրենի գրող Վարդգէս Պետրոսեանը: Անոր ըմբռնումով, զայն հագնելուն՝ կ՛այրի իր մարմինը, իսկ հանելուն՝ ինք կը մեռնի: Կրակին հետ անհասկնալի մտերմութիւնը երեխան վաղ տարիքէն կ՛ըմբռնէ, սակայն ձեռքը միշտ հեռու կը պահէ ճարճատող կրակէն: Յետոյ, չափահասութեան ամբողջ տարիներուն, իր գործերուն մեծ մասը մարդը կ՛իրականացնէ կրակով, սկսեալ տնային տնտեսութենէն, մինչեւ գործի տարբեր ասպարէզներ:

Կրակը, իր բոցեղէն լեզուներով յոյսի խորհրդանիշ է մեր ազգին համար: Ինչքան ալ վշտալի, «թշուառ ու անտէր» եւ «թշնամեաց ոտնակոխ», դարձեալ ան կը մնայ եւ պիտի մնայ մեր «յոյսի հայրենիք»ը, յաւերժական ջերմ վառարանն ու հանգրուանը մեր ազգի: Այնպէս ինչ¬պէս մեր ֆիզիքական բերանը երբեմն անհամ կը դառնայ, նոյնպէս եւ ազգային մեր հաւաքական բերանը անէծքով կը սրբապղծուի, փոխադարձ ատելավառ արտայայտութիւններով կը դառնանայ, որոնք կը ձագարուին դէպի խորքը մեր ազգային էութեան ու ի վերջոյ կը ձուլուին մեր ցեղային ինքնութեան ջինջ ակունքներուն մէջ: Մենք իրարմէ տարբեր չենք կրնար ըլլալ, երբ ունինք մէկ արմատ, որուն վրայ ծլած ծառի տարբեր ճիւղերն ենք միայն:

Քաղցր ու դառն մեր իրականութիւնն է այս, որուն «ամպ հովանի»ն «հայրենիք» կը կոչուի, այսինքն այն տունը, որուն յարկի տակ նոյնիսկ եթէ չենք ծնած, սակայն զայն մեր սեփականութիւնը կը համարենք:

Քաղցր ու դառն մեր իրականութիւնն է հայրենիքը, որ ֆիզիքական ցաւի կը նմանի. ինչքան ալ անտանելի ըլլայ, դարձեալ կը հաշտուինք անոր հետ, չկարողանալով ամբողջութեամբ հեռացնել զայն մեր մարմինն: Չմոռնանք, որ հայրենասիրութիւնը անհակակշռելի կիրք է:

Քաղցր ու դառն մեր իրականութիւնն է հայրենիքը, որուն բոլոր փողոցներն ու հրապարակները մեր սեփականութիւնը կը համարենք, իսկ անոր «ժարկոն»ը՝ դժբախտաբար, երբեմն մեր ակադեմական լեզուն կը դարձնենք:

Վերջապէս, մեր դառնութեան բաժակը այնքան չլեցնենք, որ հոսելով վարար գետի վերածուի, ողողելով թշնամիին երկիրը, որովհետեւ եթէ անիկա մեզի համար քաղցր է ու դառն, սակայն մեր թշնամեաց համար յաւիտենապէս ցանկալի է:

Բացուող 2021 տարուան նայինք յոյսի լուսապայծառ աչքերով, որովհետեւ Աստուծոյ օրհնութեամբ եւ Անոր սուրբ Աջին հովանաւորութեամբ անպայման պիտի գայ «հանուր կեանքի արշալոյսը վառ հագած»: Սակայն անմիջական կարիքն ունինք «պոէտներ»ու, «որ չեն պղծել իրենց շրթերն անէծքով», որպէսզի գովեն մեր հայրենիքի «նոր կեանքը, նոր երգերով, նոր խօսքով: Յոյսի՛ հայրենիք, լոյսի՛ հայրենիք, իմ նո՛ր հայրենիք՝ հզօ՛ր Հայաստան»:

