Նոր գիրք՝ «Անուղեղ մարդը»

Նոր գիրք՝ «Անուղեղ մարդը»

«…Իսկ եթե ժպիտն ու ծիծաղը համարենք կյանքի նշանները, ուրեմն Պարոնյանը մեր լացող ազգին մի նոր կյանք պարգեւեց»։

Լեռ Կամսար

Ինչպես խոստացել էինք, ներկայացնում ենք իրավաբան-երգիծաբան, բանաստեղծ Գրիգոր Մելիք-Սարգսյանի հաջորդ հրատապ «Անուղեղ մարդը» գիրքը։ Ծանուցումից տեղեկանում ենք, որ այն հեղինակի 37-րդ գիրքն է, որ այն վերաբերում է անուղեղ, անխելք անձանց, որոնց կարող են ճիշտ գնահատական տալ լոկ խելացիները, որոնց թվում են ընթերցողները։

Ժողովածուն հեղինակի կենսափորձից ծնված հոգեւոր զավակն է, ժամանակի գնահատանքը։ «Անուղեղ մարդը» գրքի համանուն պատումի սկզբնամասը բնութագրական է. «Կենդանի բոլոր արարածները, այդ թվում՝ մարդը, գլուխներ ունեն, բայց ոչ բոլորի գանգերի մեջ կա բավարար չափով ուղեղ, խելք ու միտք, բանականություն։ Մեկի մոտ կա շատ, շատերի մոտ՝ քիչ, բայց ահա որոշ էակների մոտ դրանք ի ծնե բացակայում են, կամ պիտանի չեն, անգործունակ են…»։

Հեղինակը հաճախ ինքն էլ է հայտնվում տարբեր զավեշտալի իրավիճակներում։ Չափից ավելի գրել, կարդալուց, անչափ ծխելուց հոգնում ու ինքնազգացողությունն է հանկարծ վատանում։ Համապատասխան վարձատրությամբ «Յամեռ»-ի մեջ են պառկեցնում, ուշքի բերում։ Բժիշկն ուզում է ուրախացնել. «Ձեր գլխի ներսում ոչ մի բան չկա»։ Հեղինակ-հերոսը անչափ ապշում է եւ առարկում. «Բժիշկ ջան, ոնց թե ոչ մի բան չկա, բա ես գիտեի, թե այնտեղ ուղեղ կա»։ «Օ՜յ, երեւի ճիշտ չարտահայտվեցի, դրա համար էլ դուք վրդովվեցիք։ Իհարկե, այնտեղ առողջ ուղեղ կա, որի ներսում եւ թաղանթի վրա շատ վտանգավոր «սինդրոմներ» չկան։ Մի քիչ բորբոքված է աչքի «վեստիբուլյար» կենտրոնական ներվը, որի պատճառով խախտվել է նաեւ աչքերի ֆոկուսը եւ արագացած է ձեր սրտի պուլսը»։ «Է՜, բժիշկ ջան, այնքան լավ ու վատ բաներ եմ տեսել ու ներվայնացել…», «Պետք չէ ամեն ինչ սրտին մոտ ընդունել… գուցե բավարար չափով չեք ապահովում ձեր ստամոքսի սննդային սնուցումը»։ «Բժիշկ ջան, գրեթե քառասունհինգ տարի աշխատել եմ որպես քննիչ, դատախազ եւ վերաքննիչ դատարանի դատավոր եւ կերել, խմել եմ գրեթե ամեն օր։ Խոսքը, իհարկե, փողի մասին չէ։ Բայց երբեւիցե տեսե՞լ եք արդյոք մի սոված, «ղամմազ» քննիչ, դատավոր կամ էլ դատախազ»։ «Դե՛, իհարկե՝ ո՛չ»։ «Ուրեմն էլ պետք չէ ուղեղը լարել, առավել եւս, որ շատ-շատերն են ապրում հավայի, անհոգ, անուղեղ։ Մենք ձեզ կբուժենք…, եթե, իհարկե, մեզ վարձատրեք»։ Պայմանավորվում են՝ գումարի կեսը դրամարկղ մուծել, կեսը բժշկի գրպանը խցկել։

 

Նման զավեշտալի իրավիճակներում հայտնվելով՝ պատումի հերոսը այլոց ճանաչելով, ինքնաճանաչում է ձեռք բերում եւ իր ճշմարիտ եսով չեզոքացնում բացասականը, շիտակ, անբռնազբոսիկ խոսքով հսկողության տակ առնում իրավիճակը, այսինքն՝ առանց շահերի լինենք բարի, չհարցնելով ի՞նչ ենք տալու, փոխարենը՝ ինչ վերցնելու։

Գ. Մելիք-Սարգսյանը համակողմանիորեն է խորամուխ եղել աշխարհում տիրած ու տիրող անցուդարձերին, ծանոթ-անծանոթ արհավիրքներին, տիրակալների ոճրագործություններին. «Սրանք հազարավոր ու միլիոնավոր մարդկանց են խեղել, ջարդել, սպանել, քանի որ չունեին ոչ խիղճ ու հոգի, ոչ սիրտ ու ուղեղ, բայց բախտի անմիտ եւ չար հեգնանքով մագլցել են վեր իրենց թայֆայով… Գրեթե ամենուրեք այդպիսիներ կան, որոնք ունեն լոկ մի բան դրական, որ դարձել են մեր ծաղրի առարկան»։

«Անուղեղ մարդը» պատումը շատ է ընդգրկուն, ուստի անցնում ենք հաջորդ պատումին՝ «Խառնաշփոթին», որը ներկայացնում է արտաքին, ներքին, անուղեղ, անմիտ չարագործներին։ Նորը, որոնք հների ճտերն էին. «…Թափահարեցին իրենց թեւերը եւ կչկչացին. մենք ենք ձեր փրկիչները, կվերացնենք տիրող անարդարությունները, կհաստատենք ժողովրդի իշխանությունը եւ կտիրի սերն ու համերաշխությունը, ինչի շնորհիվ կբարելավվի ձեր դրությունը… Սա է մեր մտադրությունը… Կլուծենք նաեւ Արցախի հարցը, կմարենք պատերազմի բռնկման կայծը»։

Սակայն շաբաթը ուրբաթից շուտ եկավ։ Հեղինակը հարցը ուղղում է հասարակությանը. «Ճի՞շտ են, թե՞ սխալ նման ուղիով ընթացողները կամ հակառակը կամեցողները, թող որոշեն մեր ընթերցողները եւ ազատամիտ մտածողները»։ Մելիք-Սարգսյանը հավատարիմ է իր ստեղծագործական դավանանքին. ազատ եւ անկախ մտածողություն, բառախաղային եւ հանգախառն արտահայտչաձեւեր, որոնք ավելի են մեղեդային, տպավորիչ եւ ըմբռնելի դարձնում ասելիքը։

«Երգիծապատում» բաժնում զետեղված են չափածո գործեր։ Իրավաբան-երգիծաբանի դիտակետում են հայտնվել մեր ոխերիմ թշնամիներն ու «կարծեցյալ բարեկամները, հոռի բարքերը, կուսակցությունների խժդժությունները, դիվանագիտական խարդախ դրսեւորումները։

«Քայլարշավներից մինչեւ ընտրարշավ», «Հայաստանի հպարտ քաղաքացիներ», «Առաջադեմ ենք մենք ամեն ինչում», «Դիլետանտը», «Խրտվիլակները կենդանացել են եւ նմանատիպ այլ գործերում մերկացվում են փոքրոգիությունն ու եսասիրությունը, քաղքենիությունը, աթոռակռիվը, ճղճիմությունը, խամաճիկությունը…

«Չափդ իմացիր», «Ազատվենք բեռից, հոգսից ու ցավից», «Անասնապահները եւ ղասաբները, սպանդանոցներն ու իրավապահները» գործերում էլ ծաղրվում են իրենց չափը չճանաչողները՝ տմարդները, խաբեբաները, երեսպաշտները, պատգամավորները, որոնց

«Պետք է տալ բարձր պարգեւ, ռոճիկ,
Քանզի գործում են եւ տալիս տռճիկ…
Որ «Բեռ են դարձել ծերերը
Որբերը, գժերն ու հաշմանդամները…»։

Բաժինն ամփոփենք Հ. Պարոնյանի թեւավոր խոսքով. «Ստորությունն խարխուլ հիմ մը է եւ անոր վրա կառուցված համբավն երկարատեւ չկրնար ըլլալ»։ Գրիգոր Մելիքը դիպուկահար է եւ հաճախ է երգիծանքի փողն ուղղում թագավիրուսի, թուրքավիրուսի, ազերավիրուսի, դրսի եւ ներսի վիրուսների դեմ։ Այդ է վկայում «Վիրուսապատում» բաժինը, քանզի հեղինակին շատ է մտահոգում մարդկանց առողջությունը։ «Կորոնավիրուս», «Կորոնավիրուսի մինուս-պլյուսը», «Անպարտելի ենք», «Հուսադրող լուրեր», «Անցաթուղթ» գործերը դիտարկումներ են, խորհրդածություններ, բացահայտումներ, հորդորներ՝ մեր առջեւ ծառացած ճգնաժամերին դիմակայելու համար։

