«Բանկ օտոման» գործողությունը ժամանակին ցնցել էր ամբողջ Եվրոպան

«Բանկ օտոման» գործողությունը ժամանակին ցնցել էր ամբողջ Եվրոպան

Գրող, գականագետ, թարգմանիչ ԱԼԵՔՍԱՆԴՐ ԹՈՓՉՅԱՆԻ հետ զրուցել ենք նրա՝ «Բանկ Օտոման» վեպի լատվիերեն թարգմանության առիթով։ Սա «Բանկ Օտոմանի» վեցերորդ թարգմանությունն է` ռումիներենից, ֆրանսերենից, ռուսերենից, պարսկերենից և սերբերենից հետո:

– «Բանկ Օտոման»-ը անցած երեսուն տարվա ընթացքում լույս տեսած հայ գրողների գործերից ամենաթարգմանվածն է` ռումիներեն, ֆրանսերեն, ռուսերեն, պարսկերեն, սերբերեն և, վերջապես, լատվիերեն : Ինչո՞վ եք բացատրում այս հաջողությունը : Ի՞նչն է գրավել օտար հրատարակիչներին` գեղարվեստական արժանիքնե՞րը, ժա՞նրը, բովանդակությո՞ւնը, պատմական փաստե՞րը…

– Նախ պատմական փաստերը։ «Բանկ օտոման» գործողությունը ժամանակին ցնցել էր ամբողջ Եվրոպան: Մամուլը ներկայացնում էր որպես ահաբեկչություն, մինչդեռ դա ընդամենը պատասխան արարք էր` ընդդեմ կազմակերպված և հետևողականորեն իրագործվող պետական ահաբեկչության: Սակայն անարխիստների գործողություններից ահուսարսափած Եվրոպան ու Ռուսաստանը փաստորեն չտեսնելու դրին արյունոտ սուլթանի 300.000 զոհերը, և զոհերի հարազատների անխուսափելի հակազդեցությունը դիտարկեցին լոկ ահաբեկչական համատեքստի մեջ: Բնական է, որ այս պատմությունը պիտի ներկայացվեր որպես արկածային վեպ, իսկ գեղարվեստական արժանիքնե՞րը… Ի՞նչ ասեմ, տաշած քարը լավ գիտեք, որ գետնին չի մնում:

– Եթե գաղտնիք չէ, կարո՞ղ եք ասել, թե Ձեր վեպն ինչպես է հայտնվում օտար հրատարակիչների ուշադրության կենտրոնում, Ձեր նախաձեռնությա՞մբ, թարգմանիչների՞, թե՞ այլ կերպ:

– Ե՛վ մեկը, և՛ մյուսը, և՛ «այլ կերպը»: Անշուշտ, վճռական նշանակություն ունեցավ այն փաստը, որ վեպն արդեն թարգմանվել էր ռուսերեն և ֆրանսերեն: Այս վերջին թարգմանության պարագայում նախաձեռնողը հիմնականում լատվիական կողմն էր։ Առիթից օգտվելով ցանկանում եմ իմ երախտագիտությունը հայտնել Լատվիայի հայկական գաղութի լուսավոր դեմքերից մեկին` տաղանդավոր արձակագիր, լրագրող Ալեքսանդր Գերոնյանին, որն արդեն քանի տարի հայկական մշակույթի եռանդուն պրոպագանդիստն է դարձել Ռիգայում: Տպագրում է «Արարատ» թերթը և «Կռունկ» հանդեսը, պարբերաբար կազմակերպում մշակութային զանազան միջոցառումներ, հետևում, որ հայ գրողների ստեղծագործությունները թարգմանվեն և տպագրվեն լատվիական հրատարակություններում: «Բանկ Օտոմանը» լույս է ընծայել լատվիական «Զելտա Ռուդենս պրինտինգ» հրատարակչությունը, թարգմանիչն է Անդրիս Ձենիսը:

– Բնագրի՞ց, թե՞ երկրորդ լեզվից է թարգմանել:

– Երկրորդ լեզվից` ռուսերենից: Սակայն ես դժգոհելու պատճառ չունեմ, քանի որ դա հեղինակազորված թարգմանություն է, Անահիտ Թոփչյանն է թարգմանել, և Մոսկվայում լույս տեսավ առանց մի բառ խմբագրելու, ուստի կարող եմ ասել, որ լիովին համարժեք է բնագրին :

– Աշխարհաքաղաքական իրողությունները, որոնց ականատեսն ենք այսօր, մեզ հուզող բազում հարցերի պատասխանը կարո՞ղ ենք փնտրել այս վեպում:

– Ոչ միայն կարող ենք փնտրել, այլև գտնել, ըստ որում զարմանալի նմանություններ այսօրվա և այն տարիների հետ։ Եվ շարունակ վարագույրից անդին, կուլիսների խորքում տեսնում ենք անգլո սաքսոններին: Այն տարբերությամբ, որ այսօր բրիտանացիներին միացել են ամերիկացիները, և մեջտեղը դարձյալ էներգակիրների խնդիրն է: XIX դարի վերջին Բաղդադն էր, այսօր ավելացավ Իրանը: Եվ ինչպես այն ժամանակ, հիմա էլ ուզում են մեզ` ուրիշի համար կրակից շագանակ հանողի դերը հատկացնել:

– Ձեր վեպն ընթերցելիս, յուրաքանչյուր տեսարանն ասես տեսնեի էկրանին : Լարված, գրավիչ պատում և, ինչպես ասացիք, խիստ արդիական նյութ: Մեր կինեմատոգրաֆիստներն արդյոք չե՞ն հետաքրքվել այս վեպով, Ձեզ հետ չեն բանակցե՞լ։

– Ի՞նչ եք կարծում, այս սերիալային հակագեղագիտական և հակազգային ծրագրերում նման վեպը կարո՞ղ էր տեղ գտնել:

– Եվ մի վերջին հարց. երկա՞ր պիտի սպասենք յոթերորդ թարգմանության հայտնվելուն:

– Հավանաբար ոչ։

Զրուցեց Արմինե ՍԱՐԳՍՅԱՆԸ

Աղբյուր՝ Irates.am

Հետևեք մեզ նաև Telegram-ում