ԳՐԻԳՈՐ ԱՐՔ. ՉԻՖԹՃԵԱՆ

Աղբյուր՝ Vaticannews.va

12/01/2021

Լրահոս
Սի՛րտ, ես գլուխս եմ խոնարհում քո դեմ... «Գովք հիմարության» Խաչի ու ցավի մասին Հայտնի թավջութակահար Միշա Մայսկին Երևանում կհնչեցնի Սեն-Սանսի, Բրուխի, Չայկովսկու, Բեթհովենի գործերը «Այլ փրկեա զմեզ ի չարէն» (Մատթ. 6:13) Արցախի ձեռագրական արվեստը՝ Մաշտոցյան Մատենադարանում Հայաստանի Մտավորականների ֆորումը ողջունում է ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի հայտարարությունը Ուրցաձոր Ալ. Սպենդիարյանի 150-ամյակի առիթով կոմպոզիտորի տուն-թանգարանը լուսանկարչական մրցույթ կկազմակերպի «Տետ-ա-տետ». Ֆիլհարմոնիկի երաժիշտները, Անուշ Նիկողոսյանը, «Երևան» քառյակն ու հանդիսատեսը մեկ բեմում «Եւ մի տանիր զմեզ ի փորձութիւն» (Մատթ. 6:13) «Ճիչը» կտավի վերին անկյունում գրությունն արված է հենց Մունկի կողմից Paramount-ի ֆիլմերը թվային հասանելիություն կունենան էկրան բարձրանալուց 30 օր անց (լուսանկարներ, տեսանյութեր) Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին հայտարարությունը Կ. Ստանիսլավսկու թատրոնը թատերաշրջանը կսկսի «Չ՛սեր» ներկայացմամբ Վան Գոգի՝ 6-9 մլն դոլար գնահատված կտավն առաջին անգամ կցուցադրվի հանրությանը, այնուհետև աճուրդի կհանվի (լուսանկարներ) Տարիների հետ․․․ Արագիլները Հեղինակ-կատարող Վիգեն Հովսեփյանը յուրովի է մեկնաբանել Կոմիտասի «Զուլոն» Կույրի բժշկությունը (Մարկ. 10:46-52, Մատթ. 20:29-34,Ղուկ. 18:35-43) Խոստովանության ուժը Մահացել է բանաստեղծ Լոուրենս Ֆեռլինգետտին «Միշտ գրում եմ այնպես, ինչպես կզրուցեմ ինքս ինձ հետ» Լռությունը Ջութակահար Ֆյոդոր Ռուդին և Պետական սիմֆոնիկ նվագախումբ. ծրագրում՝ Վիվալդի, Պիացոլա «Խոնարհում հերոսներին» Սուրբ Թեոդորոս զորավարի հիշատակության օր Պահքի արդիականությանը Հանրային ծառայության մեջ գտնվող անձին վիրավորելու կամ զրպարտելու քրեականացում առաջարկող նախագիծն այդ ձևով ընդունվել չի կարող Շուշիի բոլոր անվանումները՝ հայերեն, թե օտարալեզու, հայկական են «Զայրացկոտ մարդը կռիվ է հարուցում, բայց համբերատարը խաղաղեցնում է այն» (Առակ 15: 18) Հայկական բրենդները միավորվել են հանուն Հայաստանի և Արցախի անտառների վերականգնման Կոմիտասի թանգարան-ինստիտուտը «Հարսանեկան երգեր», «Կոմիտասը և իր ժառանգությունը» գրքերով շնորհավորեց Գրքի տոնը Տաղ հայրենի տան Սիամանթո․ Մենախոսություն Մեկնարկում է Բրիտանական ֆիլմերի փառատոնը «Եթե քո աչքն առողջ է, քո ամբողջ մարմինը լուսավոր կլինի» Թումանյանի թանգարանը բացառիկ գրքերի շնորհանդեսով, հետաքրքիր ծրագրերով կնշի գրողի 152-ամյակը Ո՞րն է Աստծուն հնազանդվելու պատճառը Պատմական մանիպուլյացիա՝ ինչպես միշտ
website by Sargssyan