Իշխանությունը չի քննարկում գերիների հարցը, որովհետև ի վիճակի չէ․ քաղաքական կամք է պետք․ ի՞նչ է նշանակում՝ հասնել Մոսկվա, հետո հայտարարել` գերիների հարցով չհասանք ոչ մի բանի․ Տ․ Հեքեքյան (տեսանյութ)

Իշխանությունը չի քննարկում գերիների հարցը, որովհետև ի վիճակի չէ․ քաղաքական կամք է պետք․ ի՞նչ է նշանակում՝ հասնել Մոսկվա, հետո հայտարարել` գերիների հարցով չհասանք ոչ մի բանի․ Տ․ Հեքեքյան (տեսանյութ)

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈՒՆՎԱՐԻ, Tert.am: Եթե նույնիսկ անմեղության կանխավարկածի հիմքով ասում ենք՝ մինչև Նիկոլ Փաշինյանի դավաճանությունը չապացուցվի, չասենք դավաճան, բայց ես ուզում եմ ասել՝ երբ մարդը ստանձնում է մի պաշտոն, որից գլուխ չի հանում և քայլեր է գործում միայն իր խելքով կամ միայն 2-3 մերձավորների հետ քննարկելով, ոչ թե բազում մասնագետների հետ, դա էլ է ինձ համար դավաճանություն։ Այս մասին լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Հայաստանի փոքրիկ երգիչներ» երգչախմբի ղեկավար և գլխավոր դիրիժոր Տիգրան Հեքեքյանը՝ անդրադառնալով պատերազմի հանգամանքներին։

«Ճիշտ կլիներ՝ Նիկոլ Փաշինյանն այնքան ուժեղ լիներ, որ ինքն իրեն դատի տար ու փորձեր ապացուցել, որ ինքը ո՛չ դավաճան է, ո՛չ էլ ապաշնորհ։ Չեմ կարծում՝ մարդն այդքան «անթասիբ» կարող է լինել, երևի իսկապես թույլ չեն տալիս՝ գնա։ Մի մարդը կարողացավ մի ամբողջ ազգին, հայ ժողովրդին նսեմացնել, մենք մեզ հիմա փոքրիկ, նվազ ենք զգում, որովհետև մեզ նվաստացրին, և հարցը միայն պարտությունը չէ, այս ամբողջ գործընթացը նսեմ էր, ժողովուրդը մեծ շոկ ապրեց»,-նշեց նա՝ հարց հնչեցնելով, թե ժողովուրդն ինչքան կարող է հավատալ ու հիասթափվել։

«Մենք մեղավոր էինք այնքանով, որ իսկապես հավատում էինք։ Այս ժողովուրդը հավատալու խնդիր ունի։ Մենք ուզեցինք խաբվել։ Այս ժողովուրդը միշտ երկընտրանքի առաջ է կանգնում վատի ու ավելի վատի միջև, չեղավ՝ մի անգամ լինի լավ ու վատ, և սա մեր ողբերգությունն է»,-նշեց Հեքեքյանը՝ հավելելով, թե իշխանություններին միշտ համեմատում են նախորդների հետ, մինչդեռ դա սխալ է։

«Ես չեմ ուզում այսօր վարչապետի աթոռն զբաղեցնողին ու ԱԺ պատգամավորներին համեմատել նախորդների հետ։ Վարչապետը խոստացել էր, որ կգա ու անցումային արդարադատություն կանի, սակայն չարեց։ Դա կոչվում է ռեկետ։ Իրենց որդեգրած քաղաքականությունն այն է, որ ինչ լինում է, ասում են՝ թողեք, աշխատենք»,-ասաց նա

Հեքեքյանի խոսքով՝ կան մարդիկ, որոնք արդարացնում են Նիկոլ Փաշինյանին ու իշխանություններին, որովհետև կատեգորիկ մերժում են նախկին իշխանություններին․ «Հիմա առաջ գնալու ժամանակն է, բայց ինչ ենք անում, որ գնանք առաջ, ոչինչ։ Այսօր իշխանությունը զբաղվում է այնպիսի անհեթեթ գործերով, թվում է, թե 2005 թիվն է։ Կառավարության նիստերին այնպիսի թեմաներից են խոսում, ասես ոչինչ չի եղել»,-ասաց նա։

Անդրադառնալով ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի՝ թուրքական գործակալ լինելու տեղեկություններին, Հեքեքյանն ասաց՝ եթե դա սխալ է, ինչո՞ւ են ինչ-որ անիմաստ բաներ «մեջտեղ գցում», իսկ եթե ճիշտ է, նշանակում է՝ ՀՀ-ն չունի ԱԱԾ։ «Մեզ մոտ հիմա դարձել է բաց դռների օր՝ ինչքան արտաքին գործակալ, հետախույզ ուզում է, մտնում ու դուրս է գալիս»,-նշեց Հեքեքյանը։

Խոսելով գերիների վերադարձի հարցից՝ Հեքեքյանն ասաց, թե իշխանությունները չեն քննարկում գերիների հարցը, որովհետև չեն կարող, ի վիճակի չեն։

«Պետք է քաղաքական կամք ունենալ․ ի՞նչ է նշանակում հասնել Մոսկվա, հետո հայտարարել, որ մենք չհասանք ոչ մի բանի գերիների հարցով․ մեռնեիր, հասնեիր․ ասեիր՝ եկել եմ այն պայմանով, որ գերիների հարցը լուծվի։ Ժողովուրդը պետք է կանգնի կառավարության դիմաց ու ասի՝ պահանջում ենք մեր գերիներին, ոնց ուզում եք, վերադարձրեք»,-նշեց նա։

Հետևեք մեզ նաև Telegram-ում