USD
EUR
RUB

Հանճարեղ դաշնակահարն ու կոմպոզիտորը. հունվարի 22-ն Առնո Բաբաջանյանի ծննդյան օրն է

 

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈՒՆՎԱՐԻ, Tert.am: Մեծանուն կոմպոզիտոր, դաշնակահար, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Առնո Բաբաջանյանի ստեղծագործությունները հնչել և հնչում են ինչպես Հայաստանում, այնպես էլ ամբողջ աշխարհում: Արվեստագետները նրան համարում են հրաշալի ստեղծագործող, նորարար, որը փայլել է և՛ կատարողական արվեստում, և՛ կոմպոզիտորական:

Բաբաջանյանի 100-ամյա հոբելյանի առթիվ «Արմենպրես»-ի թղթակիցը զրուցել է կոմպոզիտոր, ՀՀ ժողովրդական արտիստ Մարտին Վարդազարյանի և կոմպոզիտոր, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, Հայաստանի կոմպոզիտորների միության նախագահ Արամ Սաթյանի հետ:

Մարտին Վարդազարյանի խոսքով՝ հայ երաժշտության մեջ գրեթե բոլոր կոմպոզիտորները, որոնց անունները հիշում են, օրինակ են եղել երաժշտությանը նվիրվածության առումով, անհատականություն են, տաղանդ, չափանիշ, բայց բոլորից առանձնանում է Առնո Բաբաջանյանը:

«Բաբաջանյանը ծնվել է հունվարի 21-ին: Որպեսզի հարևանների մոտ հարց չառաջանա, թե ինչու են Բաբաջանյանները Լենինի մահվան օրը խնջույք անում, կոմպոզիտորի հայրը որդու ծննդյան օրը փոխել է: Փաստացի Բաբաջանյանի ծննդյան օրը տոնվում է հունվարի 22-ին: Նա դեռ փոքր տարիքից ուշադրություն է գրավել ոչ միայն որպես դաշնակահար, այլև որպես անսպասելի լուծումներ գտնող անձնավորություն: Ես երջանկություն եմ ունեցել հանդիպելու թե՛ Բաբաջանյանին, թե՛ Միրզոյանին, որն իմ ուսուցիչն էր, թե՛ Ալեքսանդր Հարությունյանին, թե՛ Ղազարոս Սարյանին և թե՛ Ադամ Խուդոյանին: Երբ ստեղծագործում եմ և ինչ-որ քայլ անելիս չեմ կարողանում գտնել ցանկացածը, մտածում եմ, թե ինչպե՞ս կվարվեր Միրզոյանը, ինչպիսի՞ հարմոնիկ լուծում կտար Բաբաջանյանը և այլն»,-ասել է Վարդազարյանը:

Ըստ կոմպոզիտորի՝ Բաբաջանյանը թե՛ որպես դաշնակահար, թե՛ որպես կոմպոզիտոր օժտված էր, տաղանդավոր: Վարդազարյանը պատմեց, որ Խորհրդային Միության հայտնի դաշնակահար Գիլելսը մի առիթով ասել է, թե դաշնակահարների բախտը բերել է, որ Բաբաջանյանը դարձել է կոմպոզիտոր, հակառակ դեպքում բոլորին կմթագներ իր տաղանդով:

«Բաբաջանյանի ստեղծագործությունները լիարյուն են, լիարժեք հնչողություն ունի նրա դաշնամուրային յուրաքանչյուր ակորդ, էլ չեմ ասում նրա տեխնիկական հնարավորությունները: Բաբաջանյանին կարելի էր անգամ գիշերն արթնացնել ու խնդրել նվագել Ռախմանինովի այս կամ այն պրելյուդը, ու նա կնվագեր: Կարծում եմ՝ հիանալի է «Վաղարշապատի պար»-ը, որպես դաշնամուրային վիրտուոզ ստեղծագործություն: Նրա գործերի մեծ մասը, որոնք գրում էր Մոսկվայում, նախ հնչում էին Հայաստանում, հետո՝ այլ երկրներում: Ե՛վ Սոնատ ջութակի դեպքում էր այդպես, երբ Վալերի Կլիմովն այն նվագեց Երևանում, և՛ Շոստակովիչին նվիրված Երրորդ կվարտետի: Բաբաջանյանի առաջին երգերից մեկը, որի ձայնագրություններին մասնակցել եմ որպես Էստրադային անսամբլի ղեկավար, Ռաիսա Մկրտչյանի կատարմամբ «Мой город» երգն էր: Այն հարցին, թե ինչո՞ւ երգի ձայնագրությունը Մոսկվայում չի իրականացրել, Բաբաջանյանը պատասխանել է, որ ցանկացել է իմանան, որ Հայաստանում էլ կան երգիչներ ու երգչուհիներ, որոնք կարող են բարձր մակարդակով ներկայացնել իր գործերը»,-պատմել է Վարդազարյանը:

Նա ընդգծել է, որ Բաբաջանյանի «Հերոսական բալլադ»-ը շատ և շատ դաշնակահարների երգացանկում պատվավոր տեղ ունի: Կոմպոզիտորը հիշեցրել է, որ Առնո Բաբաջանյանը միութենական մրցույթների ժյուրիի և՛ անդամ էր, և՛ նախագահ: Նրա գործերից մեկը Չայկովսկու մրցույթներից մեկում պարտադիր է դարձել բոլոր կատարողների համար: «Բաբաջանյանը կարճ ժամանակ դասավանդել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում: Նրա ուսանողուհի Ռոզա Թանդիլյանն էլ այսօր կոնսերվատորիայի դաշնամուրային բաժնի լավագույն պրոֆեսորներից է, որի ուսանողները մրցանակների են արժանացել տարբեր միջազգային մրցույթներում: Բաբաջանյանական ուղղությունը դաշնամուրային դպրոցում նույնպես պահպանվում է»,-շեշտել է Մարտին Վարդազարյանն ու հավելել՝ Առնո Բաբաջանյանի հետ հետաքրքիր էր զրուցել բոլոր ոլորտների մասին, հատկապես՝ պոեզիայի, քանի որ նա ժամանակակից պոետների հետ մտերիմ էր, բայց լավագույն երգերից մեկը գրել է Հովհաննես Թումանյանի խոսքերով՝ «Էյ, աստղեր, աստղեր»: «Այդ երգը նույնպես կատարել է Ռաիսա Մկրտչյանը: Ցավալի է, որ Առնո Բաբաջանյանն այսօր մեզ հետ չէ, բայց քանի դեռ հնչում է նրա երաժշտությունը, նա մեզ հետ կլինի»,-եզրափակել է Մարտին Վարդազարյանը:

Արամ Սաթյանի համոզմամբ՝ Բաբաջանյանի արվեստն անսահման է: «Նա հետաքրքիր կոմպոզիտոր էր, նորարարությունների հեղինակ էր, որը ստեղծագործում էր տարբեր ժանրերում: Առնո Բաբաջանյանը մեծ մարդ էր, ես կասեի՝ հանճար»,-նշել է Սաթյանը:

Առնո Բաբաջանյանը ծնվել է 1921 թվականի հունվարի 21-ին: Երեք տարի հետո, երբ իր մահկանացուն է կնքում Վլադիմիր Լենինը, և երկրում սուգ է հայտարարվում, ապագա կոմպոզիտորի հայրը մտածում է երեխայի ծննդյան օրը փոխելու մասին, քանի որ իրենց տանն ամեն տարի տոն կլինի, մինչդեռ երկիրը կսգա բոլշևիկների առաջնորդի մահը: Այսպես տղայի ծննդյան օրը տեղափոխում են հունվարի 22:

Առնո Բաբաջանյանը ծնվել է Երևանում: Իր առաջին երաժշտական ստեղծագործությունը գրել է 9 տարեկանում։ 1938 թվականին մեկնում է Մոսկվա և միանգամից ընդունվում է Գնեսինների անվան երաժշտական քոլեջի վերջին կուրս։ Այն ավարտելուց հետո ընդունվում է Պ. Ի. Չայկովսկու անվան ՄՊԿ ( Բ. Մ. Բեռլինի դաշնամուրի դասարան)։

Նրա տաղանդը Արամ Խաչատրյանը դեռ հինգ տարեկանում նկատելով՝ որոշում է, որ տղան պետք է երաժշտությամբ զբաղվի։ 1929-ին ընդունվել է Երևանի պետական կոնսերվատորիային կից երաժշտական դպրոցը, որն ավարտելուց հետո սովորել է կոնսերվատորիայում։ Հետագայում ուսումը շարունակել է Մոսկվայի կոնսերվատորիայի դաշնամուրի բաժնում՝ միաժամանակ կատարելագործվելով Մոսկվայում գործող Հայաստանի կուլտուրայի տանը կից ստուդիայում։ 1950-1956 թվականներին դասավանդել է Երևանի կոնսերվատորիայում։ 1956-ից ապրել և աշխատել է Մոսկվայում։

Առնո Բաբաջանյանի ստեղծագործական հարուստ ժառանգությունը ներառում է երգեր, գործիքային կատարումներ, սիմֆոնիկ երաժշտություն։ Նա ստեղծագործել է տարբեր ոճերով՝ դասական, փոփ, ջազ։

Բաբաջանյանի ստեղծագործական ոճը ձևավորվել է Արամ Խաչատրյանի և Սերգեյ Ռախմանինովի ազդեցությամբ։ Իսկ նրա ստեղծագործական անհատականությունը դրսևորվել է դաշնամուրի և նվագախմբի համար գրված «Հերոսական բալլադում» և դաշնամուրային տրիոյում։ Լայն ժողովրդականություն վայելող «Հայկական ռապսոդիան» գրել է 1950-ին։ Կոմպոզիտորը մեծ հեղինակություն է վայելել և համագործակցել է պոետ Ռոբերտ Ռոժդեստվենսկու և երգիչ Մուսլիմ Մագոմաևի հետ։ «Առաջին սիրո երգը» և «Երևան»-ը համարվում են որպես հարազատ քաղաքի հիմն։

