Ավելի քան 6 մլն լիրա. Բուրսայում հայկական եկեղեցի է վաճառքի հանվել

Ավելի քան 6 մլն լիրա. Բուրսայում հայկական եկեղեցի է վաճառքի հանվել

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈՒՆՎԱՐԻ, Tert.am: Թուրքական Sahibiden.com կայքում վաճառքի է հանվել մասնավոր սեփականության տրամադրության տակ անցած Բուրսայի հայկական եկեղեցիներից մեկը, դրա գինը սահմանվել է 6 միլիոն 300 հազար թուրքական լիրա: Այս մասին տեղեկացնում է «Ակոս» պարբերականը:

Հայտարարության մեջ եկեղեցու անվանումը և հստակ գտնվելու վայրը չի նշվում «առևտրային գաղտնիքի և անձնական տվյալների պաշտպանության» պատրվակով:

Հայտարարության մեջ նշվում է, որ եկեղեցին կարող է օգտագործվել որպես մշակույթի և արվեստի կենտրոն, թանգարան կամ հյուրանոց:

Եկեղեցին, որը կառուցված է եղել տեղի հայ բնակչության համար, բնակչության փոփոխություններից հետո անցել է մասնավոր սեփականության տրամադրության տակ, իսկ 1923 թվականից օգտագործվել է որպես ծխախոտի պահեստ, հետո՝ կարի ֆաբրիկա: Եկեղեցին գտնվում է հայտնի թաղամասում, որը ներառված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցուցակում:

Ռայմոնդ Գևորգյանի և Փոլ Փաբուջյանի «Հայերը Օսմանյան կայսրությունում մինչև 1915 թվականը» գրքի տվյալների համաձայն, 1910-1914 թվականներին Բուրսայի նահանգում, ներառյալ Էսքիշեհիրը, Աֆյոնը և Քյութահիան, ապրում էր 118 992 հայ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում