Վիհի եզերքին

Վիհի եզերքին

Ունկնդիր եղա հողմի խենթ երգին,
– Անամոք ցավի սրտմաշո՜ւկ նվագ.
Կանգնած եմ մռայլ վիհի եզերքին,
-Տրտում է հոգիս, հիվանդ ու մենակ…

Անվերջ մի ցավ է իմ սիրտը ճնշում,
– Ես մոռացել եմ արևի ուղին.
Անուրջ օրերի լույսը չեմ հիշում,
– Ինձ ո՞վ է մատնել այս մառախուղին…

Ունկնդիր եղա հողմի խենթ երգին.
– Ես էլ եմ ուզում հեկեկալ անհագ.
Կանգնած եմ մռայլ վիհի եզերքին,
Տրտում է հոգիս, հիվանդ ու մենակ…

Հետևեք մեզ նաև Telegram-ում