Կոմպոզիտորի բացառիկ տաղանդը խոր զգացմունքայնությամբ դրսևորվել է նաև նրա երգերում: Հանրահայտ են Բաբաջանյանի «Երկրագնդի լավագույն քաղաքը», «Կամուրջներ», «Գուշակիր ցանկությունս», «Մի շտապիր» և այլ երգեր, որոնք կատարվել են ԽՍՀՄ-ում և արտասահմանում:
Առնո Բաբաջանյանը մահացել է Մոսկվայում 1983 թվականի նոյեմբերի 11-ին։

Լրահոս
Գարունդ հայերեն է գալիս Վահան Տերյան․ Գարնանամուտ «Ոսկե Գլոբուս 2021». հայտնի են «լավագույնի» տիտղոսին արժանացած մրցանակակիրները Պետական ջազ նվագախումբը գարնան առաջին օրը շնորհավորել է Շոպենի նոկտյուրներից մեկի ջազային կատարմամբ Ամեն մեկին բաժին հասած հավատքը «Մարմնավոր խորհուրդը մահ է, իսկ հոգևոր խորհուրդը` կյանք և խաղաղություն» Լույս է տեսել «Հոգևոր երգատեսակները Ջավախքի ժողովրդական ավանդույթում» էլեկտրոնային գիրքը Աշտարակներ, երաժշտական գործիքներ և տարատեսակ այլ առարկաներ. ճապոնացի վարպետն ուշագրավ քանդակներ է կերտում մատիտի միջուկով (լուսանկարներ) Սեր ու լավատեսություն. Գյումրու թատրոնում «Քեյս» ներկայացմամբ մեկնարկում է պրեմիերաների շարքը Սի՛րտ, ես գլուխս եմ խոնարհում քո դեմ... «Գովք հիմարության» Խաչի ու ցավի մասին Հայտնի թավջութակահար Միշա Մայսկին Երևանում կհնչեցնի Սեն-Սանսի, Բրուխի, Չայկովսկու, Բեթհովենի գործերը «Այլ փրկեա զմեզ ի չարէն» (Մատթ. 6:13) Արցախի ձեռագրական արվեստը՝ Մաշտոցյան Մատենադարանում Հայաստանի Մտավորականների ֆորումը ողջունում է ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի հայտարարությունը Ուրցաձոր Ալ. Սպենդիարյանի 150-ամյակի առիթով կոմպոզիտորի տուն-թանգարանը լուսանկարչական մրցույթ կկազմակերպի «Տետ-ա-տետ». Ֆիլհարմոնիկի երաժիշտները, Անուշ Նիկողոսյանը, «Երևան» քառյակն ու հանդիսատեսը մեկ բեմում «Եւ մի տանիր զմեզ ի փորձութիւն» (Մատթ. 6:13) «Ճիչը» կտավի վերին անկյունում գրությունն արված է հենց Մունկի կողմից Paramount-ի ֆիլմերը թվային հասանելիություն կունենան էկրան բարձրանալուց 30 օր անց (լուսանկարներ, տեսանյութեր) Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին հայտարարությունը Կ. Ստանիսլավսկու թատրոնը թատերաշրջանը կսկսի «Չ՛սեր» ներկայացմամբ Վան Գոգի՝ 6-9 մլն դոլար գնահատված կտավն առաջին անգամ կցուցադրվի հանրությանը, այնուհետև աճուրդի կհանվի (լուսանկարներ) Տարիների հետ․․․ Արագիլները Հեղինակ-կատարող Վիգեն Հովսեփյանը յուրովի է մեկնաբանել Կոմիտասի «Զուլոն» Կույրի բժշկությունը (Մարկ. 10:46-52, Մատթ. 20:29-34,Ղուկ. 18:35-43) Խոստովանության ուժը Մահացել է բանաստեղծ Լոուրենս Ֆեռլինգետտին «Միշտ գրում եմ այնպես, ինչպես կզրուցեմ ինքս ինձ հետ» Լռությունը Ջութակահար Ֆյոդոր Ռուդին և Պետական սիմֆոնիկ նվագախումբ. ծրագրում՝ Վիվալդի, Պիացոլա «Խոնարհում հերոսներին» Սուրբ Թեոդորոս զորավարի հիշատակության օր Պահքի արդիականությանը Հանրային ծառայության մեջ գտնվող անձին վիրավորելու կամ զրպարտելու քրեականացում առաջարկող նախագիծն այդ ձևով ընդունվել չի կարող Շուշիի բոլոր անվանումները՝ հայերեն, թե օտարալեզու, հայկական են «Զայրացկոտ մարդը կռիվ է հարուցում, բայց համբերատարը խաղաղեցնում է այն» (Առակ 15: 18)
website by Sargssyan