«Մահվանից կյանք անցավ»

«Մահվանից կյանք անցավ»

– Ցավո՞ւմ է, հա՛յր:

– Իսկ դու ի՞նչ ես կարծում: Եթե մինչ արևածագ չապրեմ, նշանակում է՝ ինձ համար մեծ օրը կգա՝ ո՛չ երեկո կլինի, ո՛չ առավոտ: Արևը թող ձեզ մնա(1):

– Հա՛յր, երբ հոգոր առումով նախապատրաստված մարդու համար գալիս է այս աշխարհից հեռանալու ժամանակը, նա իրեն ինչպե՞ս է զգում:

– Որտեղի՞ց իմանամ:

– Ոչ ոք Ձեզ երբևէ չի՞ ասել:

– «Մահվանից կյանք անցավ»(2),- մի՞թե այսպես ասված չէ: Նշանակում է, որ այս կյանքը մահ է, իսկ մահն անցում է դեպի ճշմարիտ կյանք: Հետևաբար՝ ուրախությամբ դեպի կյանք է գնում:

– Հա՛յր, շատ սրբեր տեսել են հոգին, երբ այն թողնում է մարմինը: Նա ի՞նչ տեսք ունի:

– Երեխաների պես են: Մյուս կյանքում բոլորը հրեշտակակերպ են լինելու՝ ո՛չ տղամարդ, ո՛չ կին, ո՛չ ծեր, ո՛չ մանուկ, բոլորը նույն սեռի ու նույն տարիքի: Դրա համար էլ, երբ որևէ մեկը տեսնում է մարմնից բաժանվող հոգին, այն մանկան կերպարանքով է տեսնում: Դեմքն իրեն բնորոշ գծերով է, բայց ասես երեխայի լինի:

Երբ ես Սուրբ Խաչի խցում էի ապրում, երբեմն այցելում է հայր Ֆիլարետին(3): Նա մի բարեպաշտ ծեր էր, որ հարևանությամբ գտնվող խցում էր ապրում: Նախքան հիվանդանալը, նա տասնհինգ տարի խնամում էր Պարկինսոնի հիվանդությամբ տառապող հայր Բարդուղիմեոսին, որը նրա վանական եղբայրն էր: Երբ ես վերջին անգամ նրա խուցը գնացի, նրան հատակին գտա: Արդեն մի ամիս էր, որ ոչինչ չէր կերել, միայն ջուր էր խմել: Պառկել չէր կարողանում, կոշիկներով էր քնում՝ նստած ու պատին հենված: Հագուստը մարմնին էր կպել, իսկ կոշիկները լրիվ թաց էին, որովհետև ոտքերի վերքերը բացվել էին և արյունաջուր էր հոսում դրանցից: Բայց նա իրեն այնպես էր պահում, ասես ոչինչ էլ չէր եղել: «Սա նույնպես Աստծու օրհնությունն է»,- ասում էր: Ես նրան հատակից բարձրացրի և խնդրեցի, որպեսզի թույլ տա, որ օգնելու համար իրենց խցում գիշերեմ, սակայն նա թույլ չտվեց: Ասաց, որպեսզի հաջորդ օրը գամ: Կեսգիշերին, երբ տերողորմյայով աղոթում էի, մեկ էլ ի՜նչ տեսնեմ: Տեսնեմ հայր Ֆիլարետը լուսավոր դեմքով՝ մոտավորապես տասներկու տարեկանի, երկնային լույսերով դեպի Երկինք է բարձրանում: Եվ հասկացա, որ նա ի Տեր ննջեց:

– Հա՛յր, մահվանից հետո առաջին քառասուն օրը պետք է ավելի շատ աղոթե՞լ ննջեցյալի համար:

– Այո՛, որովհետև հոգին անհանգստանում է՝ չիմանալով, թե իրեն ինչ դատաստան է սպասում:

Մի անգամ այստեղ՝ հյուրատան մոտ մի ծեր կնոջ հանդիպեցի, որն ուզում էր օրհնություն խնդրել ինձանից: Ես նույնպես նրա ձեռքը համբուրեցի, որովհետև Աստծու շնորհը տեսա այդ հոգու մեջ: Շուտով նա միանձնուհի դարձավ: Երբ նա ննջեց, ես այստեղ էի և երկյուղածորեն խոնարհվեցի նրա աճյունին: Դրանից հետո երկու դեպք պատահեց ինձ: Մեկն այստեղ՝ մենաստանում, իսկ մյուսն ինձ մոտ՝ խցում: Առաջինն այդ միանձնուհու վախճանից յոթ օր հետո պատահեց: Ես տեսա նրա հոգին, որն ասես հրեշտակ լիներ, տասներկուամյա աղջնակի տեսք ուներ և ամբողջովին փայլում էր: Երկրորդ անգամ նա երազումս հայտնվեց, երախտագիտությամբ մինչև գետին խոնարհվեց ու շնորհակալություն հայտնեց իր համար արված աղոթքներիս համար: Շատ հուզիչ էր, և ես մեծ ուրախություն էի զգում: Երբ ուզում էի ամսաթիվը նշել, տեսա, որ քառասուն օր է անցել նրա ննջելուց: Այդ հոգին առանձնանում էր մեծ բարությամբ և այժմ էլ չի մոռանում շնորհակալություն հայտնել:

1. Ծերն ասել է 1994թ. հունիսի 28-ին՝ իր ննջումից երկու շաբաթ առաջ:

2. Հովհ. 5:24:

3. Старец Паисий Святогорец. Отцы-святогорцы и святогорские истории. С. 82–85.

Պաիսիոս Աթոսացի

Ռուսերենից թարգմանեց Էմիլիա Ապիցարյանը

Աղբյուր՝ Surbzoravor.am

Հետևեք մեզ նաև Telegram-ում