Արամ Խաչատրյանի «Մասկարադ»՝ «Դիմակահանդես» բալետի ոգով գրված հեղինակի «Դիմակահանդես» գործում ծաղրվում է գառան մորթի հագած ժամանակակից գայլային աշխարհը.

«Եվ «Մասկարադի» հերոսների պես
խաղարկվում են նոր դիմակահանդես,
Կրում են տարբեր գույնի դիմակներ,
Կատարում թե՛ լավ, թե՛ վատ արարքներ…
Սակայն կազատվենք շուտով այդ ցավից,
թե՛ չար գայլերից եւ թե՛ վարակից,
Որ չխաղարկեն մեր գլխին այդպես
Մի նոր ահավոր դիմակահանդես»։

Նմանատիպ գործերի թվին են պատկանում «Վիրուսակիր մրցանակակիրը», «Հրաժեշտի խոսք վիրուսին», «Մի կաթիլ մեղրից ծագած կռիվը եւ չար վիրուսի զոհերի թիվը», «Հեռավար ուսուցում եւ վիրտուալ կյանք», «Ուզես թե չուզես, վարձը կմուծես».

«Է՛, որ չենք կարող վարձերը մուծել,
Ստիպված ենք ձեր հարցերը լուծել,
Եթե մեզ չտաք հաց, ջուր, լույս ու գազ,
Հենց դուք կդառնաք քավության նոխազ»։

«Մեծամիտ անձինք»-ը նորօրյա դրսի եւ ներսի վիրուսներին է վերաբերում, որոնց պատճառով «Աշխուժացավ թուրք ստահակը, //Մեզ պատեց վտանգն ու թշնամանքը…

Ստեղծվել է խայտառակ վիճակ,
Բախվել են իրար սեւ ու սպիտակ,
Իշխողները եւ մարդիկ հպատակ,
Գիտուն ու խելոք, գիժ ու խեղկատակ…»։

Հեղինակը որպես իրավաբան-երգիծաբան դատապարտում, ծաղրում է.
«Գրողի ծոցը թող գնան նրանք,
Ովքեր բերեցին վիշտ ու տառապանք,
Որպեսզի հաշտ ու անվտանգ լինենք,
Ղեկը գթասիրտ մարդկանց պիտի տանք»։

«Վիրուսապատումն» էլ ամփոփենք Սեւակի թեւավոր մտքերով, որոնք համահունչ են գրքի հրատապությանն ու բովանդակությանը։ «Անհնարին վիճակն է միայն ծնում նոր հնար», «Հայրենիքն այն է, որ ոչ թե կորչում, այլ ընդամենը հափշտակվում է»։

Վերջաբանի բնաբանն էլ մարդկանց ականջին օղ անող Նժդեհի հետեւյալ ասույթն է. «Մեր կյանքում ամեն կեղծիք մի գերեզման է ճշմարտության համար»։ Իսկ այսօր սուտն ու կեղծիքն են գործելակերպ դարձել։ 30 տարի «իշխանությունը» ժողովրդի հավատն ու վստահությունն է մսխել ու մսխում է։

Գ. Մելիք-Սարգսյանի «Անուղեղ մարդը» հրատապ գրքի լույս տեսնելը ժամանակի հրամայականն էր։ Այն սպասված էր, հեղինակի անհանգիստ ու պրպտուն մտքի արգասիքն է, մեր անուղեղ երեւույթների տագնապահարույց ծաղրապատկերը։ Նաեւ ծիծաղով… առակներով հաղթենք, որ «Գայլն ու գառը» առակի օրինակով չասեն՝

 

«Էստեղ ինչն է գլխավորը.
Ուժեղի մոտ
Միշտ էլ թույլն է մեղավորը»,

որ հայկական արեւը մայրամուտին իր տեսածից ամոթահար չկարմրի։

Գուրգեն ԼՈՌԵՑԻ

Աղբյուր՝ Aravot.am

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում